«Հետք»-ի փորձաքննությունը «լուրջ կասկածներ է հարուցում». «Աշտարակ կաթ»-ի արձագանքը

Մարտի 15-ին «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էինք տեղական արտադրության 10 ընկերության կաթնաշոռների փորձաքննության արդյունքները։  Փորձաքննությամբ պարզվել էր, որ  10 նմուշից միայն 2-ն են համապատասխանել սահմանված նորմերին։ 

5-րդ համարի տակ փորձաքննության էր ներկայացվել «Արբան» ՍՊԸ արտադրության «Աշտարակ կաթ»-ի կաթնաշոռը, որը նույնպես չէր համապատասխանում սահմանաված նորմերին. կաթնաշոռում կար աղիքային ցուպիկ, բորբոսասնկերը գերազանցում էին նորման 6 անգամ` 300 ԳԱՄ/գ, բացի այդ, առկա էին մեծաքանակ խմորասնկեր (խմորասնկերի քանակն այնքան շատ է, որ այլևս չեն հաշվում)։

Այսօր ընկերությունն արձագանքել է «Հետք»-ի հրապարակմանը. պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

Հարգելի սպառողներ, անդրադարձ կատարելով Հետք կայքում 15.03.2023թ-ին «Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և բորբոսասնկեր. կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում խախտում չկա» վերտառությամբ հրապարակված հոդվածին «Աշտարակ կաթ» ընկերությունը ցանկանում է տեղեկանցել ձեզ, որ մեր ընկերությունը հավատարիմ մնալով տասնյակ տարիների ընթացքում ձեռք բերված բարի համբավին, պատասխանատվությանը, ամենօրյա ռեժիմով և ամենայն ուշադրությամբ հետևում է իր արտադրանքի բարձր որակի ապահովմանը: Յուրաքանչյուր խմբաքանակ անցնում է փուլային լաբորատոր հետազոտություններ Ընկերության լաբորատորիայում: Բացի այդ Ընկերությունը համագործակցում է պետության կողմից հավատարմագրված այլ լաբորատորորիաների հետ Ընկերության կողմից արտադրվող ապրանքների պլանային ստուգումների եղանակով:

Ցանկանում ենք նաև մեր սպառողների ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ մեր ընկերության լաբորատորիան Հայաստանում կաթնամթերք արտադրողների շրջանում առաջատարներից է, իր մասնագիտական հմտություններով: Եվս մեկ անգամ տեղեկացնենք, որ արտադրատեսակներից որևէ մեկում չնչին թերությունների առկայության դեպքում տվյալ խմբաքանակը ոչնչացվում է:

«Հետք»-ի կողմից կատարված նմուշառումները, դրանց պահպանումը և հանձնումը մասնագիտական փորձաքննության ընկերության մոտ հարուցում են լուրջ կասկածներ: Անհասկանալի է` ինչ կարգով է կատարվել նմուշառումը, երբ է գնվել ապրանքը, քանի օր և ինչ պայմաններում է այն պահպանվել «Հետք»-ում, դրանք մինչև փորձաքննության հանձնումը, ինչ կարգով է այն հանձնվել փորձաքննության, արդյո՞ք նմուշառումը կատատելիս պահպանել են բոլոր նորմերը:

Վերոնշյալ տեղեկությունները ստանալու համար մեր ընկերությունը կդիմի «Հետք»-ին և «Ստանդարտ Դիալոգ»-ին, որից հետո հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ: Սիրելի սպառող, մենք բարձր ենք գնահատում, և պատասխանատվությամբ ենք մոտենում մեր ապրանքանիշների բարձր որակի ապահովմանը և Ձեր առողջությանը:

Սիրով` «Աշտարակ կաթ» թիմ