«Պետք է վախենանք մի բանից, որ ուրիշի վարակման պատճառ չդառնանք, այ դրանից կարելի է վախենալ և շատ վախենալ». Լալա Մնացականյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է դերասանուհի Լալա Մնացականյանը

Տիկի՛ն Մնացականյան, Հայաստանում արտակարգ դրության պայմաններին կարծես շատերը չեն ուզում հարմարվել։ Չնայած համապատասխան մարմինների զգուշացումներին, մարդիկ դուրս են գալիս տնից, ոմանք տուգանվում են՝ մեկուսացման կանոնները խախտելու համար։

Ինչո՞ւ են մարդիկ դժվարությամբ համակերպվում ինքնամեկուսացմանը, թե՞ լուրջ չեն վերաբերվում այս վիճակին։

– Մենք հոգեբանորեն պատրաստ չէինք սրան։ Սա մեծ սթրես է, և մեկ-մեկ մարդն ուզում է ինքն իրեն խաբել ու ասել՝ ոչ մի վտանգ չկա։ Նաև վախը կարող է գործոն լինել, մարդը վախից կարող է ասել՝ ես թքած ունեմ ամեն ինչի վրա։ Բայց ես գտնում եմ, որ խուճապն ավելի շատ է, քան իրական վտանգը։ Ասում են՝ ահը վեր է, քան մահը։

Ես հիշում եմ «թռչնագրիպը», «խոզի գրիպը», մահացության դեպքեր էին լինում, բայց հիմա քանի որ խուճապը համընդհանուր է դարձել, խուճապը կանի իր գործը։

Ես գտնում եմ, որ մենք պետք է վախենանք մի բանից, որ ուրիշի վարակման պատճառ չդառնանք։ Ա՛յ դրանից կարելի է վախենալ և շատ վախենալ։ Երբ քեզ հետ է կատարվում, դա այլ է, բայց մի պահ պատկերացրու, որ քո պատճառով ինչ-որ մեկը վարակվել է, ինչպե՞ս կզգաս քեզ։ Ա՛յ սա թույլ չտալու համար պետք է զգուշանալ, խուսափել շատ մարդկանց հետ շփումից։

Վարակն ինչպես եկել է, այնպես էլ կգնա, ուղղակի նաև հոգեբանորեն մարդն ընկճվում է, որովհետև մենք ակամայից հայտնվել ենք մի վիճակում, ուր ոչինչ անել չենք կարող։

Տեսեք, թե ինչն է ամենացավալին՝ քո հարազատի հետ մի բան կարող է լինել, և դու ոչնչով չես կարող օգնել։ Սա մարդու համար շատ ցավալի բան է, մարդը հասկանում է, որ ինքն անկարող է, իրեն չեն էլ թողնում, որ օգնության ձեռք մեկնի, ընտանիքի անդամներին կարող են բաժանել, մեկուսացնել, մեկն իմանա մյուսի վիճակը ծանր է, բայց չկարողանա օգնել։

Ես ավելի շատ անհանգստանում եմ մեր հոգեբանական վիճակի համար, քան այս խուճապի։ Երկիր մոլորակը դուրս կգա այս վիճակից՝ բայց արդեն մեկ ուրիշ որակ ձեռք բերած։

Այս ինքնամեկուսացումը շատ բան է տալու, շատ բան սկսելու ենք իմաստավորել և արժևորել։ Կարծում եմ, որ մենք ավելի բարձր հարթության վրա կհայտնվենք։

– Ավելի՞ ենք իմաստանալու։

– Ես կարծում եմ, որ մենք ավելի հանդուրժող ենք դառնալու և ավելի ներողամիտ ենք լինելու իրար հանդեպ։ Մի քիչ շատ էր մեզ մոտ կուտակվել այդ չարությունը։ Եվ երբ մեկուսանում ես, մնում ես ինքդ քեզ հետ, շատ բաներ սկսում ես իմաստավորել, այլ տեսանկյունից նայել, հոգևոր արժեքները սիրել և գնահատել։

Մեկ-մեկ հեռուստացույց եմ նայում, ալիքը փոխելու ժամանակ, երբ լսում եմ սերիալներում հնչող նախադասությունները, ինձ թվում է՝ նրանք մնացել են շատ հեռավոր մի անցյալում։

Այնքան ծիծաղելի է այդ ամենն ինձ թվում, այդ խնդիրները, վեճերը, ապրումները… Մենք մի ուրիշ դար ենք թևակոխել, իսկ նրանք իրենց պրոբլեմներով մնացել են անցյալում։ 

Կառավարության ջանքերն ինչպե՞ս եք գնահատում այս արտակարգ դրության պայմաններում։

– Պատկերացնո՞ւմ եք, եթե նախկին իշխանությունների օրոք սա լիներ։ Էլի կհայտարարեին, որ հիվանդանոցներում բուժումն անվճար է, բայց պատկերացնո՞ւմ եք, թե ոնց կգռփեին ժողովրդին։ Իսկ հիմա պատկերն այլ է: Ես շատ լավ եմ գնահատում իշխանությունների աշխատանքը։

Դու գիտես, որ քո մեջքին պետություն է կանգնած, ինքը մեզանից զատ չի։ Այս իշխանությունը մտածում է ժողովրդի մասին, գործնական քայլեր է անում այս դժվար վիճակից դուրս գալու համար։

Եթե այս վիճակը մի երկու տարի առաջ լիներ, այդ դիմակները մեզ վրա հատը 20 դոլարով կվաճառեին, սպիրտն էլ՝ կաթիլ-կաթիլ, ստուգման համար էլ ահագին փող կվերցնեին: Աստված երևի մեր երեսին նայեց։

Եվ երբ ես մեկ-մեկ լսում եմ, որ այս իշխանության հասցեին ասում են, թե վատ ու սխալ են աշխատում, զարմանում եմ՝ դուք այս ի՛նչ աստիճանի եք մարդկությունից ու խղճից զրկվել, որ ոչինչ չեք ուզում տեսնել։

Գիտե՞ք ինչ ուշադիր են հիվանդների ու մեկուսացվածների հանդեպ, ես ծանոթներ ունեմ, զանգում ասում են՝ այնքան լավ են նայում ասես բարձրակարգ հանգստյան տանը լինենք։

Նախկինում հյուրանո՞ց էին տրամադրելու հիվանդներին, հիվանդանոցներում իրար գլխի պառկեցնելու էին մարդկանց։ Արտոնյալները փող «կթափեին», ամեն ինչ կունենային, իսկ ի՛նչ կկատարվեր հասարակ ժողովրդի հետ, դա նրանց բացարձակ չէր էլ հուզի։

Գաղտնիք չէ, որ այս իրավիճակով պայմանավորված՝ առաջիկայում մարդկանց սոցիալական վիճակը վատանալու է։ Ինչպե՞ս պետք է դիմակայել սոցիալական խնդիրներին։

– Ես տնտեսագետ չեմ, կարող եմ ընդամենը էմոցիոնալ պատասխան տալ։ Քանի որ մենք շատ սովոր ենք վատ ապրելուն, սրան էլ կդիմանանք։ Մեզ համար դա չի լինի էքստրեմալ վիճակ։

Այն ժողովուրդը, որը շատ էքստրեմալ վիճակներ է տեսել, սրա տակից էլ հանգիստ դուրս կգա։ Եվ ես կուզեմ, որ ինքնամեկուսացումը մեզ տա մի բան, որ հասկանանք՝ մենք ոչ թե պետք է պայքարենք իրար դեմ, այլ ապրենք իրար համար։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am