Եթե նախկին իշխանությունների ձեռքերը հասել են անձամբ քաղաքապետին․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ բարձր տրամադրությամբ մասնակցում էր 211 հատ 8,6 մետրանոց ավտոբուսների շահագործման մեկնարկին, որոնք ամբողջությամբ ձեռք են բերվել քաղաքապետարանի բյուջեի միջոցներով՝ ընդգծելով, որ շարունակվելու է տրանսպորտի ռեֆորմը, և արդեն նախապատրաստվում է ավտոբուսների նոր խմբաքանակի գնման մրցութային փաթեթը։

Մի քանի ժամ անց հրապարակվում է ՛՛Հայկական ժամանակ՛՛ օրաթերթի հայտնի հոդվածը, որով, ըստ էության, Հայկ Մարությանն անուղղակիորեն մեղադրվում է նախկին իշխանությունների հետ հնարավոր դավադրության կազմակերպման մեջ։

Հոդվածում տառացիորեն արձանագրվել է, որ Ռոբերտ Քոչարյանի շրջապատի մի քանի մարդիկ Հայկ Մարությանին ուզում են ներքաշել «լուրջ խաղի մեջ» և նրա առաջնորդությամբ ուժեղ հարվածներ հասցնել գործող իշխանությանը:

Առավել ուշագրավ է հոդվածի այն պարբերությունը, որով ընդգծվում է, թե Հայկ Մարությունը մի քանի անգամ ցանկացել է հրաժարական տալ, սակայն Նիկոլ Փաշինյանի հորդորով ամեն անգամ հետ է կանգնել այդ մտքից:

Ասել կուզի, որ Հայկ Մարությանին այդ պաշտոնում մինչև հիմա պահում է Նիկոլ Փաշինյանը, հետևաբար ցանկացած պահի համապատասխան հորդորի դեպքում քաղաքապետը կարող է կորցնել իր աթոռը։

Հայտնի հոդվածի հրապարակից հետո այսօր բռնկվում է ավտոբուսների վարորդների գործադուլը, որով, ըստ էության, փորձ է արվում տապալել ու ստվերել երեկ մեկնարկած տրանսպորտային ռեֆորմը, եթե այն իսկապես ռեֆորմ է և ցույց տալ Հայկ Մարությանի ոչ արդյունավետ աշխատանքը։

Այս պահին դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կլիներ, և արդյո՞ք առաջիկա ժամանակահատվածում տեղի կունենա քաղաքապետի փոփոխություն, թե՞ ոչ, սակայն ակնհայտ է, որ ինչպես գործադիր իշխանության ներսում, այնպես էլ գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կերպ ասած՝ բազմաթիվ համայնքների ղեկավարների ու կառավարության դիրքորոշումներն ու պատկերացումները մի շարք ռազմավարական հարցերի նկատմամբ տարբեր են։

Իսկ դա նշանակում է, որ ցանկացած պահի կարող են բռնկվել ներքին ցնցումներ ու քաղաքական կատակլիզմներ։

Հ․Գ․ Եթե իսկապես նախկին իշխանությունների ձեռքերը հասել են մայրաքաղաքի իշխանությանն ու անձամբ քաղաքապետին, ապա դա հերթական անգամ խոսում է գործող իշխանության անգործության ու թուլության մասին, որ այդ ձեռքերը մինչ օրս կտրվելու փոխարեն շարունակում են երկարել․․․»։