«Դատավոր Արմեն Դանիելյանը պատվեր է կատարում». Սարգսյանը և նրա փաստաբանը քրեական գործը, պարբերական կալանավորումները համարում են քաղաքական հետապնդում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը քիչ առաջ կալանավորվել է: Այդ մասին «Մեդիալաբին» տեղեկացրեց Սարգսյանի փաստաբան Էմին Խաչատրյանը:

«Եկել էինք քրեակատարողական հիմնարկ, բայց չէին ընդունում: Երկար ժամանակ պահանջվեց, մինչև դատարանի որոշման պատճենն ուղարկվեց, և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը ընդունեց պարոն Սարգսյանին»,- փոխանցեց փաստաբանը:

Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, որոշել էր բավարարել գլխավոր դատախազության դիմումը, ինչի հիման վրա «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը նորից կալանավորվեց։ Սարգսյանն ազատ էր արձակվել մեկ ամիս առաջ՝ 20 միլիոն դրամ գրավի դիմաց։ Փաստաբանն ասաց՝ վճարված գումարը վերադարձվելու է պաշտպանական կողմին:

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ընտրացուցակով պատգամավոր ընտրված Արթուր Սարգսյանը մեղադրվում է 2016-ին պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նա Սյունիքի մյուս խոշոր բնակավայրերի ղեկավարների նման իշխանությանը քննադատում էր պատերազմում պարտության համար, պահանջում վարչապետի հրաժարականը: Նա կալանավորվել էր դեռևս արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում՝ մինչև պատգամավորի մանդատ ստանալը։ Քննչական կոմիտեն պարզել էր՝ քաղաքապետը 2016-ին Սիսիանի երաժշտական դպրոցի ջեռուցման համակարգի գործով նախաձեռնել է, որ շինարարական աշխատանքների մրցույթը շահի ոչ թե ավելի ցածր գին առաջարկած, այլ՝ Սարգսյանների ընտանիքի մերձավորին պատկանող ընկերությունը։ Իրավապահները հաշվել են, որ սրանով համայնքին պատճառվել է ավելի քան 3 միլիոն դրամի վնաս։

Սարգսյանը և իր փաստաբանը այս քրեական գործը և պարբերական կալանավորումները համարում են քաղաքական հետապնդում: «Այս ամենը ոչ մի մեկնաբանության չի ենթարկվում: Սա արդեն հասնում է աբսուրդի, որևէ իրավունքի, օրենքի նշույլ չկա, որևէ չափորոշիչ չի կիրառվում: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մակարդակի ենք հասել, դատավորը ինչքան է ձգտում ինչ-ինչ պատվերներ կատարել, որ առանց պաշտպանական կողմին ծանուցելու որոշում է կալանավորել Արթուր Սարգսյանին: Կարող էր ծանուցել, օր նշանակել, գնայինք, նիստ կայանար, ու ինքը էլի հելներ, բեկաներ: Այս վարքագիծը ցույց է տալիս, որ ի սկզբանե այս ամենը կանխորոշված է եղել»,- նշեց փաստաբանը:

Բացի այդ, ըստ Խաչատրյանի, նաև պատահական չէ, որ գործը մի դատավորից փոխանցում են այլ դատավորի, այս դեպքում՝ Արմեն Դանիելյանին:

«Այս դատավորը՝ Արմեն Դանիելյանը, պատրաստակամ է կատարել ցանկացած պատվեր: Այլ գնահատական այս պայմաններում ուղղակի չեմ կարող տալ, և իմ գնահատականներն առաջացել են փաստերի համադրման արդյունքում»,- ընդգծեց փաստաբան Էմին Խաչատրյանը:

Հարցին՝ քաղաքական ենթատե՞քստ է տեսնում Արթուր Սարգսյանի վերաբերյալ դատարանի որոշման մեջ, Խաչատրյանը դրական պատասխան տվեց՝ ընդգծելով. «Բնականաբար, մինչև այս պահը ես մշտապես զերծ եմ մնացել այդ եզրույթն օգտագործելուց, իմ վստահորդը բազմիցս նշել է, որ իր շուրջը կատարվող այս պրոցեսները իրավագիտության հետ ոչ մի առնչություն չունեն, ու քաղաքական հետապնդման հետևանք են: Անընդհատ փորձել եմ չհամակերպվել դրա հետ, փորձել եմ իրավական դաշտում պատկերացնել ամեն ինչ: Բայց եթե մենք տեսնում ենք ակնհայտ ապօրինություններ, ապա այլ բան չի մնում, քան պնդել, որ կատարվողը քաղաքական հետապնդում է»:

MediaLab.am