Էդվարդ Նալբանդյանի ուղերձը Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկի կապակցությամբ

Էդվարդ Նալբանդյանի ուղերձը Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկի կապակցությամբ
Էդվարդ Նալբանդյանի ուղերձը Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկի կապակցությամբ

Հայաստանն այս տարի հերթական անգամ մեծ շուքով տոնելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Երկու ամսվա ընթացքում կանցկացվեն ավելի քան 400 մշակութային, գեղարվեստական, կրթական և բուհական միջոցառումներ: Հայաստանում 2014 թվականի Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը կտրվի ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Պատրիսիա Կաասի հանդիսավոր համերգով, որը կնվիրվի ֆրանսիական երգի լեգենդ Էդիթ Պիաֆի երգացանկին: Չորս հարյուրից ավելի միջոցառումների կազմակերպումը Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում […]

Հայաստանն այս տարի հերթական անգամ մեծ շուքով տոնելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Երկու ամսվա ընթացքում կանցկացվեն ավելի քան 400 մշակութային, գեղարվեստական, կրթական և բուհական միջոցառումներ: Հայաստանում 2014 թվականի Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը կտրվի ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Պատրիսիա Կաասի հանդիսավոր համերգով, որը կնվիրվի ֆրանսիական երգի լեգենդ Էդիթ Պիաֆի երգացանկին:

Չորս հարյուրից ավելի միջոցառումների կազմակերպումը Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում աննախադեպ է ոչ միայն Հայաստանում, այլև անգամ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների շարքում:

Կարևոր է ընդգծել Հայաստանի պետական կառույցների` հատկապես Ազգային ժողովի, Տարածքային կառավարման, Կրթության և գիտության, Մշակույթի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներգրավվածությունը` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողքին, որը համակարգում է այդ աշխատանքը:

Ուրախալի է, որ Հայաստանի երիտասարդությունը` դպրոցականները և ուսանողները, շարժիչ ուժ են հանդիսանում ֆրանկոֆոն արժեքների տարածման համար:

Ողջունելի է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ մասնակցությունը ֆրանկոֆոն մշակույթի այս խոշոր իրադարձությանը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի հաջող անցկացմանը օժանդակելու համար, և հատկապես Ֆրանսիայի դեսպանությանը, որն ամեն տարի, պատրաստակամորեն, իր կարևոր նպաստն է բերում այս իրադարձության հաջողության ապահովմանը:

Ֆրանկոֆոն երկամսյակը ևս մեկ առիթ է Հայաստանի համար` վերահաստատելու մեր նվիրվածությունը ֆրանկոֆոն արժեքներին: Դա վկայությունն է այն կարևորության, որ Հայաստանը տալիս է իր պատկանելությանը ֆրանկոֆոն տարածքին, որը երկխոսության և համագործակցության արդյունավետ շրջանակ է և մեզ հնարավորություն է ընձեռում առավել համակարգված գործել միջազգային ասպարեզում:

Գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ Հայաստանի համագործակցությունը ֆրանկոֆոն կառույցների հետ ամրապնդվել է բոլոր բնագավառներում: Այդ համատեքստում ցանկանում եմ, նախ և առաջ ընդգծել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի սերտ համագործակցությունը: Ողջունելի է ս.թ. փետրվարի 5-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի կողմից ՀՀ Ազգային ժողովին վեհաժողովի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու մասին որոշումը: Դինամիկ զարգացում է ապրում նաև ֆրանկոֆոն ապակենտրոնացված համագործակցությունը, որի վկայությունն է Հայաստանի և Ֆրանսիայի` շուրջ երեք տասնյակից ավելի տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի անցկացումը:

Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանում մեկնարկող Ֆրանկոֆոնիայի երկամսյակը լիովին համահունչ է Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև հաստատված սերտ հարաբերություններին: Համոզված եմ, որ այս տարի ևս այն մեծ արձագանք և ընդունելություն կգտնի հայ հասարակության լայն շրջանակներում: Մաղթում եմ ամենայն հաջողություն Ֆրանկոֆոնիայի երկամսյակին:

Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար