«Ասեցին՝ հեռախոսը կա, բայց ձեր տղան չկա… Հետո էլ չեմ հիշում». Մայրն ասում է՝ զարմանում է, թե ոնց է ապրում

42-ամյա Գոհար Մկրտումյանը հուզմունքով ասում է՝ միշտ է վախ ու որդուն կորցնելու տագնապ ունեցել։ Նշում է՝ դեռ բանակ ճանապարհելիս սիրտը վատ բան էր կանխազգում։ 

«Իրա հետ իմ կապն ուրիշ էր, մայրական սիրտս զգում էր։ Դեպքի օրն էլ՝ առավոտվա 5-ին, արթուն նստած էի, էդ պահին էլ իրանից էինք խոսում։ Մի քանի ժամ հետո իմացանք լուրը»,- հուզմունքով պատմում է Գոհարը։

Գոհարը որդուն՝ 19-ամյա Յուրա Հարությունյանին կորցրել է պատերազմի ժամանակ։

Յուրան Ֆիզուլիում է ծառայել, երբ սկսվել է պատերազմը։ Հակառակորդի դեմ թեժ մարտեր է մղել Ֆիզուլիում, Ջրականում, Հադրութում, այնուհետև տեղափոխվել Մարտունի։

«Մարտունիում էլ հոկտեմբերի 30-ին դեպքը եղել է, ԱԹՍ-ի հարվածից է զոհվել»,- ասում է մայրը։

Գոհարը հիշում է՝ մեկ օր առաջ որդին զանգել ու շատ հանգիստ խոսել, հանգստացրել է նաև ընտանիքի անդամներին։ «Ասեց՝ մա՛մ, դժվարն արդեն անցել ենք, ամենավտանգավոր տեղն անցել ենք, ստեղ արդեն նորմալ ա, առաջին անգամ լողացել ենք, հիմա ընկերներով ջերմ զրուցում ենք, հանգիստ եղի։ Հենց էդ առավոտյան դեպքն էղավ»,- պատմում է մայրը ու հուզվում։

Հարությունյանները նույն օրն էլ իմացել են դեպքի մասին։ 

Մայրը պատմում է, որ որդու հեռախոսահամարից զանգ է եկել, ամուսինը վերցրել է, ու հայտնել են. «Ասեցին՝ հեռախոսը կա, բայց ձեր տղան չկա… Հետո էլ չեմ հիշում։

Ուշքի եկա հիվանդանոցում, համոզում էին, որ վիրավոր ա, որ երկու Յուրա ա եղել, իմ Յուրան վիրավոր ա։ Բայց ես հաստատ գիտեի, իմ սիրտը երբեք չի խաբել»,- կսկիծով ասում է որդեկորույս մայրը։

Մայրն ասում է՝ որդու մարտական ընկերները Յուրայի սխրանքներից մանրամասներ են պատմել։ Յուրան «Ֆագոտ» զենքին է տիրապետել, մեծ կորուստ է պատճառել թշնամուն, ոչնչացրել է հակառակորդի 2 տանկ, 5 ՀՄՄ, 3 «Ուրալ», 2 «ԿամԱԶ» մեքենա, 2 տրակտոր։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Մայրն ասում է՝ որդին շատ նպատակներ ուներ, Յուրան ցանկացել է ծրագրավորող դառնալ, ընդունվել է Իջևանի համալսարանի ծրագրավորման բաժինը։ Ցանկացել է հետագա ուսումը շարունակել Երևանում․ 

«Ասում էր՝ մա՛մ, սպասի, ես կգամ քեզ ըտեղից վերցնեմ (մենք Բերդում ենք ապրում), ես ուսումս պիտի Երևանում շարունակեմ, դու ինձ մոտ կլինես»։ Մոր խոսքով՝ որդին սիրել է նաև սպորտը, զբաղվել է ֆուտբոլով, մարզասրահ է հաճախել։

Յուրան նաև բարի, հասնող, կամեցող և հումորով էր, ծիծաղեցնում ու ուրախացնում էր բոլորին՝ պատմում է մայրը ու հուզմունքով ասում՝ չգիտի, թե ոնց է ապրում առանց որդու։

«Մեր կապը շատ ուրիշ էր, ես իր հետ ավելի կապված էի, քան աղջկաս, ես էլ եմ զարմանում՝ ո՞նց եմ առանց իրա շարունակում ապրել։ Ես մտածում եմ՝ դեռ ծառայության մեջ ա, սպասում եմ, չեմ հավատում, եթե հավատամ, երևի չդիմանամ»,- ասում է ու հուզվում Գոհարը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am