«Վարչապետը շանտաժ է անում». Հրանտ Բագրատյանը` կենսաթոշակային եւ թոշակների մասին

«Վարչապետը շանտաժ է անում». Հրանտ Բագրատյանը` կենսաթոշակային եւ թոշակների մասին
«Վարչապետը շանտաժ է անում». Հրանտ Բագրատյանը` կենսաթոշակային եւ թոշակների մասին
Հեղինակ MediaLab

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է այսօր տարեկան համաժողովի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը եւ անդրադարձ կատարել Հայաստանում կենսաթոշակներին եւ առնչվող հարցերին: Բագրատյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: 

«Այսօր փետրվարի 21-ին կենսաթոշակային երրորդ տարեկան համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել է, թե կենսաթոշակների հարցը մենք ո՞նց ենք լուծելու, եթե երկիրը ծերացող է։ Սա ցինիկ սուտ է։ Փորձում է հասարակությունը խաբելով «փրկել» այս անիմաստ կուտակայինը և իրեն։

Ի՞նչու է սուտ։

Առաջին, եթե մենք նույնիսկ կուտակայինի չանցնենք, ապա այսօրվա մեր սերունդների համերաշխության համակարգը (հետայսու անվանենք պետական) թերզարգացած է և լուրջ բեռ չէ մեր տնտեսության և հասարակության գլխին։

Մեր կենսաթոշակային հիմնադրամի ծախսը կազմում է ՀՆԱ սոսկ 5 տոկոսը։ Եվրոպայում (Ֆրանսիա), ՌԴ-ում, Բելառուսում կամ Ուկրաինայում այն կազմում է 10-15%։

Ինչո՞ւ։

Թոշակները Հայաստանում ցածր են։

Այսօր միջին թոշակը մեզ մոտ կազմում է միջին աշխատավարձի 23%-ը։ Ուկրաինայում այն 45%-ն, ՌԴում՝ 1/3-ը, ԵՄ-ում՝ 45 տոկոսը։ Մենք դեռ մի 30 տարի աճելու տեղ ունենք։ Այլ հարց է, որ անցյալ տարվանից այս վարչապետի նախաձեռնությամբ միասնական եկամտահարկի կիրառումը վաղ թե ուշ վերացնելու է պետական կենսաթոշակային համակարգը։

Երկրորդ, երբեք պետք չէ անբարեխիղճ ձևով չափազանցնել և նույնացնել կյանքի միջին տևողության (ԿՄՏ) աճը և ծերացումը։

Գրագետ մարդը պետք է հասկանա, որ դրանք տարբեր բաներ են։

Երբ որ աճում է ԿՄՏ-ն մարդը կարող է երիտասարդանալ նաև։ Օրինակ, վերջին 50 տարում ԵՄ-ում ԿՄՏ-ն ավելացել է 14 տարով։ Եթե 50 տարի առաջ երիտասարդ էին համարվում մինչև 36 տարեկան մարդիկ, ապա այսօր՝ 50։ Դրան համապատասխան սահուն ձևով ավելացնում են կենսաթոշակային տարիքը։

Նորվեգիա 67, Գերմանիա 65-67, Իսլանդիա 67, Իռլանդիա 65-66, Ճապոնիա 65 և այլն։ Մեզ մոտ ներկայումս կենսաթոշակային տարիքը 63 է։ Այն բարձրանալու է։ Ի դեպ ԿՄՏ-ի ճիշտ և ժամանակին (չափազանցություններն անթույլատրելի են) բարձրացումը թույլ է տալիս երկարացնել ԿՄՏ-ն։

Մարդը երբ աշխատում է, ապրելու մոտիվացիան երկարում է։ Խոսքն իհարկե չի վերաբերում, ասենք, 80 ամյա մարդկանց։

Անկախ Հայաստանում ապրում են 74 տարի։

Այս ցուցանիշով մենք լավագույնն ենք տարածաշրջանում և ավել ենք, քան Հայկական ԽՍՀ։ ՌԴ-ում կամ Ուկրաինայում ԿՄՏ 68-69 տարի է, կենսաթոշակային տարիքը՝ 55-60 (Ուկրաինայում նոր-նոր են աստիճանաբար բարձրացնում)։ Այնպես որ, սրանից մի 15 տարի առաջ մեր կողմից կենսաթոշակային տարիքը մինչև 63 բարձրացնելն է հանգեցրել է ԿՄՏ աճին Հայաստանում։

Երրորդ, վարչապետը շանտաժ է անում։ Ասում է, մեր կուտակայինը եթե չլինի անթոշակ կմնաք։ Մենք, «դեմ եմ» շարժումը ոչ թե կուտակայինին ենք եմ (կուտակայինը վարչապետի գաղափարը չէ, շատ կուսակցություններ իրենց ծրագրերում դա ներ էին առել դեռևս 15 տարի առաջ իսկ որոշ հիմնարկ-ձեռնարկություն AIG-ի հետ բանակցում էին դեռ 2000թ), այլ այս ձևի կուտակայինին. երբ փողը վերցնում են 45 տարով (այլ ոչ թե 10 տարով, ինչպես երկրների մեծ մասում), երբ փողերի կեսը դուրս է տարվում, երբ հասկանալի չէ, թե 45 տարի հետո ի՞նչ փողով ենք ետ ստանալու, երբ նվազագույն եկամտաբերություն պետության կողմից երաշխավորված չէ։ Մի խոսքով՝ դեեեեեեեեեմ ենք»։

© Medialab.am