«Ոչ մի այլ որսորդ այդ թռչունը ճանապարհին չէր թողնի, եւ ինչպե՞ս է ստացվել, որ հենց գտնելու պահին նրանք բոլորը որսորդական շորերով և կոշիկներով են եղել». Լենա Նազարյան

«Ոչ մի այլ որսորդ այդ թռչունը ճանապարհին չէր թողնի, եւ ինչպե՞ս է ստացվել, որ հենց գտնելու պահին նրանք բոլորը որսորդական շորերով և կոշիկներով են եղել». Լենա Նազարյան
«Ոչ մի այլ որսորդ այդ թռչունը ճանապարհին չէր թողնի, եւ ինչպե՞ս է ստացվել, որ հենց գտնելու պահին նրանք բոլորը որսորդական շորերով և կոշիկներով են եղել». Լենա Նազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

– Մի քանի օր է՝ համացանցում է հայտնվել Շենավան համայնքի ղեկավարի լուսանկարները՝ Կարմիր գրքում գրանցված և սպանված սպիտակագլուխ անգղերի հետ: Հիմա գյուղապետն արդարանում է, թե 2007-ի լուսանկար է, և որ ինքը չի եղել որսորդը, որ ինքը թեև որս սիրում է, բայց խղճով որսորդ է: Առհասարակ, մինչև հիմա ձեզ հայտնի՞ են նման դեպքեր, երբ պատասխատվության են կանչել: Նման լուսանկարների հրապարակումը չի խոսո՞ւմ այն մասին, որ օրենքը չի գործում և անպատժելիություն է:

– Նախ` բացարձակ կապ չունի, թե որ թվականի լուսանկար է: Այդ թռչունը 2007 թվականին էլ էր Կարմիր գրքում գրանցված: Այն որ ասում է, թե իբր ինքը չի եղել որսորդը և սպանված թռչունը ճանապարհին է գտել, բոլորովին ճշմարտանման չէ: Նախ` ոչ մի այլ որսորդ այդ թռչունը ճանապարհին չէր թողնի, երկրորդը՝ այդ ինչպե՞ս է ստացվել, որ հենց գտնելու պահին նրանք բոլորը որսորդական շորերով և կոշիկներով են եղել: Շատ հարցեր են առաջանում: Երևի մտածում է, որ կարող է վրդդովված մարդկանց մոլորեցնել իր անհավանական պատմություններով: Մնում է զարմանալ, թե ինչպես կարող է ստահակի հոգեբանություն ունեցող մեկը լինել համայնքի ղեկավար և պատասխանատու:

Ինչ վերաբերում է նման դեպքերի բացահայտմանն ու պատասխանատվության հարցին, ապա, ըստ ՀՀ ոստիկանության կայքի, որսագողության և ձկնգողության դեպքերի վերջին բացահայտումները եղել են 2016-ին: Այսինքն, ըստ կայքի լրատվության, արդեն ավարտվող 2017 տարում որսագողության և ձկնգողության որևէ դեպք ոստիկանության կողմից չի հայտնաբերվել, մինչդեռ ապօրինի որս, վստահաբար, եղել է:

– Գյուղապետը նշում է, թե թռչունները Թուրքիայի կողմից էին եկած, և որ որսորդություն իրենք անում են այդ կողմերում:

– Վերջերս Բաքվից վերադարձած Արմեն Աշոտյանն ասում էր, որ Ադրբեջանում հայատյացությունը պետական կրոնի աստիճանի է հասել, բայց արի ու տես, որ Հայաստանում էլ գյուղապետի տրամաբանությամբ Թուրքիայից եկող բոլոր թռչուններն ու կենդանիները թշնամու ազգություն ունեն ու կարելի է նրանց ոչնչացնել: Մի անպատկերացնելի աղճատված տրամաբանություն ու հոգեբանություն: Պետության կրթական համակարգը մինչև այժմ տապալել է իրավագիտակից ու շրջակա միջավայրի մասին գիտական պատկերացում ունեցող քաղաքացի կերտելու գործը: Երևի նեանդերթալյան հովտի բնակիչն ավելի լավ կհասկանար, որ Երկիր մոլորակի կենդանիների ու թռչունների համար չկա սահմանի հասկացություն:   

