«Թունավորումներից խուսափելու համար միայն պատշաճ վերահսկողությունը բավարար չէ, եթե քաղաքացին չի հետևում հիգիենային». Բաբկեն Պիպոյան

«Այո՛ ամառը, վատ իմաստով, նպաստավոր է սննդային թունավորումների համար, քանի որ շոգը նպաստում է մթերքների շուտ փչանալուն, բայց ասել՝ դե, ամառ է, նորմալ է, որ թունավորումների դեպքեր կան, ճիշտ չէ»,- «Մեդիալաբին» ասում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ սննդային թունավորման հետևանքով հոսպիտալացվել էր չորս անձ, որոնք միևնույն սննդի կետից գնած տավարի մսով քաբաբ էին կերել: Որոշ ժամանակ անց բոլորի մոտ առաջացել էին փսխում և լուծ։

Բաբկեն Պիպոյանը նկատում է, որ թունավորումը բազմակոմպոնենտ է՝ սկսվում է արտադրողի թերացումներից, ավարտվում սպառողի թերացումներով:

«Թունավորման պատճառ կարող է լինել ի սկզբանե պատշաճ պայմաններում չարտադրված սնունդը, տնային պայմաններում քաղաքացու գնած ապրանքը սխալ մշակելը, պատշաճ վերահսկողությունից զուրկ ապրանքի օգտագործումը, քաղաքացիների կողմից, ըստ էության, անհամադրելի սնունդների օգտագործումը և միջին նորմատիվ ծավալի գերազանցումը, այսինքն՝ շատ ուտելը»,- ասում է Պիպոյանը:

Որպեսզի սննդային թունավորումներից հնարավոր լինի խուսափել, Բաբկեն Պիպոյանն ընդգծում է, որ և՛ պետությունը, և՛ քաղաքացին, և՛ արտադրողը պետք է իրենց պարտականությունները պատշաճ կերպով իրականացնեն, ոչ թե մեղքը մեկը մյուսի վրա բարդեն:

«Քաղաքացին տնային պայմաններում սնունդը պետք է պահի արտադրողի ցուցումներին համապատասխան: Ջերմային ռեժիմի խախտում կարող է տեղի ունենալ ինչպես խանութում, արտադրամասից խանութ տեղափոխելիս, այնպես էլ՝ տան պայմաններում: Հատկապես ամռանը շատ կարևոր է, որ քաղաքացին հետևի սանիտարահիգիենիկ նորմերին և այն ցուցումներին, որոնք տրված են կոնկրետ արտադրատեսակի համար»,- ասում է Պիպոյանը:

Բաբկեն Պիպոյանը նշում է, որ քաղաքացին նաև չպետք է գնի փողոցում վաճառվող սնունդ, անհայտ ծագման մթերք, այն պետք է ունենա հստակ ծագում, ապրանքների մակնշումը պետք է ևս հստակ ու տեսանելի լինի քաղաքացու համար:

«Պետությունն էլ իր հերթին պետք է խիստ հսկողություն իրականացնի, որովհետև ոչ բոլոր թունավորումներն են, որ պայմանավորված են մթերքի՝ քաղաքացիների կողմից սխալ օգտագործմամբ: Թունավորումների մի մասի մեղավորությունը պետական համակարգինն է, արտադրողինը, վերահսկողինը, ապա նոր՝ սպառողինը»,- ասում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահն ու նշում, որ պետության և վերահսկող մարմնի մեղքով է, որ խանութներում մթերքը նորմային համապատասխան չի պահպանվում, որ փողոցային առևտուրը շարունակվում է:

«Ըստ էության, ունենք օրենքով արգելված առևտուր, որի դեմ քաղաքային իշխանությունները պետք է պայքար մղեն, բայց չեն մղում, և ունենք խանութում իրացում, որի պատասխանատուն Սննդի անվտանգության տեսչական մարմինն է՝ ի տարբերություն փողոցային առևտրի, որտեղ կան բացթողումներ, որով պետք է զբաղվի լիազոր մարմինը: Պետք է շրջել կամայական խանութում, և կտեսնենք, որ պայմանական կտրտած երշիկը դրված է սառնարանի դրսի, ոչ թե ներսի հատվածում, մինչդեռ ընդամենը պետք է նայել ապրանքի պահպանման պայմանները, թե ինչ պայմաններում պետք է պահվի, և արդեն պարզ կլինի, որ, օրինակ՝ խանութի սենյակային ջերմաստիճանը չի համապատասխանում տվյալ մթերքի փաթեթավորման վրա առկա մակնշման պահանջներին»,- ասում է Պիպոյանը, բայց նաև նկատում, որ միայն պատշաճ վերահսկողությունն էլ բավարար չէ, եթե քաղաքացին չհետևի հիգիենային, տանը՝ ապրանքի պահպանման պայմանին, տան սանիտարական վիճակին՝ ամենաիդեալական ապրանքն էլ տուն տանելուց հետո կփչանա:

Բաբկեն Պիպոյանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս այս սեզոնին ունենալ ավելի դյուրամարս սննդակարգ, ծանր ուտելիքներից և շատ ուտելուց խուսափել, չչարաշահել ալկոհոլը, ավելի հաճախ օգտագործել ջուր, մրգեր, բուսական ծագման մթերքներ և քիչ օգտվել մսից:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am