Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսիի ելույթը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում

Հանձնաժողովի մեծարգո նախագահ,  սենատոր Մենենդեզ և հարգարժան հանձնաժողովականներ, ինձ համար պատիվ է այսօր կանգնել ձեր առաջ որպես նախագահ Թրամփի կողմից առաջադրված թեկնածու Հայաստանում Միացյալ Նահանգների հաջորդ դեսպանի պաշտոնը զբաղեցնելու համար: Շնորհակալ եմ Նախագահին և պետքարտուղար Պոմպեոյին իմ հանդեպ ունեցած վստահության համար: Հաստատվելու դեպքում՝ ես սերտորեն կաշխատեմ Հանձնաժողովի և բոլոր կոնգրեսականների հետ ԱՄՆ շահերը Հայաստանում ներկայացնելու և ժողովրդավարության Միացյալ Նահանգների համար նվիրական արժեքներն ու իդեալները առաջ մղելու ուղղությամբ:

Ուրախ եմ, որ այսօր ինձ հետ այստեղ է նաև իմ մայրը՝ Քերոլ Սյու Թրեյսին և քույրս՝ Անիտա Ջեփսկին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ինչպես նաև Անիտայի ամուսնուն՝ Արթուր Ջեփսկիին, քրոջս՝ Մերի Լու Քարթերին և նրա ամուսնուն՝ Դոնալդ Քարթերին և իմ տատին՝ Իզաբել Պոնտիուսին, ովքեր այսօր չկարողացան գալ այստեղ: Առանձնահատուկ ուզում եմ հիշել կյանքից վերջերս հեռացած հորս՝ Ալբերտ Թրեյսիին, ով ուժ ու կորովի, քաջալերանքի  մշտական աղբյուր էր ինձ համար: Հանրային ծառայության 24 տարիների ընթացքում ու նաև որոշ դժվարին ու վտանգավոր առաքելությունների իրականացման ժամանակ նրանց աջակցությունն իրապես շատ բան է նշանակել ինձ համար:

Հայաստանի մասով մեր քաղաքականության հիմնական նպատակը շարունակում է մնալ նույնը. մենք ցանկանում ենք տեսնել իր հարևանների հետ խաղաղ գոյակցող ինքնիշխան, ժողովրդավար և բարեկեցիկ Հայաստան: Լինելով աշխարհագրական ու մշակութային քառուղիներում՝ Հայաստանը մշտապես հավասարակշռել է մրցակցող շահերը, և մենք շարունակում ենք փաստել, որ մեր հանձնառությունը ինքնիշխան Հայաստանն է, որն ազատ է իր գործընկերների ընտրության հարցում:

Այս տարի ապրիլ և մայիս ամիսներին հարյուր-հազարավոր մարդիկ Հայաստանում ոտքի կանգնեցին՝ վճռականորեն, սակայն առանց բռնության պատասխան պահանջելու երկրի իշխանություններից: Շատերի նման, ես էլ սրտապնդվեցի, երբ տեսա իշխանության խաղաղ փոխանցումը: Առջևում Հայաստանին դեռ շատ անելիքներ են սպասում, որպեսզի այս վերջին վեց ամիսների ձեռքբերումները կարողանա ամրապնդել ու ամուր հիմքերի վրա դնել: Հաստատվելու դեպքում՝ ես կշարունակեմ նախորդ դեսպան Ռիչարդ Միլսի կարկառուն աշխատանքը՝ աջակցելու հայ ժողովրդի հավակնությունների կենսագործմանը, որոնք միտված են  հաշվետու կառավարման համակարգի, անարդարացի ու մենաշնորհային գործելակերպերից զերծ ազատ տնտեսության, մարդու իրավունքների ու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի, անկախ դատական համակարգի վրա խարսխված իրավունքի գերակայության ապահովմանը և կառավարման համակարգի ձևավորմանը, որն ունի զսպումների ու հակակշիռների կուռ համակարգ:

Մենք երախտապարտ ենք Կոնգրեսին ցուցաբերված աջակցության համար, որը մնայուն ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացման և ժողովրդավարայնացման ճանապարհին՝ օժանդակելով հակակոռուպցիոն նախաձեռնություններին, քաղաքացիական հասարակությանը, անկախ լրատվական դաշտին, մասնավոր հատվածի արդյունավետությանը, տարածաշրջանային ինտեգրմանը և բացասական ազդեցությունների հակազդմանը: Ես գիտակցում եմ, որ սրանք ամերիկյան հարկատուների վաստակած միջոցներ են և ամեն մի դոլարը պետք է արդյունավետորեն օգտագործվի՝ ի նպաստ ամերիկյան նպատակների և առաջնահերթությունների:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մեծապես կարևորվում է Հայաստանի և Հարավային Կովկասի առավել անվտանգ ու բարեկեցիկ ապագայի համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգները ջանում է օգնել կողմերին՝ հասնելու խաղաղ բանակցային կարգավորման, որը հիմքում կլինեն ՄԱԿ-ի խարտիայի և Հելսինկյան եզրափակիչ ակտի  սկզբունքները, դրանք են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքնորոշման իրավունք: Հաստատվելու դեպքում՝ ես կաջակցեմ այս նպատակի ուղղությամբ Վարչակազմի կողմից ձեռնարկվող քայլերին:

