Արևմտյան օղակաձև ճանապարհի Չաուշ-Շերամ հատվածն ասֆալտապատվում է. տեսանյութ

Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքները շարունակվում են: Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

Այս պահին ասֆալտապատող տեխնիկան կենտրոնացած է Չաուշի փողոցից մինչև Շերամ ընկած հատվածում: Ճանապարհի այս՝ 4.5 կմ-ում ասֆալտի վերջին շերտն է փռվում:

Աշխատանքին ներգրավված է 15 միավոր հատուկ տեխնիկա:

Ներկայումս տեղադրվում են LED տիպի լուսադիոդային լամպեր:

Ճանապարհահատվածի տակ գտնվող հաղորդուղիները տեղափոխված են: Նշենք, որ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի ֆինանսավորմամբ կառուցվող այս երկու ճանապարհահատվածներն անընդհատ երթևեկությամբ կապ կհաստատեն Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև:

Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն: Նոր ճանապարհահատվածն իրար կկապի մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը: