Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի հիմնանորոգված դիահերձարանն արդեն շահագործվում է

Հեղինակ MediaLab

Հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել միջազգային չափանիշներին համապատասխան հատուկ վտանգավոր վարակների ժամանակ դիահերձումները կազմակերպելու համար նախատեսված Հայաստանի Հանրապետությունում առաջին դիահերձարանը: ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» Կոտայքի մարզային բաժնի դիահերձարանի շենքն այժմ հագեցված է ժամանակակից սարքավորումներով։ Այն բաղկացած է երկու առանձին դիասրահից` համապատասխանաբար երեք և մեկ սեկցիոն սեղաններով, որոնցից մեկը նախատեսված է հատուկ վտանգավոր վարակներից, այդ թվում կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների` դատաբժշկական փորձաքնության նպատակով դիահերձման համար։

Դիասրահներն ունեն առանձնացված մուտքեր, իրար հետ կապ չունեցող օդափոխման համակարգեր, ինֆեկցիոն սրահը հագեցած է բարձր ուղղորդված ճնշման տակ գործող օդամղիչ և օդահեռացման համակարգով, հատուկ ինֆեկցիոն դիասեղանով և HEPA ֆիլտրներով։

Դիահերձարանի շենքը դիակների ընդունման համար ունի երկու առանձին մուտք, էլեկտրական ամբարձիչներով երկու առանձին բազմախցիկային սառնարանային համակարգ` վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններից մահացած անձանց դիակների պահման նպատակով, ինչպես նաև առանձին մուտք քաղաքացիների և անձնակազմի համար։

Նշենք, որ բժշկական անձնակազմի աշխատասենյակները մեկուսացված են դիահերձարանից։

Դիակների ճանաչումը կազմակերպվում է հատուկ համակարգի միջոցով՝ տեսախցիկների և հեռավար կապի օգնությամբ։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։