Չեմ կարող պատասխանել White Shorja-ն ՇՄԱԳ անցե՞լ է, պայմանագիր կնքե՞լ է, թե՞ ոչ, մեր ժամանակ ես չեմ հիշում նման բան. «Սևան» ազգային պարկ»-ի նախկին տնօրեն

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վարդան Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, վերջին օրերին լայն հանրային քննարկման առարկա են դարձել Սևանա լիճն ու նրա ափերի հետ կապված հարցերը: Հայտնի է, որ Սևանում լողափ վարձակալելու համար անհրաժեշտ տարածքը պետք է միջգերատեսչական մրցույթով տրամադրվի: Արդյոք այդ ընթացակարգը տեղի՞ է ունեցել White Shorja լողափի դեպքում: 

– «Սևան» ազգային պարկի տարածքում կան նաև մարդկանց պատկանող սեփականության իրավունքներ, որոնք ձեռք են բերվել օրինական կարգով, համապետական սեփականաշնորհման ժամանակ: Կան սեփականության իրավունքներ, երբ մեկից մյուսին են փոխանցվել: Օրինակները բազմազան են: 

Մյուս կողմից, որ հարցնում եք White Shorja-ի մասին, «Սևան» ազգային պարկի գործառույթն էլ չէ մարդու ձեռնարկատիրական գործունեությունը: Այսինքն՝ կա «Սևան» ազգային պարկի հետ վարձակալության պայմանագիր, որի պայմանները պետք է պահպանել, այդ թվում՝ բնապահպանական և այլն: 

Իսկ ձեռնարկատիրական գործունեությունը քաղաքացիաիրավական հարաբերություններ են: Այսինքն՝ ես կարող եմ լինել վարձակալը և տարածքը ենթավարձակալության տալ մեկ այլ անձի կամ իրավունք վերապահել իմ տարածքում որոշակի գործունեություն ծավալել: Դա ազգային պարկի գործառույթ չէ: 

– Ամեն դեպքում տեսանյութ կա, որում երևում է, որ այդ ափին հսկայական շինարարական աշխատանքներ են կատարվել: Եթե թույլտվություն չի եղել, ինչպե՞ս են հաջողացրել դրանք իրականացնել, ի՞նչ մեխանիզմներ են գործել:

– Ես իմ պաշտոնավարման ժամանակաշրջանի մասին կարող եմ ասել, որ ցանկացած տիպի խախտում արձանագրվել և համապատասխան ընթացք է տրվել: Կապ չունի՝ ապօրինի շինարարություն է, ինքնակամ շինարարություն է, բնապահպանական խախտում է և այլն: 

– Կոնկրետ White Shorja-ն միջգերատեսչական մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվե՞լ է ժամանակին: 

– Իմ հիշելով՝ նման վարձակալ չենք ունեցել: Ընդհանուր առմամբ, վարձակալները շատ են, այսպես մտաբերել չեմ կարող:

– Ուղղակի հետաքրքիր է, ՇՄԱԳ անցե՞լ է ինքը, թե ՞ոչ, պայմանագիր կնքվե՞լ է, թե՞ ոչ:

– Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Ճիշտ կլինի այդ հարցով դիմել հենց «Սևան» ազգային պարկի իրավասու աշխատողներին: Մեր ժամանակ ես չեմ հիշում նման բան: 

– Ասում են, որ White Shorja-ն Հայկ Սարգսյանին է պատկանում: Ձեզ նման տեղեկություն հայտնի՞ է:

– Եթե նման բան էլ կա, ինձ համար տարբերություն չի եղել, թե ինքն ով է: 

– Իսկ ինչո՞ւ ձեզ աշխատանքից հեռացրին, կամ հեռացաք:

– Պայմանագիրը կնքված է եղել 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետն ավարտվել է, գործատուն ցանկություն չի ունեցել պայմանագիրը երկարաձգելու: Իսկ թե ինչո՛ւ՝ պետք է նրանց հարցնել: Իմ պայմանագրի ժամկետը եղել է մինչև հունիսի 30-ը: Իմ պաշտոնավարման ընթացքում չեմ ունեցել որևէ նկատողություն, ոչ զգուշացում, ոչ էլ պարտականությունների կատարման թերացման դեպք է եղել:

Մանե Հարությունյան

MediaLab.am