Ռուսաստանում զոհված զինվորների գերեզմանները լուսանկարելու համար պետական դավաճանության գործեր են հարուցում

Ռուսաստանում սկսել են պետական դավաճանության քրեական գործեր հարուցել Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների գերեզմանները լուսանկարելու և տեսանկարահանելու դեպքերով։ Նման գործերի մասին առնվազն հայտնի է Յարոսլավլի և Տոմսկի մարզերում։

The Insider-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 7-ին Յարոսլավլի մարզային դատարան է ուղարկվել 48-ամյա բնակչի գործը։ Մեղադրանքի համաձայն՝ նա 2024 թվականի հոկտեմբերից «պարբերաբար այցելել է» հուշահամալիր-գերեզմանատուն, գաղտնի լուսանկարել և տեսանկարահանել ռուս զինվորների գերեզմանները, ապա նյութերն ուղարկել Ուկրաինայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին։

Հունիսի վերջին պետական դավաճանության գործով Տոմսկի մարզում ևս մի քանի մարդ է ձերբակալվել։ Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը պնդում է, որ նրանք ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ և գումարի դիմաց տեղեկություններ են հավաքել ռուս զինծառայողների, այդ թվում՝ զոհվածների մասին։

Ավելի վաղ «Մեդիազոնա»-ն զգուշացրել էր, որ զոհվածների վերաբերյալ տվյալներով հետաքրքրվում են նաև ուկրաինական խարդախները։ Պարբերականի խմբագիր Դմիտրի Տրեշչանինի խոսքով՝ մի քանի անգամ փորձել են հենց իրենցից գնել ռուս զոհված զինվորների չհրապարակված տվյալների բազաները։

«Մենք իսկապես հաշվում ենք ռուսական բանակի կորուստները և նախկինում ընթերցողներին ու կամավորներին խնդրում էինք գերեզմանոցներից լուսանկարներ ուղարկել։ Բայց հիմա իրավիճակը փոխվել է, և մենք ուղիղ խորհուրդ չենք տալիս դա անել»,- ասել է Տրեշչանինը։

Նա նշել է նաև, որ վերջին շրջանում մարդկանց նման խնդրանքներով դիմել են նաև «Մեդիազոնա»-ի անունից։

The Insider-ը չի բացառում նաև, որ որոշ դեպքերում «պատվիրատուի» դերում կարող են հանդես գալ հենց ուժային կառույցները։ «Մեդիազոնա»-ն ավելի վաղ պատմել էր Ռյազանի մարզի բնակիչ Գորդեյ Նիկիտինի գործի մասին, երբ, ըստ հրապարակման, ԱԴԾ աշխատակիցը նրան գրել էր՝ ներկայանալով որպես ուկրաինական ռազմական հետախուզության աշխատակից։ Այդ նամակագրությունը հետագայում դարձել էր պետական դավաճանության գործի հիմք, և Նիկիտինը դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման։