«Ներդրումների աջակցման կենտրոն»-ն ամփոփել է «խելացի գյուղատնտեսություն» ծրագրի առաջին փուլի աշխատանքները

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը (Enterprise Armenia) ամփոփել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող՝ «Սևծովյան ավազանի տարածաշրջանում գյուղատնտեսության և հարակից ոլորտներում պայմանների համատեղ նախապատրաստում՝ թվային փոխակերպման նպատակով (խելացի գյուղատնտեսություն)» ծրագրի առաջին փուլում կատարված աշխատանքները, որոնք ծրագրի հետագա բարեհաջող իրականացման կարևոր նախապայման են: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Ներդրումների աջակցման կենտրոն»-ից:   

Ծրագրի արդյունքում նախատեսվում է մշակել մի մոդել, որը գյուղատնտեսության և հարակից ոլորտներում թվային փոխակերպման նախադրյալներ կստեղծի. մի գործընթաց, որն ինտենսիվ կերպով ընթանում է ողջ աշխարհում:

Ծրագրի կարևորագույն և առանցքաին արդյունքներից մեկը առցանց հարթակի ներդրումն է, որի շնորհիվ ծրագրի գործընկեր երկրներում թվային գյուղատնտեսության ներկայացուցիչների միջև հնարավոր կլինի կապ հաստատել: Նմանատիպ հարթակ Հայաստանում կգործի առաջին անգամ և կապահովի շահառուների միջև արդյունավետ արդյունաբերական և առևտրային կապեր, փորձի փոխանակում, տեխնոլոգիական և գործարար համագործակցություն: Հարթակը ունենալու է նաև հարուստ տվյալների բազա, ուր ամփոփված են լինելու ոլորտում իրականացված բոլոր հետազոտական աշխատանքները, վիճակագրական տվյալներ, ոլորտային ուղեցույցեր:

Ծրագրի առաջին փուլում, մի շարք հանդիպումների և փորձագիտական քննարկումների արդյունքում, սահմանվել են թվային գյուղատնտեսության գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ հետազոտությունների իրականացման չափանիշները: Դրանց հիման վրա կազմված հետազոտական հարցաթերթերը կբացահայտեն ոլորտում ընդգրկված անհատների և կազմակերպությունների ընդհանուր պատկերը և վեր կհանեն Հայաստանում և գործընկեր մյուս 5 պետություններում թվային գյուղատնտեսության առկայության և զարգացման մակարդակը, առկա խնդիրները, հնարավորությունները:

«Ներդրումների աջակցման կենտրոնի» ջանքերով՝ հավաքագրվել է թվային գյուղատնտեսության ոլորտում որևէ կերպ ներգրավված կամ գործող 100 շահառուների ցանկը՝ ֆերմերներ, արդյունաբերության ներկայացուցիչներ, հետազոտական ինստիտուտներ, ՏԻՄ ներկայացուցիչներ: Վերջինների հետ հարցումները և դրանց արդյունքների ամփոփումը կիրականացվեն հատուկ մշակված մեթադաբանությամբ:

Ծրագրի ամբողջական իրականացումը և առցանց հարթակի ներդրումն ու գործարկումը նախատեսված է ավարտին հասցնել նախքան 2022 թվականի մարտ ամիսը: