Սև կարիճի խայթոցն ամենավտանգավորն է. Առողջապահության նախարարության խորհուրդները

Սև կարիճի խայթոցն ամենավտանգավորն է. Առողջապահության նախարարության խորհուրդները
Սև կարիճի խայթոցն ամենավտանգավորն է. Առողջապահության նախարարության խորհուրդները

Հայաստանում հանդիպում են կարմիր, դեղին ու սև կարիճներ: Ամեն տարի գրանցվում են կարիճի խայթոցի դեպքեր, հիմնականում՝ դեղին կարիճի: Այս տարի արձանագրվել է կարիճի խայթոցի 125 դեպք, մասնավորապես` Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում:

Կարիճի խայթոցից թունավորման բարդության աստիճանը կախված է կարիճի թույնի խտությունից: Կարիճների մեծ մասի խայթոցի դեպքում միայն թույլ ռեակցիա է առաջանում, ինչպես լինում է մեղվի խայթոցի ժամանակ:

Դեղին և կարմիր կարիճների թույնը վտանգավոր չէ կյանքի համար:

Սև կարիճի խայթոցն ամենավտանգավորն է, որի դեպքում տուժածի մոտ նկատվում է՝

. խայթոցի տեղում ուժգնացող, այրող բնույթի ցավ
. մաշկի կարմրություն և այտուց, երբեմն առաջանում են այրվածքին բնորոշ բշտեր,
. ախտահարված մասում թմրածության զարգացում
. ցնցումներ, որոնք կարող են լինել որևէ մկանի կամ ամբողջ մարմնի հատվածում
. որովայնի շրջանում ցավեր, սրտխառնոց և փսխում
. գլխապտույտ
. արտահայտված թքահոսություն
. սրտխփոց
. գլխացավ։        

Կարիճի խայթոցի դեպքում անհրաժեշտ է տուժողին անհապաղ հիվանդանոց հասցնել, իսկ մինչ այդ՝

. տուժածին պառկեցնել ու ապահովել վնասված վերջույթի անշարժությունը
. վնասված հատվածը մաքրել սպիրտով, հակասեպտիկ վիրակապ դնել վերքի մեջ վտանգավոր մանրէների ներթափանցումը կանխելու նպատակով
. ցավը մեղմելու և այտուցը վերացնելու համար վրան սառույց դնել
. անկախ տուժածի վիճակից՝ պետք է լինել բժշկի հսկողության տակ:

Հիշեցնենք, որ կարիճները միտումնավոր չեն գրոհում մարդու վրա, սակայն պատահական շփումը կարող է խայթոցով ավարտվել: Դրանք հաճախ թափանցում են տներ: Ցերեկը թաքնվում են ճեղքերում, իսկ գիշերը դուրս են գալիս, մտնում կոշիկի, հագուստի ու նույնիսկ անկողնային պարագաների մեջ: Ուստի, ցանկալի է առավոտյան թափ տալ կոշիկն ու հագուստը, որը պատրաստվում եք հագնել, զննել սրբիչներն ու անկողնային պարագաները: Տունը, որտեղ կարիճներ են նկատվել, պետք է հնարավորության դեպքում նորոգել, փակել կարիճների ներթափանցման բոլոր ուղիները, բակից հավաքել, վերացնել աղբը, քարերն ու փայտը:

ՀՀ Առողջապահության նախարարություն