Հայաստանում կներդրվեն զորակոչը գերժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ անցկացնելու մեխանիզմներ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոսել է Հայաստանում զորակոչի կազմակերպման աշխատանքների մասին։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետության բանակի 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանն ունեցած ելույթում Պապիկյանը նշել է, որ պարզեցված մեխանիզմները, թափանցիկությունը նպատակ ունեն ոչ միայն զինակոչիկների ու նրանց ծնողների համար հարմարավետ դարձնել զորակոչի գործընթացը, այլ նաև ապահովել զորակոչի օրինականությունը՝ բացառելով հովանավորչության ու տարբերակված մոտեցումների որևէ դրսևորում։ 

«Հասկանալի պատճառներով զորակոչը եղել և մնում է հասարակություն-բանակ առնչությունների ամենազգայուն կետը և բանակի հանդեպ ժողովրդի վստահության շեմը բարձրացնելու կարևորագույն գործիքներից մեկը։ Մենք շուտով ներդնելու ենք զորակոչը գերժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ անցկացնելու մեխանիզմներ»,- ասաց Պապիկյանը։