Պաշտպանը Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մայիսի 21-ին՝ ժամը 15:00-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով։ Այս մասին «Արմենպրես»ը տեղեկացավ պաշտպան Ամրամ Մակինյանի՝ «Ֆեյսբուք»-ում իր գրառումից։

«Հարգելի ընկերներ, լրագրողներ, պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում ահագնացող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մայիսի 21-ին ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով: Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է Մակինյանը։

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 մլն 391 հազար 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 մլն 160 հազար դրամը:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սերգո Կարապետյանին ՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Բարսեղ Բեգլարյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝  Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: