Նոր տրոլեյբուսները տարեսկզբին կլինեն Երևանում.քաղաքապետարան

Համայնքային միջոցներով «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կհամալրվի 15 տրոլեյբուսով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նոր տրոլեյբուսները 2023 թ. տարեսկզբին արդեն կլինեն Երևանում: Շարժակազմի շահագործումն ու սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով այժմ կատարվում են նախապատրաստական աշխատանքներ: Այս մասին ասվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում: 

***

Մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար «Երևան» ջրօգտագործողների ընկերության հետ համատեղ նախագծային աշխատանքներ կիրականացվեն: Նոր խողովակաշարերի անցկացման և ջրատարների ընդլայնման նպատակով հրատապության կարգով ընտրվել են մի շարք հասցեներ:

***

Որպեսզի մայրաքաղաքի նորոգված փողոցներն այլևս չքանդվեն, մատակարար ընկերությունները կատարվող աշխատանքների վերաբերյալ պետք է նախապես ցանկ ներկայացնեն: Հանձնարարվել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ մինչ Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրերի մեկնարկը՝ մատակարար ընկերություններն ավարտեն հաղորդուղիների ու հաղորդալարերի փոխարինումը:

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ:

Զեկուցվել է, որ բազայում առկա 14167 տնտեսվարողից ավելի քան 95 %-ն արդեն ծանուցվել է: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել գործընթացը՝ հաշվի առնելով, որ ձմռան ամիսներին ևս, սահմանված կարգի համաձայն, տնտեսվարողները պարտավոր են ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերը:

Պարտադիր նորմերը չկատարելու դեպքում, ի դեպ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված է տուգանք: