Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ Տաճարին ընծայման տոնը կամ Տեառնընդառաջը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին, Քրիստոսի հրաշափառ Ծննդից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական Փրկչին Երուսաղեմի տաճարին ընծայաբերելու տոնը` Տեառնընդառաջը։

«Տեառնընդառաջ» նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ կամ Տիրոջն ընդառաջ դուրս գալ։ Տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալու հրավերն է։ Եվ ինչպես Նա՝ Քրիստոս, խոնարհվեց ու դեպի մեզ եկավ՝ մեր փրկության համար, այդպես էլ մենք պետք է գնանք Նրան ընդառաջ։

ՔՐԻՍՏՈՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ
Մովսիսական օրենքի համաձայն, երբ լրանում է Աստվածորդու Ծննդյան ութերորդ օրը, Նրան թլփատում են և ինչպես Գաբրիել հրեշտակապետն էր պատվիրել, անվանում Հիսուս (Ղուկ. Ա 31):
Այնուհետև, ինչպես Օրենքն էր թելադրում մայրերի մաքրագործման և առաջնածիններին Աստծուն նվիրաբերելու մասին, Հովսեփն ու Մարիամը Բեթղեհեմում 40 օր մնալուց հետո վերցնում են մանուկ Հիսուսին և գնում Երուսաղեմ Նրան «Տիրոջը ներկայացնելու» (Ղուկ. Ա 22):
Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակվել է Նորապսակների օրհնության օր: