«Բաքուն, չնայած որդեգրած հռետորաբանությանը, խուսափելու է Իրանի հետ բախումներից». Գարիկ Միսակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Գարիկ Միսակյանը

– Պարո՛ն Միսակյան, այսօր ի՞նչ փուլում են Իրան-Ադրբեջան, ինչու ոչ՝ նաև Թուրքիա, հարաբերությունները, որովհետև այնտեղից ևս հնչում են հայտարարություններ, որ Իրանի հայանպաստ հայտարարություններն անհանգստացնում են ոչ միայն Բաքվին, այլ նաև Անկարային: 

– Պետք է տարանջատել Իրան-Ադրբեջան ու Իրան-Թուրքիա հարաբերությունները: Եթե Ադրբեջանի դեպքում Իրանը բավականին լուրջ հակասություններ ունի, ապա Թուրքիայի դեպքում դրանք տեսանելի չեն, որովհետև Իրանը Թուրքիայի հետ միշտ փորձում է պահպանել գոնե տեսանելի տնտեսական ու քաղաքական լավ հարաբերություններ, քանի որ այդ պետությունների կախվածությունը միմյանցից բավականին մեծ է: 

Ադրբեջանի դեպքում, հատկապես Ալիևի վարած քաղաքականությունը իրանական ուղղությամբ, բավականին լարված է ու բացահայտ, ինչն իր արձագանքներն արդեն գտել է Իրանում, ու մենք բազմիցս տեսել ենք դա: 

Վերջին շրջանում Իսրայելի հետ հարաբերությունների էլ ավելի սերտացումը ավելի է վատթարացրել Իրան-Ադրբեջան հարաբերությունները, ու չեմ կարծում, թե մոտ ապագայում որևէ դրական տեղաշարժ լինի այդ հարաբերություններում: 

Բացի այս, այդ հարաբերությունների վատթարացումը կապված է նաև «Զանգեզուրի միջանցքի» գործարկմանը միտված ադրբեջանական քայլերի հետ: Ալիևի հայտարարություններն այս մասով բավականին մտահոգիչ են Իրանի համար: Բայց գոնե քաղաքական առումով Իրանը փորձում է այդքան մեծ սրացումների չգնալ Ադրբեջանի հետ, բայց նաև Հայաստանի հետ կապված Իրանում կարծես թե կայացվել է որոշում՝ Կովկասում իր դաշնակից պետության հետ փորձում են բավականին սերտ հարաբերություններ նախաձեռնել, սկսած տնտեսական ոլորտից մինչև անվտանգային ու ռազմական ոլորտում համագործակցություն, ինչը պետք է նաև մեր կողմից պատշաճ արձագանք ստանա: 

– Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը փորձում հարաբերությունները սերտացնել Իսրայելի հետ, ու դա Իրանին ինչո՞ւ է անհանգստություն պատճառում:

– Բաքուն Իսրայելին դիտարկում է նախ ռազմական լավ դաշնակից, նաև՝ քաղաքական, ու մենք Արցախյան 44-օրյա պատերազմում տեսանք իսրայելական, համենայնդեպս, զինտեխնիկայի առկայությունը: Պատերազմից հետո էլ Ադրբեջանը մի քանի ռազմական պայմանագրեր կնքեց Իսրայելի հետ, Արցախից բռնազավթված տարածքներում էլ ինչ-որ խելացի գյուղերի կառուցման հնարավորություն տրվեց Իսրայելին, այսինքն՝ իսրայելական ներկայությունն է ակնհայտ աճել, ու սա լծակ է, որն Ադրբեջանի կողմից օգտագործվում է նախ՝ Իրանի, ապա՝ Հայաստանի դեմ: 

Իսկ Իրանում քաջ գիտակցում են, որ Իսրայելի ներկայությունն Ադրբեջանում բացառապես միտված է հակաիրանական գործողություններին, քանի որ Իսրայելի հիմնական մրցակիցը Իրանն է, ու սա Իրանի համար բավականին մտահոգիչ է, որովհետև հարևան գրեթե բոլոր երկրներում կա իսրայելական ներկայություն, ինչը կարող է լուրջ վտանգներ պարունակել: 

– Իսկ այդ վտանգներին ինչպե՞ս է Իրանը պատրաստվում դիմակայել, օրինակ՝ վերջին շրջանում շատ են խոսում, որ եթե Սյունիքում Ադրբեջանը փորձի ոտնձգություններ անել, Իրանը կգնա ամեն քայլի, այդ թվում՝ ռազմական գործողությունների:

– Իրանն իր արտաքին քաղաքականության մեջ ունի սկզբունք՝ սեփական սահմաններին մշտապես խուսափել ռազմական գործողություններից, եթե դրա ծայրահեղ անհրաժեշտությունը չլինի: Եթե Իսրայելը Ադրբեջանի տարածքից հարվածի Իրանի որևէ ռազմավարական օբյեկտի կամ ռազմական գործողություն նախաձեռնի, կարծում եմ՝ Իրանում դրան համապատասխան որոշում կկայացվի, բայց նաև ադրբեջանական կողմն է գիտակցում, որ սեփական տարածքը ռազմական գործողությունների թատերաբեմ դարձնելը հղի է լինելու լրջագույն վտանգներով, որոնք գալու են Իրանից: 

Բաքուն էլ, չնայած որդեգրած հռետորաբանությանը, խուսափելու է Իրանի հետ բախումներից, որովհետև չունի որևէ ռեսուրս այդ պետության դեմ պայքարելու: Բաքուն հակաիրանական հռետորաբանությունը մեծացնելու համար մինչ այս օգտագործում էր Իրանում առկա լարված իրավիճակը՝ ցույցերի հետ կապված, բայց ցույցերի մարման այս փուլում, չեմ կարծում, թե Ադրբեջանն այդքան հանդգնություն ունենա հակաիրանական նոր քայլեր ձեռնարկելու:

– Ասացիք, որ Իրանը նախաձեռնողականություն է դրսևորում Հայաստանի հետ հարաբերությունները գրեթե բոլոր ուղղություններով զարգացնելու համար, պարո՛ն Միսակյան, իսկ Հայաստանն այդ նախաձեռնողականությանն ինչպե՞ս է արձագանքում, գործուն քայլեր նկատելի՞ են:

– Իրանն իսկապես ունի նման ցանկություն, նույնիսկ եռակողմ՝ Իրան-Հայաստան-Ռուսաստան համագործակցությանը, կարծում եմ, որ Թեհրանը դեմ չի լինի: Հայաստանին սա նաև մեծ հնարավորություն կտա հակաադրբեջանական համագործակցության, որովհետև Իրանում խոսվում է Կովկասում դաշնակիցների հետ հակաադրբեջանական կենտրոնների ստեղծման մասին, որին կարող է Հայաստանը մասնակցել: 

Իրանը նաև մեծ ցանկություն ունի Հայաստանի դիրքերը որոշակիորեն ուժեղացնելու, քանի որ թույլ Հայաստան, որը հիմա կա, Իրանին ու տարածաշրջանում որևէ մեկին ձեռնտու չէ, որովհետև Ադրբեջանի ու նաև նրա թիկունքին կանգնած Իսրայելի ու Թուրքիայի նկրտումներն այդ պարագայում էլ ավելի են մեծանալու, իսկ Իրանը խնդիր ունի դրանք կասեցնել: Իրանը փորձելու է դիվանագիտական միջոցներով աջակցել Հայաստանին, բայց նաև Հայաստանից պետք է համարժեք քայլեր լինեն, քանի որ դրանք դեռևս լուրջ հայտարարությունների մակարդակում են մնում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am