Ինչու՞ է չեղարկվել Արցախ-Ադրբեջան հանդիպումը. այս մասին  Արցախում խոստանում են խոսել «առաջիկայում»

Լուսանկարը՝ Ալեքսանդր Պատրին

Բաքվից աղբյուրները  հաստատել են՝ Ադրբեջանը հրաժարվել է Արցախի հետ Բրատիսլավայում բանակցությունների մասնակցել, մինչդեռ Արցախում այս մասին նախընտրում են լռել: 

«Թույլ տվեք այդ մասով որևէ բան այս պահին չասել»,- ի պատասխան հանդիպման մասին «Մեդիալաբի» հարցին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

Տեղեկացնենք, որ Թուրան գործակալությունը, վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին, հայտնում է, որ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են հանդիպումից։ Նշվում է, որ Ադրբեջանը նախկինում երկու անգամ Արցախի ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու՝ «վերաինտեգրման շուրջ երկխոսության», սակայն Ստեփանակերտը մերժել է։ Դրանից հետո Ալիևը հայտարարել էր, որ այլևս բանակցությունների հրավեր չի լինելու։

Ըստ տարբեր հրապարակումների, վաղը՝ օգոստոսի 1-ին նախատեսված է եղել հանդիպում Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որից, սակայն Ադրբեջանը հրաժարվել է՝ առանց պատճառաբանության: Պաշտոնական Արցախն այս ու առաջիկայում նախատեսված հանդիպումների, քննարկվող օրակարգի վերաբերյալ հարցերին պատասխանում է շատ կարճ՝ առանց մեկնաբանության:

«Առաջիկա օրերին նախագահը պատրաստվում է հարցազրույցի, ու վերջին օրերի բոլոր հարցերին ինքը պատասխանելու է: Հարցազրույցը լինելու է Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում»,- ասաց Լուսինե Ավանեսյանը, հավելելով, որ մինչ այդ որևէ մեկնաբանություն ինքը չի տալու: 

Հավելենք, որ այս հանդիպման մասին այսօր խոսեց նաև Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպական միության միջնորդությամբ ֆորմատը փոխվեց, և վաղը Բրատիսլավայում պետք է տեղի ունենար հանդիպում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, սակայն երեկ չէ առաջին օրն Ադրբեջանը հրաժարվել է այդ հանդիպումից առանց պատճառաբանության»,- ասել է Պետրոսյանը:

Ադրբեջանական կողմի նման վարքագիծն ակնհայտ ու բնավ էլ զարմանալի չէ պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի համար:

«Ադրբեջանական մամուլի ամենօրյա մոնիթորինգն այդ մասին է վկայում, նրանք ամեն ինչ անելու են, որ միջազգային մեխանիզմով որևէ երկխոսություն տեղի չունենա: Այդ համատեքստում առաջարկել են Աղդամով «հումանիտար օգնության» գաղափարը, որպեսզի փորձեն դրանով փակել Լաչինի միջանցքի ապաշրջափակման թեման ու ամբողջական կախվածության մեջ դնել Արցախն Ադրբեջանից՝ դրանով իսկ բացառելով միջազգային որևէ ներգրավվածություն այդ գործընթացում»,- «Մեդիալաբին» ասում է Տաթևիկ Հայրապետյանն ու ընդգծում, որ նաև սրանով է Ադրբեջանը փորձում իրականացնել Արցախը «կուլ տալու» գործընթացը, որպեսզի ամբողջությամբ չեղարկեն միջազգային մեխանիզմներով բանակցության թեման: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am