«Պատրաստվում եմ «խելոք դատվել»». Ֆեյսբուքյան գրառումը՝ մեղադրանքի առիթ

Լրագրող, հրապարակախոս Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան գրառման համար հայտնվել է իրավապահների թիրախում: Օրերս իրավապահ մարմինների մի խումբ աշխատակիցներ մտել են լրագրողի տուն, պահանջել բացատրություններ գրառման համար ու կանչել ոստիկանություն:

Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու համար հիմք է հանդիսացել դեկտեմբերի 14-ին նրա ֆեյսբուքյան գրառումը՝ «Ի նշան բողոքի՝ պետք է հրապարակի տոնածառը վառել»։ Քննչական մարմինը գրառման մեջ բռնության կոչ է նկատել:

Վարույթ հարուցելու հիմքում ընկած է հետևյալ բացատրությունը. «Գևորգ Էմին-Տերյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ունենալով շուրջ 10 հազար հետևորդ՝ իր էջում անձի կամ անձանց նկատմամբ այլ հայացքներով պայմանավորված անհանդուրժողականություն հրահրելու ու քարոզելու նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ հրապարակային խոսք է տարածել, որին հավանություն են տվել ֆեյսբուքյան շուրջ 84 օգտատեր»:

Լրագրողի նկատմամբ քրեական վարույթը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»:

Ինքը՝ Էմին-Տերյանը, իր նկատմամբ քրեական վարույթը քաղաքական հետապնդում է համարում: Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածն էլ, որի հիման վրա հարուցվել է վարույթը, նրա խոսքով, այդ մասին հուշում է:

«Գրածս իրականում երկիմաստություն ունի: Նախ՝ հումորային շերտ ունի, ու մեծ մասը հենց այդպես էլ հասկացել է, երկրորդ՝ իմաստային որոշակիության խնդիր կա, ասենք՝ կարելի է հասկանալ լույսերը վառելու իմաստով»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Էմին-Տերյանը:

Այդուհանդերձ, նա տարօրինակ է համարում առաջադրված մեղադրանքը, որը, նրա համոզմամբ, բացարձակ կապ չունի իր գրառման ու դրա ենթատեքստի հետ:

«Դա ի՞նչ կապ ունի իմ գրածի հետ, ի՞նչ խումբ մարդիկ, ի՞նչ են ուզում: Կարծես վաղուց այդ մեղադրանքը մտածած լինեն ու ավտոմատ այս գրառման վրա կիրառեն»,- փորձում է բացատրություն գտնել Գևորգ Էմին-Տերյանը:

Հարցին, թե, այդուհանդերձ, ինչո՞ւ է համարում, որ նախաձեռնված քրեական վարույթը քաղաքական հետապնդում է, հրապարակախոսը հստակ պատասխան չունի:

«Ճիշտն ասած՝ չեմ կարող ասել, որովհետև ես մի առանձնահատուկ դեմք չեմ: Գուցե մեկի ներվերի վրա ազդում եմ, գուցե նախազգուշացնում են, վատություն են անում, բայց ես քաղաքական գործիչ չեմ, միանշանակ, իսկ սա քաղաքական հետապնդում է, ինչը շատ տարօրինակ է»,- նշում է նա:

Ի՞նչ է պատրաստվում անել հարցին արձագանքում է. «Ոչ մի արտառոց բան, խելոք դատվել, մինչև հասկանամ, թե ինչ է ուզում ինձնից պետությունը»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am