Այս ծանր պահին մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը․ ԱՀ նախագահը՝ զորամասում տեղի ունեցած միջադեպի մասին

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին ու մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։ Այս մասին գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Այս ծանր պահին մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը»,- գրել է Հարությունյանը։

Ինչպես հայտնել էինք, հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: