«Փաշինյանը պետք է ծանր որոշում կայացնի, որ բոլոր գործակալներին Հայաստանից դուրս բերի, որպեսզի բավարարի բոլորի ցանկությունները». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, օրերս Հայաստան էին այցելել ԱՄՆ-ի, Իրանի և Ռուսաստանի հետախուզական ծառայությունների ղեկավարները։ Ձեր գնահատմամբ՝ այցերի նպատակը ո՞րն է։

– Այդ գործընթացը մեկնարկեց Վլադիմիր Պուտինի՝ Իրան այցին ընդառաջ։ Ռուսաստանը, հավանաբար, Իրանի Իսլամական Հանրապետությանը որպես իր բարի կամքի ու համագործակցության դրսևորում հանձնեց ամերիկյան հետախույզների ցուցակը Հայաստանում, որոնք Իրանի դեմ հետախուզական աշխատանք են կատարում:

Բնականաբար, դրանից հետո ԻԻՀ-ի հետախուզության տնօրենն այցելեց Հայաստան՝ պահանջելով, որ դադարեցվի այդ հետախույզների գործունեությունը Հայաստանում, հավանաբար, դրանից հետո այցելեց ԱՄՆ-ի հետախուզական գործակալության տնօրենը: Այնպես որ, ես կարծում եմ՝ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենի այցը ևս հետևանք է ստեղծված իրավիճակի, որը, ինչպես ասացի, սկիզբ առավ Վլադիմիր Պուտինի՝ Իրան այցին ընդառաջ։

– Այսինքն՝ չե՞ք կարծում, որ այս այցերը, ինչպես մի շարք վերլուծաբաններ են նշում, պայմանավորված են նրանով, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն իրենց հարաբերություններն են պարզում՝որպես չեզոք գոտի ընտրելով Հայաստանի Հանրապետությունը։

– Նման գործողությունները չեն կատարվում հետախուզական գործակալությունների տնօրենների միջոցով։ Հետախուզության տնօրենն այցելում է որևէ երկիր, համենայնդեպս, ԱՄՆ-ի պրակտիկան այդպես է, եթե այդտեղ գործող հետախուզությանն առնչվող խնդիրներ կան։

Կարծում եմ՝ Ռուսաստանը, որը ցանկանում էր Իրանից ստանալ 300 անօդաչու թռչող սարքեր Ուկրաինայում կիրառելու համար, խնդիր ուներ Իրանին աջակցություն ցուցաբերել և Իրանին է փոխանցել Հայաստանում իր դեմ գործող հետախույզների ցուցակը, իսկ մնացած իրադարձությունները, ինչպես ասացի, պայմանավորված են դրանով։

Հայաստանի հետ կապված՝ ԱՄՆ-ի համար կարևոր հանգամանք էր այստեղ ամերիկյան հետախուզության համար ազատ աշխատելու հնարավորությունը, որը ձեռք է բերվել դեռևս 2000-ական թվականների սկզբին, և այսօր, հավանաբար, Ռուսաստանը, որը Հայաստանը դիտարկում է որպես դաշնակից պետություն, իր անվտանգության օրակարգում ունի ԱՄՆ-ի հետախուզությունը Հայաստանից դուրս բերելու հարցը, ու Իրանի միջոցով այդ հարցը օրակարգ բերվեց։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենի այցին, դա էլ, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ն էլ առաջարկում է Հայաստանին դուրս բերել մեր տարածքից Ռուսաստանի հետախուզությունը, որը գործում է Վրաստանի դեմ։ Եվ, հավանաբար, Նիկոլ Փաշինյանը պետք է ծանր որոշում կայացնի, որ բոլոր գործակալներին Հայաստանից դուրս բերի, որպեսզի բավարարի բոլորի ցանկությունները։

– Կարծում եք՝ կկարողանա՞ բավարարել բոլորի ցանկությունները, թե՞ կըտրի այս երկրներից մեկին։

– Շատ վտանգավոր է մեկի ցանկությունները բավարարել, մյուսինը՝ ոչ։ ԱՄՆ-ն տարիներ շարունակ չեզոքություն էր պահպանում Հայաստանում իշխանությունը ձևավորելու հարցում և որևէ օժանդակություն չէր ցուցաբերում ընդդիմությանը, որպեսզի այստեղ նարնջագույն հեղափոխություն լինի, ինչը պայմանավորված էր նաև նրանով, որ Հայաստանը հարթակ էր Իրանի նկատմամբ հետախուզական գործողություններ իրականացնելու համար։

Եթե ԱՄՆ-ի այդ հնարավորությունները Հայաստանում սահմանափակվեն, բնականաբար, նրանց չեզոքությունն այդ հարցի նկատմամբ կվերանա՝ դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով Ռուսաստանի ու այսօրվա իշխանությունների համար, որովհետև իրականում նրանք երբևէ չեն առնչվել այդպիսի մարտահրավերների։

– Ձեր նշած միջավայրը, որում հայտնվել է Հայաստանը, ի՞նչ հետևանքներ կամ արդյունքներ կարող է ունենալ Հայաստանի համար։

– Հայաստանը պետք է ընտրություն կատարի, թե ո՛ր ճամբարում է ինքը՝ եթե ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ գտնվում է մի ճամբարում, ուրեմն Ռուսաստանի հետախույզները, բնականաբար, պետք է հեռանան Հայաստանից, եթե հակառակը՝ ապա այն բարիդրացիական, չեզոք վերաբերմունքը, որն ունի ԱՄՆ-ն Հայաստանի իշխանությունների նկատմամբ, հավանաբար կարող է փոխվել, ու այստեղ Նիկոլ Փաշինյանը պետք է, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ «եղունգ ունես, գլուխդ քորիր»։

– Պարո՛ն Ղուկասյան, նկատի ունեք, որ եթե ԱՄՆ-ի այդ չեզոքությունը դադարի, Հայաստանում իշխանափոխությո՞ւն կլինի։

– Այո՛, ԱՄՆ-ն կսկսի օժանդակել այն ուժերին, որոնք կարող են Հայաստանում իշխանափոխություն անել ու փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքորոշումը։ Մինչ օրս ԱՄՆ-ն այդպիսի ընդգծված քաղաքականություն չէր վարում ու որևէ կերպ չէր աջակցում իրական ընդդիմությանը։

– Իսկ այսօր դաշտում առկա ընդդիմադիր քաղաքական այդպիսի ուժ կա՞, որին կաջակցի ԱՄՆ-ն։

– Միշտ եղել են մարդիկ, որոնք Հայաստանում պայքարել են կոռուպցիոն ռեժիմի դեմ և հասկացել են, որ Հայաստանը պետք է դուրս գա Ռուսաստանի ազդեցության գոտուց, բայց այդ մարդիկ չեն ունեցել որևէ օժանդակություն ո՛չ Ռուսաստանից, ո՛չ ԱՄՆ-ից։ Հիմա իրավիճակը կփոխվի, ու նոր մարտահրավերներ կլինեն, որոնք այսօրվա իշխող ուժի համար կարող են անակնկալ դառնալ։

– Այսինքն՝ այդ փոփոխությունը, վատ իմաստով, անակնկալ կլինի գործող իշխանությա՞ն, թե՞ նաև պետության համար։

– Ես կարծում եմ, որ մեր պետության ու ժողովրդի համար աշխարհաքաղաքական դիրքորոշման փոփոխությունն այսօր փրկություն է։ Դրանք կարող են իրական ու արդյունավետ այլընտրանք լինել այսօր ՀԱՊԿ-ի հետ, ըստ էության, չգործող, ռազմական պայմանագրերի, որն էապես կփոխի նաև հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի դիրքերը, որոնք այսօր չափազանց թույլ են, և մեր իշխանությունները Ռուսաստանի ճնշմամբ կատարում են Ադրբեջանի ու Թուրքիայի պատվերները։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am