Մանիպուլյացիաներ, կեղծիքներ, հակասություններ․ ինչպես անցավ 2021-ը․ FIP.am

Անցնող տարին բավականին բուռն էր քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչների ու նրանց հետևորդների կողմից լրատվական դաշտում կեղծ կամ մանիպուլյատիվ լուրեր տարածելու, ինչպես նաև իրենց նախկին հայտարարություններին հակասելու առումով։

«Փաստերի ստուգման հարթակն» առանձնացրել է 2021 թվականի կարևոր իրադարձություններին հաջորդած մանիպուլյացիաներն ու կեղծ լուրերը, որոնք մենք օգնեցինք բացահայտել և, հուսանք, դրանով փոքր-ինչ պաշտպանեցինք մեր ընթերցողներին։

Խուճապ` պատերազմից հետո

Նախ, 2020 թ․-ի Արցախյան պատերազմը շարունակեց ապատեղեկատվությունների և մանիպուլյացիաների առիթ լինել նաև 2021-ին։ Օրինակ՝ հայկական շուկայում ադրբեջաներեն գրառմամբ ապրանքների գոյությունը կապվեց տարբեր դավադրությունների հետ, մինչդեռ նման մակագրությունը սովորական երևույթ է, քանի որ արտասահմանյան ընկերությունը արտադրանքը թողարկելիս կարող է փաթեթավորել այն միանգամից երկու երկրների շուկաների համար, ինչը և արվել էր։ 

Աղմուկ բարձրացրեց նաև հայկական երկնքում ադրբեջանական ինքնաթիռների հայտնվելու հարցը։ Սա նույնպես մեկնաբանվեց որպես աննախադեպ երևույթ, որը պայմանավորված է պատերազմում մեր կրած պարտությամբ։ Մինչդեռ Հայաստանի օդային տարածքը մշտապես բաց է եղել բոլոր տեսակի քաղաքացիական ինքնաթիռների համար, այդ թվում՝ նաև Ադրբեջանի, պարզապես 2014 թվականից հետո վերջիններս որոշել էին չօգտվել մեր օդային տարածքից և միայն վերջերս են վերսկսել թռիչքները։

Տարեսկզբին հրապարակվեց, իսկ տարեվերջին կրկին շրջանառվեց Ադրբեջանին վերաբերող մեկ այլ թյուրընկալում այն մասին, որ 200 մլն դոլարից ավելի դրամական փոխանցումներ են իրականացվել դեպի Հայաստան։ Պարզվեց, սակայն, որ այս ցուցանիշը պարզապես հիմնված է Համաշխարհային բանկի փորձագետների ենթադրության վրա, իսկ իրականում երկու երկրների միջև դրամական փոխանցումներ չեն արվել։ Շարունակելով ֆինանսական թեման՝ հիշեցնենք ասեկոսեներն այն մասին, որ Արգիշտի Քյարամյանը, որը պատերազմի օրերին ազատվել էր Հայաստանի ԱԱԾ տնօրենի պաշտոնից, Շուշին լքել է ինկասացիայի մեքենայով՝ իր հետ տանելով ԿԲ գումարները։ Հերքվեցին լուրերը թե՛ այդ կերպ քաղաքը լքելու, թե՛ ԿԲ գումարների անհետացման մասին։ Քյարամյանի շուրջ ապատեղեկատվությունը, սակայն, շարունակվեց, և նրան անհիմն մեղադրեցին այն բանի համար, թե իր կողմից ԱԱԾ-ն ղեկավարելու տ̶ա̶ր̶ի̶ն̶ե̶ր̶ի̶ն̶ օրերին վերջինս 1400 ադրբեջանցիների հայկական անձնագրեր է բաժանել «իր դրած պասպորտ սեղանների ղեկավարների միջոցով»։ 

Հետպատերազմական իրադրության մասին ստուգման ենթակա պնդումներ հնչեցին նաև Ռուսաստանից։ Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը ամբողջովին կատարվում են, իսկ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պնդեց, որ Ադրբեջանում մինչև նոյեմբերի 9-ը գերեվարված հայեր չկան։ Այս երկու հայտարարություններն էլ, ինչպես պարզվեց, ճիշտ չէին։

Մոլորեցնում են առաջին դեմքերը

2021 թ․ կեղծ և մանիպուլյատիվ հայտարարությունների, շահարկումների և հակասությունների մի մեծ մասի հեղինակները Հայաստանի ներկա ու նախկին ղեկավարներն էին։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձում էր ցույց տալ, որ միայն իրեն է հաջողվել նորանկախ Հայաստանի պատմության մեջ գրանցել միգրացիայի դրական սալդո, այնինչ նմանատիպ արդյունքներ գրանցվել էին նաև վերջին երեք տարիներին։ Քոչարյանը նաև հայտարարեց, թե իր ղեկավարման տարիներին ի կատար է ածել բոլոր խոստումները, ինչը, սակայն, այնքան էլ ճիշտ չէ․ աղետի գոտին չվերացավ, Հայաստանի բոլոր դպրոցները չվերանորոգվեցին և չապահովվեցին գույքով, Արցախի հարցն էլ, բնականաբար, չլուծվեց։ Այնուամենայնիվ, վերջինիս հաջողվել էր Սևանա լճի մակարդակը 60 սմ-ով բարձրացնելու խոստումը գերակատարել՝ ավելացնելով այն 1․5 մետրով։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ցանկանալով հակադրել ներկա իշխանությունների արտաքին քաղաքականությունը իր ղեկավարման տարիների հետ, պնդեց, որ 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին միջազգային հանրությունը միահամուռ կերպով դատապարտել էր Ադրբեջանի ագրեսիան։ Այս հայտարարությունը «փոքր-ինչ» չափազանցված էր․ դատապարտող հայտարարություն արել էր միայն Կիպրոսը։

2021-ին լսարանին մոլորեցնելու հարցում, անկասկած, առաջատար է եղել երկրի ներկայիս ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախ, Փաշինյանը մի քանի անգամ հակասեց իր իսկ հայտարարություններին։ Տարվա սկզբին հայտարարեց, որ պատերազմի օրերին ««Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով», իսկ օրեր անց նրա խոսնակը հայտարարեց, որ վարչապետին «սխալ են զեկուցել»։ Դժվար է հասկանալ, թե ինչն էր սխալ զեկուցվել, բայց փաստերը վկայում էին, որ «Իսկանդերը», այնուամենայնիվ, կիրառվել էր։

Մեկ այլ դեպքում վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ ոչ մի բանավոր պայմանավորվածություն չունի, մինչդեռ մեկ տարի առաջ հենց ինքն էր խոսել դրա մասին։  Իսկ երբ կառավարությունը որոշեց Ալեն Սիմոնյանի համար 90 մլն դրամ արժողությամբ նոր մեքենա գնել, ստիպված եղանք հիշեցնել, թե ինչպես էր ընդդիմադիր Փաշինյանը հայտարարում, որ բյուջեի սուղ միջոցներով չի կարելի պաշտոնյաների համար թանկարժեք մեքենաներ գնել։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հեղինակած ապատեղեկատվություններին ու մանիպուլյացիաներին, ապա դրանք հիմնականում վերաբերում էին նախկին իշխանություններին ու տնտեսական որոշ ցուցանիշների։ Նա հայտարարեց, թե «նախկինները» վստահ չէին, որ Շուշին կպահեն, դրա համար էլ ոչ մի շենք զրոյից չեն կառուցել, այնինչ վերջին 30 տարիներին այնտեղ կատարվել էին այնպիսի մասշտաբային շինարարական աշխատանքներ, որոնք «Շուշին հանձնելու» մասին պնդման հակառակն էին ապացուցում։ Բացի այդ, միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախի գրավյալ տարածքներում իրականացրել էր մոտ 35 մլրդ դրամի ծրագրեր՝ հակառակ վարչապետի այն հայտարարության, թե Արցախում ներդրումներ չեն արվել։

Անցնող տարի վարչապետը շարունակեց պնդումների շարքը, թե նախորդ իշխանությունները վարչատարածքային բաժանման մասին օրենքով արդեն իսկ «հանձնել էին» Շուռնուխից, Որոտանից և Սոթքից հատվածներ։ Ստիպված եղանք կրկին հիշեցնել, որ ներքին օրենքներով երկրի արտաքին սահմանները չեն կարող որոշվել, հետևաբար՝ Փաշինյանի «արդարացումը» տեղին չէ։ 

Ինչ վերաբերում է տնտեսական մանիպուլյացիաներին, վարչապետը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց, որ իրեն հաջողվել է ռազմական ծախսերն ավելացնել 48%-ով: Նա, սակայն, այս թիվը ստացել էր՝ 2021-ը համեմատելով 2017-ի հետ, մինչդեռ պետք է համեմատեր 2018-ի հետ, քանի որ 2018-ի բյուջեն և դրանում ռազմական ծախսերի ավելացումը ևս հաստատել էին «նախկինները»։ Այդ դեպքում, սակայն, աճը կստացվեր ոչ թե 48%, այլ մոտ 2 անգամ պակաս՝ 26%։

2019 թ․ տարեվերջին Փաշինյանը հպարտորեն հայտարարում էր, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով արդեն իսկ առաջ ենք անցել Վրաստանից, իսկ 2020-ին կանցնենք նաև Ադրբեջանին։ 2021 թ․-ին, երբ ամփոփվեցին 2020-ի արդյունքները, պարզ դարձավ, որ ոչ միայն առաջ չանցանք Ադրբեջանից, այլ նաև զիջում ենք Վրաստանին։

Մայիսին, երբ լրացավ Փաշինյանի վարչապետության երեք տարին, ցույց տվեցինք, թե ինչ խոստումներ էր տվել և չէր կատարել վերջինս վարչապետ ընտրվելիս։ Դրանցից էին միլիարդավոր դոլարների ներդրումները, զբոսաշրջության բումը, գյուղատնտեսության աճը, վարչապետի լիազորությունների կրճատումն ու նախագահի լիազորությունների ավելացումը, ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություններ դարձնելը, պետական կառավարման համակարգում կանանց դերի բարձրացումը, ոչ կադրային դեսպանների նշանակման «ավանդույթի» վերացումը և այլն։

Այդ նույն ժամանակահատվածում հանրության հետ վարչապետի շփումների դինամիկայի մասին մեր տարեվերջյան վերլուծությունը ցույց տվեց, որ «թափանցիկ, հաշվետու ու բաց» կառավարման խոստումներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը 2021-ին կտրուկ նվազեցրել է իր սոցցանցային ակտիվությունն ու շփումները լրատվամիջոցների հետ՝ գրեթե դադարեցնելով ուղիղ եթերներն ու ավանդական դարձած «100 փաստերը»։

Մանիպուլյացիաներ իշխանության այլ թևերից

Մանիպուլյացիաների ու շահեկան համեմատությունների առումով երկրի ղեկավարից հետ չէին մնում իշխող ուժի այլ անդամներ ևս։

Օրինակ՝ էկոնոմիկայի նախարարը մակրոտնտեսական ցուցանիշները համեմատում էր նախորդ՝ տնտեսական մեծ անկում գրանցած տարվա հետ, իսկ խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը՝ հայտարարում, թե իրենց օրոք ՀՆԱ-ն դրամային արտահայտությամբ կրկնապատկվել է, ուշադրությո՛ւն, 2007 թվականի համեմատ։ Վերջինս նման շահեկան համեմատությունների դիմեց նաև եկող տարվա բյուջեի մասին օրենքը ներկայացնելու ժամանակ։ Պաշտոնյաների այս հայտարարությունները թեև համապատասխանում են իրականությանը, սակայն մանիպուլյատիվ են, քանի որ համեմատության համար ընտրվում են իշխանության համար շահեկան բազիսային ցուցանիշները։

Նմանատիպ համեմատություն արվեց նաև կառավարության ֆեյսբուքյան էջով, երբ ներկայացվեց գործազրկության մակարդակի նվազումը, որը, սակայն, դժվար կլիներ համարել ձեռքբերում, եթե ներկայացվեր նաև պատճառը՝ աշխատանքային ռեսուրսների և աշխատուժի նվազում։

Մեկ այլ դեպքում ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը փորձեց ցույց տալ, թե իրենց իշխանության օրոք առողջապահության ոլորտին հատկացված ծախսերը ավելացել են 80%-ով։ Սակայն Արշակյանը «մոռացել էր» նշել, որ աճի մեծ մասը պայմանավորված էր կորոնավիրուսի համավարակի պատճառով ոլորտի ֆինանսավորման ավելացմամբ, այսինքն՝ առողջապահության բյուջեի նման ավելացումն իրավիճակային որոշում էր։

Պատերազմի հետևանքով փոխվեց դրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Տրամագծորեն փոխվեց նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացի ու Արցախյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը: Ավելի ճիշտ՝ վարչապետի հայտարարությունն ու ԱԳՆ հայտարարությունները հակասեցին միմյանց։ Արդյունքում՝ հրաժարական տվեցին արտգործնախարարն ու փոխնախարարները, ԱԳՆ խոսնակը։

Տարվա ավարտին Ադրբեջանը անցակետեր տեղադրեց Գորիս-Կապան ճանապարհի՝ իր վերահսկողության տակ գտնվող հատվածի վրա։ Այդ օրերին շահագործման հանձնվեց M2-Տաթև-Աղվանի-M2 շրջանցիկ ճանապարհը։ Հակառակ իշխանությունների պնդումներին, թե այս գործընթացի վերաբերյալ ստորագրված փաստաթղթին հանրությունը ծանոթ էր, իրականում դրա մասին երբևէ չէր բարձրաձայնվել, իսկ կառավարությունը ոչ միայն դրա ստորագրումից անմիջապես հետո ձեռնամուխ չէր եղել շրջանցիկ ճանապարհի շուտափույթ կառուցմանը, այլ նաև լրիվ աչքաթող էր արել ճանապարհի փակվելու հետևանքով գրեթե շրջափակման մեջ մնացած Շուռնուխ, Որոտան և Բարձրավան գյուղերը։ Եվ միայն ճանապարհի փակվելուց մեկ շաբաթ անց կառավարությունը որոշեց սկսել այդ գյուղերի ճանապարհների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման փուլը։

Հետպատերազմական Հայաստանում կեղծ լուրերից ու մանիպուլյացիաներից զերծ չմնաց նաև պաշտպանության ոլորտը։ Ողջ տարվա ընթացքում Պաշտպանության նախարարությունը բազմաթիվ անգամներ փորձում էր հերքել սահմանին կատարվող իրադարձությունները։ Նախ՝ տարեսկզբին հերքում էր Խնձորեսկում ադրբեջանցիների կողմից ոչխարների առևանգման փաստը, այնուհետև՝ օմբուդսմեն Արման Թաթոյանի պնդումն այն մասին, որ մայիսից Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժը ոչ միայն մտադիր չէ լքել զբաղեցրած դիրքերը, այլ նաև ամրաշինական լուրջ աշխատանքներ է իրականացրել այդ հատվածներում։ Իսկ արդեն նոյեմբերին ՊՆ-ն շտապեց հերքել ադրբեջանցիների կողմից զինտեխնիկայի օգնությամբ Հայաստանի տարածքում դիրքերից մեկի վրա հարձակվելու փաստը։ Այս հերքումները հիմնականում իրականությունից կտրված էին, հակասում էին իշխանության այլ ներկայացուցիչների հայտարարություններին։ 

Ընդհանրապես, այս հարցում ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՊՆ-ից «ավելի կաթոլիկ» էր։ Նա հայտարարում էր դիրքեր վերցնելու մասին այն ժամանակ, երբ ՊՆ-ն հայտնում էր դիրքային կորուստների մասին։ 

Վերադառնալով Երևան․ տարեվերջին պարզ դարձավ, որ պատերազմի ավարտից ի վեր Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և «Քաղաքացիական պայմանագրի» ջրերը մի առվով չեն հոսում։ Քաղաքապետի դեմ մեդիաարշավի ընթացքում իշխանական կուսակցությունը հակասեց իր նախկին հայտարարությանը Մարությանի՝ կուսակցությունից դուրս եկած լինելու մասին, ինչպես նաև փորձեց ապացուցել նրա կապը «նախկինների» հետ՝ օրինակ բերելով Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի մեծադիր պաստառների տեղադրումը Երևանում։ Փաստերը, սակայն, վկայում էին, որ Մարությանն ամեն կերպ փորձել էր պայքարել այդ պաստառների տեղադրման դեմ՝ ընդհուպ մինչև դատարանի վճիռը վերաքննիչում բողոքարկելով։

Կորոնաֆեյքեր

2021 թվականի սկզբին կորոնավիրուսի վերաբերյալ լուրերը հայտնվել էին ինֆորմացիոն հոսքերի երկրորդ պլանում՝ ի տարբերություն 2020 թվականի: Իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ Հայաստանը սկսեց ներմուծել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի առաջին խմբաքանակը: Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում ակտիվորեն տարածվեցին պատվաստանյութերի մասին կեղծ լուրերը և դավադրապաշտական տեսությունները։

Բրիտանաշվեդական «Աստրազենեկայի»՝ մի շարք երկրներում ժամանակավոր կասեցումից հետո Հայաստանում տարածվեցին տեղեկություններ, թե պատվաստանյութի կիրառությունն արգելվել է և Հայաստանը փորձադաշտ է ծառայում դրա համար: Սակայն չնայած որոշակի սահմանափակումների՝ իրականում «Աստրազենեկան» ներկայումս աշխարհում ամենաշատ կիրառում ունեցող պատվաստանյութերից է:

Հուլիսին, երբ հանրապետությունում պատվաստման գործընթացն արդեն սկսվել էր, որոշ օգտատերեր տեղեկություններ տարածեցին, թե առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատվաստվել է «առանց ներարկիչի», հետևաբար՝ նախարարն իրականում չի պատվաստվել: Սակայն ներարկման գործողությունը տեղի էր ունեցել բազմաթիվ լրագրողների ներկայությամբ, և այս տեղեկությունը հեշտությամբ հերքվեց այլ լուսանկարներով, որոնցում ներարկիչը երևում էր:

Հոկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ մտած՝ կորոնավիրուսի համավարակի դեմ կանխարգելիչ նոր միջոցառումների ժամանակ տեղեկություն տարածվեց, թե «Աստրազենեկա», «Մոդերնա», «Փֆայզեր» պատվաստանյութերում հայտնաբերվել են քաղցկեղածին նյութեր: Սակայն տեղեկությունը չհաստատվեց, քանի որ այն հաստատող որևէ արժանահավատ հետազոտություն չէր արվել, ինչպես նաև հերքվեց պնդումն այն մասին, թե ՌՆԹ տեխնոլոգիայով ստեղծված պատվաստանյութերը («Մոդերնան» և «Փֆայզերը») ազդում են գենի վրա:

Սրանք էին 2021 թ․-ին «Փաստերի ստուգման հարթակի» ստուգած հիմնական տեղեկությունները։ Հույս ունենք, որ գալիք տարում հերքման ենթակա լուրերի քանակը կնվազի և մեդիան ու սոցցանցերը կառաջարկեն ավելի որակյալ բովանդակություն։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։ 

Փաստերի ստուգման հարթակ