Եթե ընդդիմությունը խրամատավորվի, ԱԺ-ում նրանց հետ նորմալ աշխատել հնարավոր չի լինի․ Հասմիկ Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը 

– Տիկի՛ն Հակոբյան, վաղը նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստն է, ու ամենաքննարկվող հարցը նիստին Վեհափառի ներկայության հարցն է: Վեհափառ հայրապետին հրավիրելո՞ւ եք, եթե ոչ, ապա ո՞վ է փոխարինելու նրան:

– Անկեղծ ասած, հարցի հասցեատերը ես չեմ, դա թերևս խորհրդարանի նախագահի ու աշխատակազմի տիրույթում գտնվող հարց է, որովհետև ես չեմ տիրապետում այդ հարցին, բայց գիտեմ, որ դա իմպերատիվ պահանջ չէ, դա հնարավորություն է, որովհետև գրված է՝ «կարող է ելույթով հանդես գալ»: Մամուլում շատ վերնագրեր ու ենթադրություններ եմ տեսել այդ թեմայի շուրջ, բայց որևէ քննարկում ֆրակցիայում չի եղել, ու տեղյակ չեմ՝ ինչ է լինելու: 

– Ինչպե՞ս եք պատկերացնում աշխատանքը արդեն նոր ընդդիմության հետ:

– Ինչպես նախորդ գումարման ժամանակ, այնպես էլ այս անգամ՝ որպես իշխանություն ձեռք ենք մեկնելու համատեղ աշխատանքի համար, որովհետև մեր քաղաքացիները այսպիսի խորհրդարան են տեսել ու պատվիրակել են նման համամասնությամբ միասին աշխատել: Ես տեսնում եմ տարբեր մեկնաբանություններ ընդդիմության կողմից, ու որ նրանք նորից գալիս են խրամատավորվելու, այսինքն՝ մեզ վերաբերվում են որպես իրենց թշնամու: Մենք ունենք նման ընդդիմության փորձառություն, ու մեզ համար դժվար չի լինի աշխատել նաև հաջորդ հինգ տարում: 

– Տիկի՛ն Հակոբյան, աշխատանքը կառուցողակա՞ն է լինելու, թե՞ լինելու է այն, ինչ հանրությունն արդեն տեսել է նախորդ խորհրդարանում:

– Մեր հանրությանը ձեռնտու է, որ մենք աշխատենք կառուցողական, դրանից մեր հանրությունը միայն կշահի, բայց քանի որ ընդդիմությունը ապոկալիպտիկ արձանագրումներով է մտել ընտրապայքարի մեջ ու ասել, որ Հայաստանը կկործանվի, Ցեղասպանության հուշահամալիրը կդառնա այլ վայր և այլն, նրանց համար էլ դժվար է հիմա մտնել կառուցողական դաշտ, որովհետև նրանց ընտրողներն էլ հարց կտան՝ եթե Հայաստանը գոյություն չի ունենա, ինչպես դուք եք ասել, մենք էլ ձեզ ձայն ենք տվել, հարգելի ընդդիմադիրներ, այդ ո՞նց եք հիմա գնում ու ինչ-որ օրենք քննարկում:

Այսինքն՝ նրանք այնպիսի նշաձող են սահմանել, որից շեղվելը նրանց համար դժվար է, բայց էլի եմ ասում, եթե նորմալ աշխատեն, անիմաստ է նրանց երեսով տալ, բայց սկզբի համար իրենք պետք է պատասխան տան նախորդիվ իրենց հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ:

– Նկատի ունեք, որ ամեն բան կախված է ընդդիմությունի՞ց: 

– Այո, մենք նորմալ աշխատելու ենք, ու ամեն ինչ կախված կլինի ընդդիմադիրների դիրքորոշումից, եթե խրամատավորվելու են, ապա հնարավոր չէ նրանց հետ նորմալ աշխատել: Բայց անհնար է, որ իրենք չառերեսվեն իրենց հնչեցրած այն բոլոր գնահատականներին, որով խաբել են քաղաքացիներին: 

– Տիկի՛ն Հակոբյան, ընդդիմադիրները հետընտրական շրջանում իշխանության քաղաքականությունը ռեպրեսիոն են համարում, նշելով, որ այդ կերպ փորձում եք լռեցնել ընդդիմադիր խոսքը, վախի մթնոլորտ տարածել հանրապետությունում: Ինչո՞ւ եք նման քաղաքականություն որդեգրել, ինչպե՞ս եք վերաբերվում տեղի ունեցող ձերբակալություններին:

– Նախ պետք է հասկանալ, թե մենք ո՛ւմ ենք ուղղակի այդ ձևով լռեցրել: Ցանկացած մարդու հետ կապված դուք կտեսնեք հստակ մեղադրանքի կասկածանք, որը պետք է գնա դատարան ու դառնա մեղադրական եզրակացություն, կամ այդ մարդն արդարացվի: Դուք նաև տեսել եք, որ նախորդիվ եղել նաև արդարացման դեպքեր: 

Եթե ռեպրեսիվ մեքենա է գործում, ապա ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը մինչև հիմա կարողացել առաջադրվել որպես վարչապետի թեկնածու ու արդեն երկրորդ անգամ ունի իր ֆրակցիան խորհրդարանում, եթե ռեպրեսիվ մեքենա է, ապա ինչպե՛ս է Կալուգայից եկած օլիգարխը ամենամեծ ընդդիմադիր ուժը դարձել խորհրդարանում:

Եթե ռեպրեսիվ այդ մեքենան է, ապա ինչպե՞ս է Հայաստանում ամենաշատ լրատվամիջոցները պատկանում ընդդիմադիրներին, զավեշտալի է նաև, որ ամեն օր այդ լրատվամիջոցներ են գնում ընդդիմադիրներ, ամենավերջին գնահատականներն են հնչեցնում իշխանության հասցեին ու ասում են, որ ռեպրեսիաներ են, խոսքի ազատություն չկա:

Հետևաբար նման գնահատականները չափազանցված են, եթե ուզում էին, որ արդարադատությունը իրենց դռանը չչոքեր, ապա պետք է ընտրակաշառքներ չբաժանեին, ինչի ապացույցները բոլորս ենք տեսել՝ օրինական արված ձայնագրությունների տեսքով, ինձ համար նաև հիմք են այդ մարդկանց ինքնախոստովանական ցուցմունքները: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am