Ճոխ հագուստ, կարճ փեշ, վառ դիմահարդարում. 100 հազարից ավելի օրիորդներ Հայաստանում սպասում են իրենց փեսացուներին

Ճոխ հագուստ, կարճ փեշ, վառ դիմահարդարում. 100 հազարից ավելի օրիորդներ Հայաստանում սպասում են իրենց փեսացուներին
Ճոխ հագուստ, կարճ փեշ, վառ դիմահարդարում. 100 հազարից ավելի օրիորդներ Հայաստանում սպասում են իրենց փեսացուներին

Բարձրակրունկ կոշիկների վրա ճոճվելով, վառ դիմահարդարմամբ և հագուկապով երիտասարդ աղջիկը փորձում է սանրվածքը «անխաթար» մի կերպ տեղավորել երթուղային տաքսու հեղձուկի մեջ` հնարավորինս անվնաս համալսարան հասնելու համար: 

Նման երեկոյան հագուկապով, կարճ փեշով և սանրվածքով աղջիկները թեև օտար աչքի համար միշտ տարօրինակ են, հաշվի առնելով Եվրոպայում երիտասարդների պարզ ու ամենօրյա ոճը, այնուամենայնիվ, Հայաստանում, ըստ մասնագետների, իրենց բացատրությունն ունեն:

«Հայ աղջիկների համար հագուստը որքան ճոխ, այնքան լավ, էական չէ` առօրյա կյանքում հարմա՞ր է, թե՞ ոչ»,- «Մեդիալաբին» ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգը «Մեդիալաբին» ասում է, որ եվրոպացի աղջիկը, ի տարբերություն հայ աղջկա, ունի գործնական հագուստ, ունի հագուստ, օրինակ` ծնունդի, խնջույքի համար, պաշտոնական հրավերների համար՝ մեկ այլ հագուստ, թատրոնի կամ weekend-ի համար` ևս մի քանիսը:

«Մեր աղջիկները ջինսով և´ կինո են գնում, և´ ժամադրության, կամ 1,45 մետր հասակով աղջիկը երբեմն 20 սանտիմետրանոց պլատֆորմ է հագնում, այն էլ փողոցում դասի կամ տուն գնալիս, որովհետև ակումբային կյանք չունի, և սա միակ տեղն է, որտեղ կարող է իրեն ցույց տալ: Սա մեր սոցիալական կյանքի աղքատիկ վիճակն է. գնալու տեղ չունի, եթե ուսանող է` գնում է բուհ, լավագույն դեպքում՝ սրճարան և տուն, եթե աշխատող է՝ գործի, սրճարան, տուն, տարին մեկ անգամ` գուցե հարսանիք»,- «Մեդիալաբին» ասում է Ահարոն Ադիբեկյանը:

«Բարձրակրունկ կոշիկները կնոջ զգեստապահարանի անբաժանելի մասն են, և, իմ կարծիքով, դրանում վատ բան չկա: Այլ խնդիր է, որ հայ աղջիկները հաճախ հագնում են նման կոշիկներ՝ ոչ համահունչ տեղին ու ժամանակին. դպրոց, համալսարան, իրենց բակի կրպակ գնալիս, ինչը, կարծում եմ, տգեղ է և գռեհիկ»,- խոսելով հայ աղջիկների ոճից՝ «Մեդիալաբին» ասում է նորաձևության դիզայներ Մարիաննա Քաբաբյանը:

 Նա համակարծիք է սոցիոլոգի հետ, սրա պատճառն այն է, որ մեզանում ժամանցի վայրերը քիչ են, իսկ աղջիկները ցանկանում են ընդգծել իրենց գեղեցկությունը ամեն օր, այլ ոչ հատուկ առիթների ժամանակ:

Նորաձևության դիզայների խոսքով` այսօր ողջ Եվրոպան պայքարում է, որ այնտեղ ապրող կինը լինի ավելի վառ և նորաոճ, այլ ոչ գորշ և անդեմ, ինչպես ընդունված է:

«Շատ գովելի է մեր աղջիկների` իրենց արտաքինին պատշաճ հետևելու միտումը, միայն թե կխնդրեի չմոռանալ` ո´ւր եք գնում և ինչո´ւ»,- հայ աղջիկներին հորդորում է նորաձևության դիզայները և հավելում՝ միշտ փորձեք տարբերվել մյուսներից՝ ավելացնելով ամենօրյա լուքերում ինչ-որ հետաքրքիր տարր:

Սակայն, ըստ մասնագետների` իրենց հագուկապով ու արտաքինով ամենուր առանձնանալու հայ աղջիկների ձգտումը միշտ չէ, որ միայն նորաձևությամբ է բացատրվում: Երբեմն աղջիկների չափից ավելի վառ և բաց կերպարը բացատրվում է հակառակ սեռի ուշադրությունը գրավելու ջանքերով: Հայաստանում այսօր խախտված է վերարտադրողական տարիքի արական և իգական սեռերի միջև հարաբերակցությունը:

Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով, որոնք հիմնված են 2001 թվականի մարդահամարի արդյունքների վրա, այս տարբերությունը մոտավորապես 1-2 տոկոսի միջակայքում է, այսինքն` 15-40 տարեկան տարիքային միջակայքում տղամարդիկ 35-40 հազարով քիչ են կանանցից:

«Երբ կունենանք 2011-ի մարդահամարի տվյալների վերլուծությունը, այս տարբերությունն ավելի մեծ կլինի: Դժվար է խոսել այս երևույթի պատճառների մասին կամ ներկայացնել ինչ-որ պաշտոնական տվյալներ, բայց անհերքելի է, որ Հայաստանում արտագաղթը արական սեռի տեսքով է դրսևորվում»,- «Մեդիալաբին» ասում է Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցչի տեղակալ Գարիկ Հայրապետյանը:

Նրա խոսքով` եթե իրավիճակն այսպես շարունակվի, կազդի նաև Հայաստանի ժողովրդագրական պատկերի և միգրացիայի դեմքի փոփոխության վրա:

«Մենք ունենալու ենք կանանց մի ստվար հատված, որոնք իրենց զույգը գտնելու պահանջ են զգալու, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է միգրացիայի դեմքի փոփոխության: Հայ կանայք ավելի շատ կամուսնանան օտարերկրացի տղամարդկանց հետ»,- նշում է Հայրապետյանը և հավելում, որ սա էլ իր հերթին կազդի ծնողների թվի վրա, որովհետև մի ստվար զանգված կկանգնի երեխա ունենալու խնդրի առջև:

Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Սեռերի անհավասարությունը ծննդի պահին Հայաստանում: Ժողովրդագրական իրավիճակի վերլուծություն» հետազոտության մեջ հստակ արտացոլված է Հայաստանում սեռերի միջև անհավասարությունը:

Ուշագրավ է, որ ծննդի պահին սեռերի հարաբերակցությունը Հայաստանում հակառակ պատկերն ունի՝ քանակական առավելությունը մոտ 15 տոկոսով հօգուտ արական սեռի է, ինչը պայմանավորված է ընտրովի սելեկտիվ աբորտներով:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, առողջապահության նախարարության և ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ 2011-ին իրականացված հետազոտության համաձայն` Հայաստանում միջինը տարեկան 1400 աղջիկ չի ծնվում: Հայկական ընտանիքները շարունակում են նախապատվությունը տալ արական սեռի երեխաներին:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով` պաշտոնական վիճակագրության համաձայն` մինչև 1 տարեկանների մեջ 1000 տղայի դիմաց աղջիկների թվաքանակը 875 է: 20-24 տարեկանում՝ ամուսնության տարիքում, հարաբերակցությունը 1000/ 967-ի է, իսկ 30 տարեկանում՝ 1000/987-ի՝ կրկին հօգուտ արական սեռի: 34 տարեկանից սկսած պատկերը փոխվում է դեպի կանայք՝ 35-39 տարեկան 1000 տղամարդու համար՝ 1061 կին:

«Այսօր ԵՄ-ն գտնում է, որ ծնելիության նվազման հետևանքով ընտրովի սելեկտիվ աբորտներ են անում, և տղաներն արհեստականորեն շատ են: Տղաներն ավելի շատ են ծնվում նաև բնությունից, նրանք ռիսկային խումբ են, շատ են կործանում իրենց և ավելի շուտ են մահանում, կանանց մոտ ռիսկերը՝ ծխելը, խմելը, քիչ են»,- «Մեդիալաբին» ասում է սոցիոլոգը:

Նրա խոսքով` սոցիալական ու տնտեսական պատճառներով պայմանավորված` տղաների թիվն արդեն հասուն տարիքում արհեստականորեն նվազում է:

«Տղաները խուսափում են բանակից, տնտեսական պատճառներով արտագաղթում են: Նրանց թիվն արհեստականորեն է քչանում: Մենք այսօր ունենք 100 հազարից ավելի օրիորդներ, որոնք փեսացուի կարիք ունեն: Բացի այս, մեզ մոտ հարսնացուներն ու փեսացուներն իրենց տարիքից մեծացել են»,- նշում է նա:

Եթե նախկինում աղջիկների ամուսնության միջին տարիքը մինչև 22-ն էր, այսօր այն հասնում է մինչև 25-ի, իսկ տղաների համար 24 տարեկանից հասել է մինչև 28-ի: Սոցիոլոգի խոսքով` Հայաստանում խախտված է նաև երիտասարդների թվաքանակը ծերերի նկատմամբ. մենք գտնվում ենք ծերացող հասարակությունում:

© Medialab.am