Խորհրդարանում տիրող անդաստիարակ մթնոլորտը ամբողջ հանրապետությունում է տիրում, ինչն աղետալի հետևանքների է բերել. Կոստանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը 

– Տիկի՛ն Կոստանյան, խորհրդարանում արդեն սովորական են դարձել միմյանց վիրավորելը, հրմշտելը, բայց երեկ փոխադարձ հայհոյանքներ հնչեցին: Ինչո՞վ եք բացատրում այս ամենը, պատգամավորների նման վարքը մնում է խորհրդարանի ներսո՞ւմ, թե՞ նաև խորհրդարանի պատերից դուրս է գալիս:

– Վերջից գամ, իհարկե դուրս է գալիս խորհրդարանի պատերից, մի հետաքրքիր զուգադիպությամբ ականատես եղանք Մերձավանի դպրոցի խայտառակ վիճակին: Դա բացարձակ պատահական չէ, դա հենց այն անդաստիարակ մթնոլորտի հետևանքն է, որը տիրում է Հայաստանի խորհրդարանում՝ սկսած վարչապետից: Եթե վարչապետն իրեն թույլ է տալիս կիրառել այն բառամթերքը, որը կիրառում է խորհրդարանում՝ պետության թիվ մեկ ամբիոնից, ի՞նչ կարող ենք սպասել ուսուցիչներից կամ երեխաներից առավելևս, որոնք սպիտակ թուղթ են, ու այդ սպիտակ թղթի վրա ինչ ասես կարող ենք գրել: 

Բնականաբար, տեսնում են խոսքի այդ սանձարձակությունը, այս դեպքում ափսոս է «ազատություն» բառը կիրառել, բնականաբար, այդ նույնն ընդօրինակում են ու իրենց թույլ են տալիս դրսևորվել այդպես ամենատարբեր տեղերում: Այսինքն՝ ամբողջ հանրապետությունով այդ անդաստիարակ մթնոլորտը աղետալի հետևանքների է մեզ բերել: Այս մարդիկ, որոնք օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ են, թույլ են տալիս նման վարքագիծ, ինչպե՞ս կարող են նորմալ օրենք գրել, նրանց գրած օրենքն ի՞նչ ազդեցություն պետք է ունենա հասարակության վրա, ինչպիսին իրենք են, նույնը իրենց գրած օրենքներն են լինելու:

Սա ուղղակի աղետ է ու շատ ավելի վատ հետևանքներ է ունենալու, դրա համար այս ԱԺ-ն օր առաջ պետք է որևէ կերպ արձակվի, չգիտեմ՝ հանրային ճնշմամբ՝ հասարակության ադեկվատ մնացած շերտի կողմից, կամ ընդդիմադիրների պահանջով, չնայած հույսերս մեծ չեն, որ այդ անելու կամք կդրսևորեն: 

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ ենք անընդմեջ խորհրդարանում նույն տեսարանների ականատես լինում ՝ տարբեր նրբերանգներով, բայց բուն ձևը նույնն է:

– Երբ քեզ պրոցեսներից դուրս ես դնում, այդ խճանկարն ավելի պարզ է երևում. երևում են խորհրդարանում նույնիսկ բաժանված ընդդիմություն ու ընդդիմության մի թևի նկատմամբ իշխանության սլաքների ուղղում, այսինքն՝ դեմոնիզացված ընդդիմադիր թև, որն իշխանությունն իր համար սարքել է թիվ մեկ թիրախ ու գուցե արտաքին, գուցե մոտալուտ գործընթացներից ուշադրությունը շեղելու նպատակով, գուցե իրենց վարկանիշը պահելու համար հիշեցնում են երկրորդ նախագահին, դրանով սնուցում հասարակությանը, որ, ա՛յ, տեսեք, հեսա թալանը բերելու ենք, դուք էլ դրանով կերակրվելու եք: 

Նայեք՝ դրսում ինչ է կատարվում՝ աշխարհաքաղաքական խառը իրավիճակ, տարածաշրջանը պայթյունավտանգ վիճակում է, ոչ մի ճակատում Հայաստանը նորմալ հարաբերություններ չունի, գործընկերային հարաբերություններ չկան, ռազմավարական դաշնակիցներ առավելևս չեն ուրվագծվում, ու այս խնդիրներից ուշադրություն շեղելու տարբերակն այս հեղհեղուկ պետության մեջ ի՞նչն է, բնականաբար նախկինների թեման ակտուալ պահելը:

