«Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը հարձակման է ենթարկվել «ՔՊ»-ի համակրի կողմից

Սեպտեմբերի 6-ին «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդը հարձակման է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր, Երևանի թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից։Այս մասին տեղեկանում ենք «Ականատես» դիտորդական առաքելության էջից։

Հերթական շրջայցի ընթացքում դիտորդն այցելել է Կենտրոն վարչական շրջանի Ռուսթավելի 17 հասցե՝ ընտրողների ցուցակների ճշգրտության ստուգման նպատակով։ Նույն փողոցի վրա է գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը։ Դիտորդը լուսանկարել է նաև շտաբը, դրա շրջակայքում առկա քարոզչական նյութերը։ Աշխատանքի ընթացքում դիտորդին է մոտեցել թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ԺՊ Սոֆիկ Կարապետյանը, ասելով, որ դիտորդն իրավունք չունի լուսանկարել «իրենց շտաբը» կամ հարցեր տալ հասցեների հետ կապված։ Կինը վեճի է բռնվել դիտորդի հետ, խոչընդոտել լուսանկարահանմանը, խլել դիտորդի՝ ԿԸՀ կողմից տրամադրված վկայականը։ 

Կնոջը միացել են ևս երկու անձիք (ենթադրաբար շտաբի աշխատակիցներ), փորձել վեճի բռնվել, վիրավորել դիտորդին:

Ականատեսը հաղորդում կներկայացնի իրավապահ մարմիններին՝ դիտորդական առաքելության իրավունքների խոչընդոտման դեպքով։