Հանձնաժողովի մեծարգո նախագահ, 1915թ. սարսափազդու դեպքերը՝ Մեծ Եղեռնը, որի ժամանակ 1.5 միլիոն հայեր դարձել են տեղահանությունների, կոտորածների ու մահվան երթերի զոհեր, երբևէ չի կարող մոռացվել: Ինչպես Հայկական հիշատակի օրվա ուղերձում նշել էր նախագահ Թրամփը՝ հարգանքի տուրք մատուցելով տառապյալներին՝ մենք պետք է ամեն ինչ անենք թույլ չտալու, որ նման վայրագությունները երբևէ կրկնվեն: Հաստատվելու դեպքում՝ իմ լիազորությունների սահմանում ես ամեն ինչ կանեմ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը վառ պահելու և  այդ ծանրակշիռ հանձնառությանը հետամուտ լինելու համար:

Մենք պետք է առաջ նայենք՝ դեպի ապագա և նոր հնարավորություններ Հայաստանի հաջորդ սերնդի համար: Թուրքիայի հետ հաշտեցման ուղղությամբ առաջընթացը կօգնի կրճատել Հայաստանի մեկուսացումը և թափ հաղորդել երկրի տնտեսությանը: Այս նպատակով մենք քաջալերում ենք, որ Թուրքիան ու Հայաստանը ընդունեն և առերեսվեն անցյալի ցավալի տարրերին: Հաստատվելու դեպքում՝ ես իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ կանեմ աջակցելու առավել խաղաղ ու արդյունավետ հարաբերություններ կերտելու Հայաստանի և Թուրքիայի ջանքերին:

Հայաստանը կայուն ու հուսալի գործընկեր է բազմաթիվ ճակատներում. Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի գործողություններում ներգրավված են 161 հայ զինծառայողներ և Հայաստանը շռայլորեն իր հարկի տակ ընդունել է սիրիացի փախստականների: Երեք տարի առաջ Հայաստանը և Միացյալ Նահանգները ստորագրեցին Առևտրի ու ներդրումների մասին շրջանակային համաձայնագիր, և 2017թ. մենք արձանագրել ենք հայ-ամերիկյան առևտրի ծավալների զգալի ավելացում, ինչպես նաև մի շարք խոշոր ամերիկյան ներդրումներ: Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանի տնտեսության աճին, հատկապես՝ ծաղկում ապրող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին և մեծացնել Հայաստանի տնտեսական բազմազանությունը և խորացնել կապերը միջազգային շուկաներում:

Մեր երկրների քաղաքացիների միջև շփումներին ուղղված նախաձեռնությունները, այդ թվում ճանաչողական ու փորձի փոխանակման ծրագրերը շարունակում են լինել մեր հարաբերությունների հենասյուներից մեկը և վերջին 5 տարիների ընթացքում տարեկան կտրվածով Հայաստանից շուրջ 450 ուսանողներ ու մասնագետներ առիթ են ունեցել լինել ՄԻացյալ Նահանգներում: Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կապերի խորացման հարցում իր ակտիվ դերակատարումն ունի ամերիկահայ սփյուռքը: Հաստատվելու դեպքում՝ ես ամեն ինչ կանեմ, պարոն նախագահ, հայ-ամերիկյան գործընկերությունը խորացնելու ու ամրապնդելու համար:

Եվ ի վերջո, որպես բազմաթիվ թեժ կետերում ծառայած անձնավորություն, իմ ուշադրության կենտրոնում կլինեն անվտանգության և ապահովության հարցերը: Հաստատվելու դեպքում՝ ԱՄՆ քաղաքացիների, դեսպանության մեր տաղանդաշատ աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների անվտանգությունն ու ապահովությունը ինձ համար կլինեն առաջնահերթ խնդիր:

Հանձնաժողովի մեծարգո նախագահ, շնորհակալ եմ Հանձնաժողովի առաջ հանդես գալու պատվին արժանացնելու և իմ թեկնածությունը դիտարկելու համար: Պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին: