Հայաստանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակից չէ։ Այս մասին կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի՝ Երևան այցի և դրա շուրջ հնչող քննադատությունների վերաբերյալ հարցին։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի այցին, ես նախկինում էլ այդ թեմայով հայտարարություններ արել եմ։ Մենք Ուկրաինային հումանիտար օգնություն ենք ուղարկել, և ես ասել եմ, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չենք»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետը նաև ընդգծել է Ալմա-Աթայի հռչակագրի կարևորությունը Հայաստանի համար՝ նշելով, որ հենց այդ սկզբունքների հիման վրա է Երևանը կառուցում Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը։
«Դուք գիտեք, թե Ալմա-Աթայի հռչակագիրն ինչ կարևոր և սկզբունքային նշանակություն ունի մեզ համար։ Մենք հենվում ենք այդ հռչակագրի վրա և այդ հիմքի վրա ենք կառուցում խաղաղությունը Ադրբեջանի հետ։ Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է»,- ասել է վարչապետը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մայիսի 4-ին ժամանել էր Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։



