– Նույն Ռոբերտ Քոչարյանի մասով, կարծում եք՝ հասարակության շրջանում հարց չի՞ առաջանում, եթե իշխանական պատգամավորները երկրորդ նախագահին բացահայտ մեղադրում են հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի, ծեծելով մարդ սպանելու համար, ինչո՞ւ այդ մարդը օրենքով չի պատժվում, եթե կան այդ հստակ փաստերը, որոնցով իշխանության ներկայացուցիչները ըստ էության մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին:

– Հենց դա է խնդիրը: 2018-ից մինչ օրս այս իշխանությունը սնուցում է ամբողջ ժողովրդին, թե նրանք թալանչի են, հանցագործ: Եղբա՛յր, թալանչի են, բռնեք, 2018-ից մաշվեցին մեր ականջները ձեր նույն երգը լսելով: Այդքան լծակներ ունեք, դատարանները ձևափոխելով ձեր ուզած ձևով, ձեզ հարմար օրենքներ գրելով էլի չեք կարողանում պատասխանատվության ենթարկել, ուրեմն կա երկու տարբերակ. կա՛մ դուք այն մարդիկ չեք, որ պետք է կրի իշխանություն ու ունենա իշխանություն, որը շատ ակնհայտ է, կա՛մ այս կեղծ միֆերը հորինվել են, որ տասնամյակներ շարունակ սնուցեն այս հասարակությանը, որ այս մարդիկ կարողանան իշխանության գալ: 

Այսօր, երբ նայում ենք խորհրդարանի իշխանական թևի պատգամավորների շրջանում մարդկանց, որոնք 90-ականներից ակտորներ են եղել, սկզբում՝ որպես ընդդիմություն, իսկ հիմա՝ որպես իշխանություն, մենք կարող ենք վստահ ասել, որ այս տասնամյակների կեղծ միֆերը տասնամյակներ աշխատեցրել են, որ այսօր իշխանություն ունենան, բայց մի բան հաշվի չեն առել՝ արդյոք իրենք ա՞յն մարդիկ են, որ կարող են որպես իշխանություն այդ միֆերն ապացուցել, փաստը մնում է փաստ, որ չեն կարողանում, հետևաբար գալիս ենք համոզման, որ այդ փուչիկը պայթել է, դիմակները պատռված են:

– Ըստ ձեզ,  այս կերպ իշխանությունը չի՞ կարող այլևս հասարակությանը համախմբել իր շուրջը, տիկի՛ն Կոստանյան:

– Ես կարծում եմ, որ այդ ֆեյք կոնսոլիդացիան մենք տեսնում ենք միայն սոցցանցերում, մասնավորապես, տիկտոկներում ու Ֆեյսբուքում, դրանից դուրս իշխանության շուրջ կոնսոլիդացիա չկա: Առավելագույնը, որ կարող են անել, վարչական ռեսուրսը բիրտ ձևով պարտադրելն է, բայց այդ նույն ռեսուրսն էլ մարդիկ են, չէ՞, որ ինչքան էլ լռեն, միևնույն է, մի օր ըմբոստանալու են: Ցանկացած իշխանություն օգտագործում է այդ ռեսուրսը, բայց մի օր այդ ռեսուրսը շրջվում է հենց իր դեմ, նույնը լինելու է այս իշխանության դեպքում:

– Իսկ խորհրդարանական ընդդիմությունն ունի՞ աջակցություն:

– Շատ դժվար է գնահատել՝ արդյոք այս ընդդիմությունն ունի այն նույն աջակցությունը, ինչ ուներ 2021-ին: 21-ին ուներ իշխանությանը շատ լուրջ հակակշռելու ներուժ, բայց տեսանք, որ հակակշռեց այնքանով, ինչքանով խորհրդարանում լինելու ձայներ ստացավ: 

Կարծում եմ, ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունն իր ձայները վատնել է, ու դժվար է ասել` արդյոք կկարողանա՞ համազգային ըմբոստություն ձևավորել ընդդեմ իշխանության, եթե իհարկե չհայտնվեն նոր ուժեր, նոր դեմքեր, որոնք կառաջարկեն հեռանկարային նոր ծրագրեր՝ ոչ միայն իշխանությունից ազատվելու, այլ նաև պետությունը այս վիճակից դուրս բերելու համար: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am