«Ադրբեջանի այսպիսի կոշտ դիրքորոշումը կբերի բանակցային գործընթացի տապալման, ինչը, հնարավոր է՝ միտումնավոր է արվում». Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, չնայած Իլհամ Ալիևը հրաժարվել էր Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսված եռակողմ հանդիպումից, այնուամենայնիվ, Ֆրանսիան նշել է, որ նախապատրաստվում են կազմակերպել երկրորդ հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև։ Կհամաձայնի՞ Ադրբեջանի ղեկավարն այդ հանդիպմանը մասնակցել և, ըստ ձեզ, ինչո՞ւ է հրաժարվում Մակրոնի միջնորդությունից։

– Պատճառն այն է, որ Ֆրանսիայի նախագահը, իր ազդեցությունն ու հեղինակությունն օգտագործելով, Ադրբեջանին ստիպում է որոշ հարցերում տեղի տալ, օրինակ՝ Պրահայում վերջին հանդիպման ժամանակ Եվրամիության կողմից 40 հոգուց բաղկացած քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելը Հայաստան պայմանավորված էր հենց Մակրոնի գործոնով։ Եթե Մակրոնը չլիներ, վստահ եմ, որ Շառլ Միշելը չէր կարող դրան հասնել, ու սա, բնականաբար, ջղաձգում է Ադրբեջանի ղեկավարին, ու նա չի ցանկանում, որ Մակրոնը մասնակցի այդ հանդիպումներին։

Ինչ վերաբերում է համաձայնելուն, ես կարծում եմ, որ ինչ-որ փուլում նա տեղի կտա ու ստիպված կլինի, որ Մակրոնն էլ մասնակցի իրենց այդ հանդիպումներին։ Ֆրանսիան ամեն ինչ անելու է, որպեսզի իրենք դուրս չմնան այս գործընթացից։

– Սահմանին քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքներն ինչպե՞ս եք գնահատում, եթե նկատի ունենանք, որ անգամ նրանց ներկայության պարագայում ադրբեջանական կողմը գրեթե ամեն օր խախտում է հրադադարը։

– Առաքելությունը դեռ իր գործունեությունը չի ավարտել, բայց, ընդհանուր առմամբ, լավ եմ գնահատում, որովհետև ակնհայտ է, որ առաքելության տեղակայումից հետո մենք զոհ չունենք այս ընթացքում, մեկ կամ երկու վիրավորի դեպք է եղել, ինչը ձեռնտու է մեզ բնականաբար։

Իհարկե իդեալական չէ առաքելության գործունեությունը, բայց միանշանակ է, որ այդ առաքելության ներկայությունը բխում է մեր շահերից, ու այդ երկու ամիսներին սահմանային միջադեպերի թիվը զգալիորեն պակասել է, ու զոհեր կամ վիրավորներ շատ քիչ ենք ունենում։

Պարո՛ն Վարդանյան, արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Արմենպրեսին» տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանից «նախօրեին ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ արված մեր առաջարկությունների պատասխանները։ Այսպիսով՝ քննարկումները շարունակվում են»։ Հույս է հայտնել, որ հնարավորինս շուտ կհասնեն համաձայնության՝ միջնորդ կողմերի ջանքերով։ Ինչո՞ւ հայկական կողմը հստակ չի ասում՝ ի՛նչ առաջարկ է արվել, ու ի՛նչ է պատասխանել Ադրբեջանը։ Միրզոյանի խոսքից կարո՞ղ ենք հետևություն անել, որ առաջարկները մերժվել են։

– Նորմալ է, որ բանակցությունների ամբողջ մանրամասները չեն հրապարակվում, միշտ չէ, որ ամեն ինչ պետք է ամբողջությամբ հրապարակել։ Բանակցային գործընթացը պետք է ունենա որոշակի գաղտնիություն, ինչի համար էլ տրամաբանական է, որ ոչ բոլոր մանրամասներն են հանրության համար հասանելի, սա ամբողջ աշխարհում ընդունված կարգ է։ Իմ կարծիքով՝ խաղաղության պայմանագիրը չի կնքվելու, այդ գործընթացը ձախողվել է, որովհետև այսօր դրա համար առկա բարենպաստ միջավայր չկա։

– Չկա, որովհետև Ադրբեջանի պահանջնե՞րն են շատացել։

– Ադրբեջանը շատ կոշտ դիրքորոշում է որդեգրել, որովհետև կարծում է, որ ամբողջությամբ չի լուծել Արցախի հարցը, իրենք առաջին իսկ հնարավորության դեպքում փորձելու են նաև լուծել այդ հարցը։ Նրանք հրաժարվում են որևէ զիջումից, այդ թվում՝ արցախահայության ինքնորոշման իրավունքը ճանաչելուց։ Բանակցային գործընթացում շատ կոշտ դիրքորոշում են ընդունել՝ հայկական կողմին որևէ շանս չտալով, որ պաշտպանի արցախահայության իրավունքները։ Իսկ այսպիսի կոշտ դիրքորոշումը կբերի բանակցային գործընթացի տապալման։

Ադրբեջանական կողմը միտումնավո՞ր է գնում բանակցային գործընթացի տապալման, պարո՛ն Վարդանյան, որ ռազմական ճանապարհով խնդիրները լուծի։

– Կարծում եմ՝ այո՛, որովհետև իրենք հիմա տեսնում են, որ Ռուսաստանը լուրջ խնդիրներ ունի Ուկրաինայում, իսկ դա իրենց համար լրացուցիչ հնարավորություն է, որ ռազմական ճանապարհով փորձեն հարցը լուծել, իսկ մյուս գործոնը պատերազմից հետո թուլացած Հայաստանն է։ Այս երկու գործոնից ելնելով՝ կոշտ դիրքերից են հանդես գալիս, իրենք դեռ որևէ զիջման չեն գնա։

– Իսկ առաջիկայում ռազմական նոր էսկալացիա կանխատեսո՞ւմ եք։

– Որոշակի միջադեպեր, բախումներ կլինեն, բայց լայնածավալ պատերազմ այս պահին չեմ կանխատեսում, որովհետև սեպտեմբերյան էսկալացիայի վերաբերյալ եղավ միջազգային հանրության կոշտ արձագանքը, իսկ առաջիկայում էլ ձմեռ է, ու եղանակային այս պայմաններում պատերազմելը հեշտ գործ չէ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am