ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով թմրամիջոցի անօրինական տեղափոխումը

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:  

Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները, ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու մաքսային զննման արդյունքում,  հայտնաբերել են 1334 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգվածներով 70 թիթեղյա տարա: 

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հայտնաբերված թմրամիջոցի զանգվածները տրամադրել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։