Կառավարությունը հուլիսի 1-ից կբարձրացնի կենսաթոշակի և նպաստի նվազագույն չափը

Կառավարությունը հուլիսի 1-ից կբարձրացնի կենսաթոշակի և նպաստի նվազագույն չափը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նա նշեց, որ հուլիսի 1-ից կենսաթոշակի նվազագույն չափը կսահմանվի 36000 դրամ՝ 31600 դրամի փոխարեն:

 «Միջին կենսաթոշակը կբարձրանա 7,1 տոկոսով՝ 46,100 դրամից հասնելով 49,700 դրամի: Զինվորական միջին կենսաթոշակը ներկայիս 87,590 դրամից կհասնի 91,600 դրամի: Նվազագույն կենսաթոշակի և պարենային զամբյուղի հարաբերակցությունը 99,5 տոկոս է»,- ասաց նախարարը:

Ըստ Մկրտչյանի՝ նաև ունենք դրական դինամիկա միջին կենսաթոշակի և սպառողական զամբյուղի հարաբերակցության առումով:

«Այս պահին 68,9 տոկոս է, բայց հուլիսի մեկի բարձրացմամբ մենք այդ հարաբերակցությունը հասցնում ենք 73,7 տոկոսի:

Նվազագույն կենսաթոշակը 2018 թվականից ի վեր այս պահի դրությամբ բարձրացրել ենք 225 տոկոսով, 16,000 դրամից դարձրել ենք 36,000 դրամ այն դեպքում, երբ ասում ենք, որ նաև պարենի զամբյուղն է գնաճ գրանցել: Պարենի գնաճը 73 տոկոս է, իսկ կենսաթոշակինը՝ 225 տոկոս»,-ասաց նա: