«Քանի որ չկան լուրջ փոփոխություններ, հետևաբար Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո լրացուցիչ հայտարարության անհրաժեշտություն չի եղել». Ռոբերտ Ղևոնդյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, Պուտին-Փաշինյան հանդիպումը, ինֆորմացիայի առումով, այս անգամ շատ սահմանափա՞կ չէր, գրեթե ոչինչ չասվեց քննարկված հարցերի մասին։

– Դա կարող է խոսել մի բանի մասին, որ կան պայմանավորվածություններ, ընթացիկ աշխատանքներ, որոնք ամենևին էլ պարտադիր չեն հանրությանը հասանելի դարձնել։

Չեմ կարծում, թե կան լուրջ գաղտնիքներ, որոնք կարող են մեծ փոփոխությունների բերել, ամենայն հավանականությամբ, հանդիպումն ընթացիկ հարցերի վերաբերյալ է եղել, որոնց մասին նախկինում հաղորդագրություններ տրվել էին, որոշակիորեն տեղյակ ենք եղել։ Քանի որ չկան լուրջ փոփոխություններ, հետևաբար անհրաժեշտութուն չի եղել լրացուցիչ հայտարարության։

– Հանդիպումից առաջ հայտարարել էին, որ քննարկելու են եռակողմ հայտարարությունների կետերի կատարման ընթացքը, բայց հայտնի է, որ Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում։ Այսինքն՝ այս առումո՞վ էլ, կարծում եք, նորություն չկա, որ հայտարարություն չեղավ։

– Այո՛, ամենայն հավանականությամբ, քննարկումներն ընթացել են նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի պայմանավորվածությունների շրջանակներում, ու այդ գործընթացների վերաբերյալ որևէ փոփոխություն չկա, այդ իսկ պատճառով ղեկավարները հայտարարություն չեն արել։

Հասկանալի է, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները, գուցե Հայաստանի վարչապետն էլ խոսել է այդ մասին Պուտինի հետ։ Այսինքն՝ եղել են ընթացիկ հարցերի վերաբերյալ քննարկումներ, որոնց մասին տարբեր մակարդակներում խոսում են տարբեր փորձագետներ։

– Պարո՛ն Ղևոնդյան, իսկ այս հանդիպումից հետո, կարծում եք, որևէ առաջընթաց կլինի՞ Ադրբեջանի գործողություններում, այդ երկիրն իր պարտավորությունները կկատարի՞։

– Չեմ կարծում, թե դա կախված է այդ երկու երկրի ղեկավարների քննարկումներից ու ցանկություններից, դա կապված է տարբեր գործոնների ու բաղադրիչների հետ, իսկ առաջընթացի համար պետք է այդ բաղադրիչների ու գործողությունների մեջ փոփոխություններ մտցվեն՝ Հայաստանի կամ Ռուսաստանի ջանքերով։

– Կարծում եք՝ 3+3 ձևաչափի մասին խոսե՞լ են։

– Չեմ կարող ասել, բայց այդ ձևաչափին ի սկզբանե դեմ էին Վրաստանն ու Հայաստանը, և, կարծում եմ, այստեղ Հայաստանն լուրջ անելիքներ ունի, որպեսզի այդ ձևաչափը չկայանա, որովհետև անհրաժեշտ է տարածաշրջանային խնդիրները լուծել ավելի բազմաբևեռ մոտեցումների միջոցով, իսկ 3+3 ձևաչափը նշանակում է տարածաշրջանի փաստացի փակում, ինչը բացարձակ ձեռնտու չէ Հայաստանին։

– Իսկ երեք երկրի հոգևոր առաջնորդների հանդիպումն ինչ-որ առումով կարո՞ղ է գործընթացներում փոփոխություն մտցնել։

– Չեմ կարծում, թե այդ հանդիպումը որևէ լուրջ նշանակություն կարող է ունենալ, առավելևս, երբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը ոչ միանշանակ հայտարարություններով հանդես եկավ ու մշտապես էլ աչքի է ընկել հայատյացության քարոզով։

Այստեղ ընդամենը կարող ենք խոսել բարոյական կողմի մասին, գուցե որոշակի չափով դա ազդեցություն ունենա այդ հարթությունում, բայց ռեալ գործընթացների վրա ազդեցությունը զրոյական կգնահատեի։

– Պարո՛ն Ղևոնդյան, ընդհանուր առմամբ, հայ-ռուսական հարաբերություններն այս պահին ինչպե՞ս եք գնահատում։

– Չեմ կարծում, թե լուրջ խնդիրներ կան, ամենայն հավանականությամբ, այս երկու երկիրը շարժվում է նախապես պլանավորված ու միմյանց համար ընդունելի օրակարգով։

Կողմերը պետք է աշխատեն ամեն մեկն իր շահերի տիրույթում ու փորձեն այդ համատեքստում համագործակցել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am