Համակարգի դիմադրությունն ու նախկին իշխանության օրոք նշանակվածները. տեսանյութ. Factor.am

Ամբողջ պետական համակարգը դիմադրում է․ դեկտեմբերի 12-ին կառավարության նիստում նման հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոստանալով, որ կջարդի այդ դիմադրությունը։

Հեղափոխությունից ավելի քան մեկուկես տարի անց երկրի ղեկավարի այս հայտարարությունն ուշագրավ է այն համատեքստում, որ հենց նրա կողմից կարևոր պաշտոնների են նշանակվել անձինք, որանք նախկին իշխանությունների օրոք նշանակալի դերակատարություն են ունեցել։

Այդ շարքում հիշատակելի են Սյունիքի մարզպետ, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, Երևան քաղաքի փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած և հեղափոխությունից հետո ոստիկանապետ դարձած Վալերի Օսիպյանը, Շիրակի նախկին մարզպետ, ներկայումս ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախկին փոխնախարար, ներկայում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան և հետհեղափոխական Հայաստանի արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը, նախկին իշխանության օրոք թվանկարիչ որակված, ապա հեղափոխությունից հետո վերանշանակված Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը, Ֆինանսների նախկին նախարար, Փաշինյանի կողմից ՊԵԿ նախագահ նշանակված Դավիթ Անանյանը, Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ և հեղափոխական կառավարությունում Ֆինանսների նախարար դարձած Ատոմ Ջանջուղազյանը և այլք։

Արդյոք այս պաշտոնյաները ևս Նիկոլ Փաշինյանի նշած՝ հեղափոխությանը ներսից դիմադրող շրջանակներում են, թե՞ ոչ՝ լավագույնս կարող է գնահատել ինքը՝ վարչապետը, ելնելով նրանց աշխատանքից։

Նրանցից բացի, սակայն, կան մի շարք այլ պաշտոնյաներ, որոնք ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հիմա ղեկավարում են առանցքային կառույցներ․ ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո անհրաժեշտություն չի տեսել վերանայել նրանց հետագա պաշտոնավարման հարցը։

Այդ ցանկում են Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը, Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում: