Ավստրալիայից արտաքսվեց մեծ թենիսի առաջին դեմք հանդիսացող մարզիկ Նովակ Ջոկովիչը

Նովակ Ջոկովիչը Ավստրալիայից արտաքսվելուց հետո ժամանել է Սերբիա։ Տղամարդկանց լավագույն թենիսիստն Ավստրալիայից արտաքսվեց, քանի որ հրաժարվել էր ընդունել կորոնավիրուսի դեմ պատվաստումներ, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Երկուշաբթի օրը Մելբուրնում մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնության այս տարվա մրցաշարը, որի վրա, ըստ մարզասերներից շատերի, ստվեր է ընկել լավագույն մարզիկի վիզան չեղյալ հայտարարելու պատճառով: Այս մրցաշարին չմասնակցելու արդյունքում Ջոկովիչը զրկվեց

Մեծ սաղավարտի ռեկորդային 21-րդ տիտղոսը նվաճելու հնարավորությունից:

Ավստրալիայի ներգաղթի մասին օրենքների համաձայն՝ 34-ամյա Ջոկովիչն այստեղ չի կարող վերադառնալ հաջորդ երեք տարիների ընթացքում: Սակայն վարչապետ Սքոթ Մորիսոնն ասել է, որ «ճիշտ հանգամանքներում» Ջոկովիչին կարող են թույլ տալ այս երկիր մուտք գործել ավելի վաղ, քան երեք տարին, ինչը թույլ կտա Ջոկովիչին հաջորդ տարի մասնակցել Ավստրալիայի բաց առաջնությանը:

Բայց Ջոկովիչը խնդիրներ կունենա նաեւ Ֆրանսիայի Բաց առաջնությանը մասնակցելու դեպքում, որտեղ անցկացվելու է այս տարվա հաջորդ «Մեծ սաղավարտի» մրցաշարը:

Ֆրանսիայի խորհրդարանը վերջերս վերջնական հավանություն տվել այն օրենքին, որը 16 տարեկանից բարձր բոլոր անձանցից պահանջում է պատվաստման վկայական ունենալ հասարակական վայրեր, այդ թվում՝ մարզասրահներ ու մարզադաշտեր մուտք գործելու համար:

Ֆրանսիայի սպորտի նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարեց, որ այս հարցում չի անելու որեւէ բացառություն որեւէ մեկի, այդ թվում` լավագույն մարզիկների համար: Սակայն ինչպես խոսնակն է ասել, իրավիճակը կարող է փոխվել մինչև մայիսին կայանալիք միջոցառումը:

Հիշեցնենք, որ Ջոկովիչին սկզբում բացառության կարգով տրվել էր Ավստրալիա մուտք գործելու համար արտոնություն երկու տարբեր անկախ առողջապահական հաստատությունների կողմից: Բայց առանց պատվաստման այստեղ մուտք գործելու նրա փորձը հարուցել էր հասարակության զայրույթը: Դրանից հետո սահմանապահ ծառայությունները նրան կալանավորեցին եւ չեղարկվեց նրա վիզան: Չնայած նրան, որ անցյալ երկուշաբթի օրը դատարանը չեղյալ հայտարարեց նրան կալանավորելու մասին որոշումը, կառավարությունը մի քանի օր անց նորից միջամտեց, եւ իրավական պայքարն իր ավարտին հասավ կիրակի օրը, երբ դատավորները հաստատեցին կառավարության որոշումը՝ Ջոկովիչին չթողնելով այլ ընտրություն, քան Ավստրալիայից հեռանալու տարբերակը: