«Ի՞նչ ժողովրդավարության բրենդի մասին կարելի է խոսել, երբ դատավորի նկատմամբ քրեական գործ է հարուցվում իր պարտականությունները կատարելու համար». Արա Ղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը

– Պարո՛ն Ղազարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է: Խնդրում եմ ձեր մեկնաբանությունը:

– Այո՛, իսկապես, ժողովրդավարության առումով Հայաստանն ունի արձանագրած լուրջ հաջողություններ: Բայց հիմնական զարգացումները, իմ դիտարկումներով, սկսեցին 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո՝ 2009-2010 թվականներին և պայմանավորված էին հենց այդ դեպքերով:

Բոլոր միջազգային փաստաթղթերում գրված է՝ ազատ խոսքը ժողովրդավարության հիմնաքարն է, իսկ մենք ազատ խոսքի բնագավառում, ցավոք, հետընթաց ունենք՝ կապված զրպարտության, վիրավորանքի քրեականացման, անանուն աղբյուրների բացարձակ արգելքի հետ և այլն:

Գուցե մենք ցանկանում ենք, որ ժողովրդավարությունը բրենդային լինի, բայց ժողովրդավարություն ասելով հասկանում ենք երեք բան՝ ժողովրդավարական կառավարում, օրենքի գերակայություն և մարդու իրավունքներ: Եթե մենք ազատ խոսքի բնագավառում արդեն իսկ միջազգային մարմինների կողմից ունենք արձանագրված հետընթաց, ուստի մնում է շտկել սխալներն ու առաջ անցնել:

– Այսինքն՝ համաձայն չեք, որ ժողովրդավարության հարցում կա առաջընթաց:

– Եթե մենք ունենայինք առաջընթաց և ունենայինք բացարձակ ժողովրդավարություն, ապա դուրս կգայինք ԵԽ մոնիթորինգի տակից: Օրինակ՝ Էստոնիան 3 տարի է գտնվել մոնիթորինգի տակ: Իսկ մեզ նման երկրները արդեն 20 տարի՝ չենք կարողանում դուրս գալ մոնիթորինգի տակից: Դա նշանակում է, որ մեր պարտավորությունները արդեն 20 տարի չենք կարողանում կատարել:

Հիմնական պրոբլեմը կիրառության մեջ է՝ օրենքները մեծ իմաստով համապատասխանում են եվրոպական ստանդարտներին, բայց, ա՛յ, կիրառելը, հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին մեր հասարակությունը, ես չեմ ասում՝ կառավարությունը, դեռ չունի: Հավանաբար դեռ ժամանակ է պետք դրա համար:

Այնպես որ, իրավիճակն այդպիսին է, և մենք ճանապարհ ունենք անցնելու:

Շատ բնագավառներում մենք ունենք լուրջ հաջողություններ, նույնիսկ արտահանում ենք ժողովրդավարություն, այսինքն՝ գալիս, մեզնից սովորում են: Օրինակ՝ օմբուդսմենի ինստիտուտի հետ կապված եղել են մի քանի երկրներ, որոնք եկել ու մեր փորձը ընդօրինակել են: Մենք գրանցված լուրջ հաջողություններ ենք ունեցել կալանավայրերում պայմանների բարելավման առումով, դատական իշխանության ինքնակարգավորման մարմիններ ստեղծելու առումով, ազատ խոսքի ոլորտում լուրջ ձեռքբերումներ ունեինք, բացառությամբ վերջին զարգացումների:

Հավաքների հարցում մենք օրենքները անընդհատ հղկեցինք, հղկեցինք, և արդյունքում այսօր հավաքների մասին օրենսդրությունը համապատասխանում է եվրոպական պրակտիկային: Բազմաթիվ օրինակներ կան:

– Զուգահեռ՝ դատական համակարգում են ակտիվ շարժեր տեղի ունենում, դատավորներից մեկը վերջերս կալանավորվեց: Արդյոք այս դեպքը և՞ս կարող է հարված լինել հայաստանյան ժողովրդավարությանը:

– Այո՛, դա գործադիր իշխանության ոտնձգությունն է դատական համակարգի նկատմամբ: Իհարկե, դա անթույլատրելի է: Պրակտիկայում Քրեական օրենսգրքի որոշ դրույթների, օրինակ՝ 348-րդ հոդվածի կիրառությունը և դատավոր Բախշիյանի կալանավորումը, դատավորների նկատմամբ մասսայական կարգապահական վարույթների հարուցումը արդարադատության նախարարի կողմից չեն կարող վարչապետի այդ հայտարարության համատեքստում տեղավորվել:

Պատահական չէ, որ դատավորների նկատմամբ ոտնձգությունների գործերին Եվրոպական դատարանը առաջնահերթություն է տալիս և բավականին արագ քննում: Պատճառը պարզ է՝ այդ գործերում Եվրոպական դատարանը տեսնում է ճգնաժամային իրավիճակ:

Ի՞նչ ժողովրդավարության բրենդի մասին կարելի է խոսել, երբ դատավորի նկատմամբ քրեական գործ է հարուցվում իր պարտականությունները կատարելու համար, որն անձին ազատությունից զրկել է, քանի որ այդպես է ճիշտ համարել:

– Այսօր նաև Կառավարությունը հաստատեց դատավորներին սոցիալական երաշխիքներ տալու մասին նախագիծը, այսինքն՝ իրավապահ ու դատական համակարգի կենսաթոշակները կբարձրանան: Դա կարո՞ղ է նպաստել նրանց ազատ գործունեությանը:

– Դա լավ է, դա դատական իշխանության անկախության գործոններից մեկն է և շատ լավ է: Բայց մյուս կողմից՝ այնպիսի որոշումներ են կայացնում, որոնք հորիզոնական սառեցնող լուրջ ազդեցություն կարող են ունենալ դատավորների անկախության վրա:

– Դատավորները հիմա իրենց բողոքներն են արտահայտում, ինչ-որ ակցիաներ են իրականացվում: Չե՞ք կարծում, որ ի դեմս դատական համակարգի առանձին մարմինների՝ կառավարության դեմ փոքրիկ օջախ է ձևավորվել:

– Դա իրենց իրավունքն է, որը ձևավորված է ԵԽ նախարարների կոմիտեի քաղաքական փաստաթղթում, որի համաձայն դատավորները պետք է իրավունք ունենան կազմավորել միություններ և գործել միության շրջանակում: Դրա հիման վրա ժամանակին ձևավորվեց դատավորների միությունը: Այդ միությունը, ըստ էության, անգործության էր մատնված, զբաղված էր միայն ինչ-որ ձեռնարկներ հրատարակելով: Հիմա որոշել են ակտիվանալ, որը նրանց իրավունքն է:

– Իշխող ուժից որոշ գործիչներ պնդում են, որ այդ միությունը ղեկավարում է քաղաքական հայացքներով հայտնի դատավորներից մեկը: Խոսքը Ազարյանի մասին է:

– Ես երբեք նրա կողմից քաղաքական հայտարարություններ չեմ լսել, չեմ տեսել: Գուցե անձնական, մասնավոր հանդիպումներում անզգույշ է եղել, բայց որ քաղաքական չեզոքությունը խախտել է՝ չեմ տեսել: Եթե նա դա աներ մեր այս իրականության մեջ, վաղուց նրա դեմ կարգապահական վարույթներ կբերեին:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am