Գրանադայում հնարավորություն կար ստորագրելու շրջադարձային փաստաթուղթ․ վարչապետ

Վարչապետը Նիկոլ Փաշինյանը ցավում է, որ Գրանադայում տեղի չի ունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նախատեսված հանդիպումը, նշելով, որ այնտեղ հնարավորություն կար ստորագրելու շրջադարձային նշանակությամբ փաստաթուղթ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետն այս մասին ասաց Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ։

«Մենք մինչև վերջին պահը և այսօր էլ հաստատել ենք Գրանադայի այցելությունը։ Ընդ որում, ասեմ, որ շատ կառուցողական և լավատես էինք տրամադրված, որովհետև, կարծում էինք, որ կար հնարավորություն շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու։ Մինչև այսօր առավոտ այդ հավանականությունը շատ բարձր էինք գնահատում։ Դա այն փաստաթուղթն է, որը խամաճիկային ընդդիմությունը ամեն ինչ անում էր, որպեսզի ներկայացվի որպես կործանարար փաստաթուղթ։

Քանի որ չստացվեց, Հայաստանը խամաճիկային ճնշումների չենթարկվեց, հստակ, տրամաբանված, կառուցողական դիրքորոշում արտահայտեց, իր տեսակետները հասկանալի դարձրեց և հասկանալիորեն օդանավակայանները ոչ մեկ չէր կարող փակել,  հետո տեսանք, թե ինչ եղավ։ Պարզվեց, որ  նախատեսված հանդիպումը չի կայանում ամենևին ոչ մեր մեղքով։ Պետք է արձանագրենք, որ խամաճիկային ընդդիմությունն իր բոնուսները չի ստանա, որովհետև ճիշտ է հարցը լուծվել է, բայց իրենց ձեռքով չի լուծվել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը ցավում է, որ այդ հանդիպումը տեղի չի ունենա՝ հույս հայտնելով, որ այն հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է բանակցությունների սեղանին, հարմար պահի կստորագրվի։

«Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրել և ցավում եմ շատ, որ վաղը առիթ չեմ ունենա հայտարարելու, որ շատ կարևոր այդ որոշումը կայացվեց»,- եզրափակեց Փաշինյանը։