Բայց, իրականում, զարմանալու չի. հիշում ենք, թե ինչպես էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ուրախությամբ հայտնում, որ «Նաիրիտ» գործարանի հրդեհի ծուխն ու մուրը գնում են դեպի Թուրքիա:

– Ոստիկանության Արմավիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ինչո՞ւ մինչև հիմա քրեական գործ չի հարուցվել:

– Ոստիկանությունը հայտարարել է, որ զբաղվում է այս հարցով: Ամեն դեպքում, ես դիմելու եմ ոստիկանություն՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու հարցումով և ոստիկանության որոշման մասին տեղեկությունը կհրապարակեմ իմ ֆեյսբուքյան էջում:

Այս դեպքը պետք է որ կարգավորվի ՀՀ քրեական օրենսգիրքի 294-րդ հոդվածով՝ «ապօրինի որս», որը կատարվել է այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է: Դրա առավելագույն պատիժը սահմանվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը չորս տարի ժամկետով, եթե այդ թռչնատեսակի որսն արգելված է և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ է իրականացվել: Քանի որ այս դեպքը համարվում է միջին ծանրության հանցագործություն (միջին ծանրության են համարվում այն հանցագործությունները, որոնց առավելագույն ազատազրկման ժամկետը չի գերազանցում 5 տարին), ապա վաղեմության ժամկետը սահմանված է 5 տարի: Եվ եթե որսն իսկապես տեղի է ունեցել 2013 թ.-ից առաջ, ապա հնարավոր է, որ քրեական գործ չհարուցվի՝ վաղեմության ժամկետն անցնելու պատճառով: Մնում է հանրության պարսավանքը կարմիրգրքյան ավարներով հպարտացող տգետների հանդեպ:

– Ինչպե՞ս եք գնահատում գյուղապետի արարքը: Եթե անգամ ինքը որսացողների մեջ չէ, ինչը դեռ պետք է պարզել, ի՞նչ է նշանակում նկարվել սատկած թռչունի հետ:

– Լուսանկարում նրանք պատկերված են հենց որսացողների կեցվածքով և հագուստով: Նրանք իրենց ավարն են ցուցադրում, և ակնհայտ է, որ ոչ թե ճամփեզրին գցած թռչուն են գտել, այլ իրենց «հաղթանակով» են հպարտանում: Կարմիր գրքում գրանցված թռչուն սպանելը ոչ միայն հանցագործություն է, այլ նաև սպառողական վերաբերմունք աշխարհում հրացանի հասանելիության շառավղում գտնվող ամեն կենդանու ու թռչնի հանդեպ. սպառել, յուրացնել, ուտել, խրտվիլակ սարքել ու նկարվել:

– Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ մտադիր են որսի կանոնների փոփոխություններ իրականացնել: Սա կարո՞ղ է արդյոք իրավիճակի վրա ազդեցություն ունենալ: Դրա անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք:

– Տեղյակ չեմ, թե որսի կանոնների ի՛նչ փոփոխություններ են իրականացնելու: Գիտեմ միայն, որ այժմ երկու տեսչություններ, որոնք գործում էին բնապահպանության և էներգետիկայի նախարարությունների կազմում, միավորվելու են մեկ նոր՝ բնապահպանության և ընդերքի տեսչության մեջ, և այդ մարմինը կառավարելու է երկու նախարարությունների կողմից ստեղծած խորհուրդը: Անչափ կարևոր է նաև, թե ո՛վ է լինելու այդ տեսչության ղեկավարը և ի՛նչ համակարգային փոփոխություններ է իրականացնելու:

Իմ պատկերացմամբ` անհրաժեշտ են ոչ միայն զուտ կանոնների փոփոխություն, այլև երկարաժամկետ կրթական արշավ, կանխարգելիչ միջոցառումներ, պատասխանատվություն օրենքի ողջ խստությամբ և հանրային պարսավանք Կարմիր գրքում գրանցված կենդանիների որս անողների հանդեպ:

Մանե Հարությունյան

MediaLab.am