Սա փիար շոու է, երբ դժգոհությունների դեպքում  ղեկավարը ցույց  է տալիս, որ ինքը մեղավոր չէ, մեղավոր են ուրիշները. Քաղտեխնոլոգ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը 

– Պարո՛ն Բադալյան, խոսակցություններ կան Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, կխնդրեմ ասեք՝ որքանո՞վ եք հավանական համարում, որ ևս մեկ արտահերթ ընտրություն կանցկացվի, և եթե հավանականություն կա, ո՞րն է լիելու արտահերթ ընտրությունների գնալու իշխանության նպատակը։

– Հայաստանում կանցկացվի՞ արտահերթ ընտրություն, թե՞ չի անցկացվի՝ այսօր որոշում են ոչ թե Հայաստանի իշխանությունները, այլ՝ նրանց ղեկավար կենտրոնները, որովհետև եթե արտաքին այդ պահանջը չլինի, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պատճառ ընդհանրապես չկա: 

Խորհրդարանի մեծ մասն ամբողջովին ենթակա է վարչապետին, ընդդիմությունը որևէ ձևով չի խանգարում վարչապետի կամ իշխող քաղաքական ուժի գործունեությանը, մեկ-մեկ քննադատում է, դա նորմալ է: Աշխարհի բոլոր խորհրդարանների նման աշխատում են, այսինքն՝ երկրի ներսում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կարիք չկա, որովհետև արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվում են, երբ կան կառավարման ճգնաժամ, լեգիտիմության հարց: 

Այսօր Հայաստանում այդ խնդիրները՝ որպես այդպիսիք, չկան, այսինքն՝ եթե արևմտյան կենտրոններից Հայաստանի իշխանությանը ղեկավարող քաղաքական ուժերը իրենց առաջ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակ չդնեն, ապա Հայաստանում դրանք չեն անցկացվի։ Իսկ ինչո՞ւ արևմտյան այդ կենտրոններից կարող են պահանջել արտահերթ ընտրություններ, այսօր դժվար է ասել, որովհետև դրա համար պետք է նրանց ծրագրերն իմանալ։ 

– Ստացվում է, որ 2020 թվականի պատերազմից հետո էլ անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները որոշվեցին ոչ թե Հայաստանի ներսում, այլ դրսո՞ւմ։

– Այո՛, որովհետև կարիք կար ցույց տալ, որ Հայաստանի իշխանություններն անգամ այդ կապիտուլյացիոն ակտից հետո քաղաքական լեգիտիմություն ունեն իրենց գործունեությունը շարունակելու համար, ինչը և իրականացավ։

– Ձեր գնահատմամբ՝ եթե հիմա էլ անցկացվեն արտահերթ ընտրություններ, գործող իշխանությունը կկարողանա՞ հաղթել։

– Հայաստանում 1995 թվականից հետո արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ միշտ իշխող քաղաքական ուժը մեծամասնություն ապահովել է, ու եթե լինի արտահերթ խորհրդարանական ընտրություն, դրանք, ի դեպ, հենց այնպես չեն անցկացվում, քանի որ ընտրությունների ինստիտուտը 95 թվականից հետո Հայաստանում այլևս չի աշխատում, չպետք է հարցը հնչեցնել այդ տրամաբանությամբ, ինչպես դուք ասացիք։ 

Եթե անգամ արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու որոշում կայացվի, արդեն հստակ սանդղակն իջեցվելու է՝ որ քաղաքական ուժն ի՛նչ տեղ կունենա ապագա խորհրդարանում: Իհարկե կարող է մի քաղաքական ուժ չհաշվարկված մի քանի տեղ փախցնել, բայց հիմնական պատկերը նախապես գծվում է, ու դա էլ իրականություն են դարձնում։ Շատ վաղուց իշխանություն չի ձևավորվում ընտրություններով, պարզապես ընտրություններով արդեն փաստացի եղածին իրավական տեսք են հաղորդում։ 

– Պարո՛ն Բադալյան, Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, արդեն երկրորդ մարզպետն է աշխատանքից ազատվում, ի՞նչ նպատակ են հետապնդում։

– Սա փիար շոու է ու արվում է հետևյալ նպատակով. քանի որ Հայաստանում կառուցվում է ավտորիտար կամ անձնիշխան կառավարման համակարգ, որն ունի իր գործելու կանոնները, երբ դժգոհություններ են առաջանում կոնկրետ ղեկավարից, ապա ղեկավարը, ցույց տալու համար, որ ինքը մեղավոր չէ, այլ մեղավոր են ուրիշները, որոնք իրենց աշխատանքը լավ չեն կատարում, ընտրում է միջին օղակի թիրախ, որպեսզի տեսանելի լինի այդ թիրախը, ու, բնականաբար, այդ թիրախի դեմ է ուղղվում եղած դժգոհությունը: 

Հասկանալի է, որ դպրոցի շինարարության համար մարզպետը պատասխան չի տալիս, դրա համար գոյություն ունեն համապատասխան պետական մարմիններ, որոնք պետք է այդ ստուգողական աշխատանքները կատարեն, բայց վարչապետը չի կարող ասել, որ մեղավոր է տեսչական մարմնի այսինչ աշխատողը, որովհետև դա տեսանելի չէ հանրության համար, բայց, ա՛յ, մարզպետը այլ հարց է, որովհետև նրան մեծ մասն է ճանաչում։ 

Սա մեկ, իսկ երկրորդը՝ ավտորիտար կառավարման համակարգում հասարակությանը պետք է ցույց տրվի, որ թիվ մեկ ղեկավարը՝ երկրի «հայրը», ձեռքը զարկերակին է պահում ու ամեն ինչ ինքն է վերահսկում․ աղբամաններն ի՛նչ չափս պետք է ունենան, ի՛նչ գույնով պետք է դրանք ներկվեն, վոլեյբոլի ցանցն ինչպիսի՛ն պետք է լինի, ասֆալտն ուղի՞ղ է, թե՞ ջրափոս կա, ու պետք է կանգնի ջրափոսի մեջ, որ ստուգի։ 

Սրանք այդ կառավարման համակարգի օրինաչափություններն են, որոնք փիար շոուի միջոցով ցուցադրվում են, սա միայն Հայաստանում չէ։ Ընդհանուր նկատվում է, իսկ շատ հաճախ՝ Բելառուսում, երբ Լուկաշենկոն նույն ձևերով գնում է տարբեր շինություններ ու ստուգում է անգամ՝ փոշին մաքրվա՞ծ է, թե՞ մաքրված չէ։ Նման կառավարման համակարգերում դա շատ ընդունված փիար շոու է։

– Ստացվում է ի՞նչ, Նիկոլ Փաշինյանը ավտորիտարիզմի՞ է ձգտում։

– Ինքը չի ձգտում, իշխող քաղաքական ուժը 2018-ից դա կառուցում է ու ավարտին է հասցնում, հիմա ավարտական աշխատանքներն են։ Ունենք անձնիշխան կառավարման համակարգ, երբ քիչ թե շատ կարևորություն ներկայացնող բոլոր կառույցները զբաղեցնում են կոնկրետ քաղաքական մեկ ուժի ու նրա ղեկավարին, իսկ եթե չեն սպասարկում, ապա տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ, ասենք՝ Ալավերդիում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am