«Դա ծուղակ է Արցախի համար, մենք միշտ ենք ասել, որ պատրաստ ենք բանակցելու, բայց՝ իբրև հավասար կողմ». Մետաքսե Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը 

– Տիկի՛ն Հակոբյան, որպես «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամ, նախ կխնդրեմ մի փոքր ավելի մանրամասն խոսեք ընդհանուր շարժման նպատակների ու նաև հունիսի 6-ին տարածած հայտարարության մասին։

– Բավականին լուրջ գործընթաց էր, որը մենք անցանք մոտ երեք ամսվա ընթացքում, հիմնադիր անդամները մոտ 150-ն են, տեղի ունեցավ ընտրություն, ընտրվեց խորհրդի կազմը, որում նաև ես եմ ներգրավված։ 

«Ճակատը» տարբերվում է նմանատիպ շարժումներից նրանով, որ այստեղ կա հստակ կոնսենսուս, որի շուրջ միավորվել են և՛ հանրային, և՛ քաղաքական տարբեր գործիչներ, հետևաբար ցանկացած կայացրած որոշում հիմնավոր է։ Հայտարարությունը քննարկվել է խորհրդի կազմում, որոշումն ընդունվել է միաձայն։ 

Մինչև «Ճակատի» ձևավորումը մենք ստեղծեցինք ծրագիրը, որի շուրջ պետք է տեղի ունենար համախմբում, այսինքն՝ մենք հստակեցրեցինք բոլոր կարմիր գծերը, ստեղծեցինք տարբեր սցենարներին համապատասխան կոնկրետ ծրագիր, որի արդյունքում էլ կձևավորվի կոնկրետ գործողությունների ճանապարհային քարտեզը։ 

Մեր կարմիր գծերից մեկը Արցախ-Հայաստան ու հակառակ ուղղությամբ անխափան ցամաքային ճանապարհի գոյությունն է, իսկ այդ կարմիր գիծը հատել են Ադրբեջանի իշխանությունները, Հայաստանի իշխանությունները, ու ստացվում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում հատեցին նաև Արցախի իշխանությունները։ 

«Ճակատն» իր որոշումներում անսասան է լինելու․ պետք է պարզաբանում ստանանք նախ նախագահից, թե այն կարմիր գծերը, որոնց մասին ինքը հայտարարում է, իսկապե՞ս կարմիր գծեր են իշխանության համար, թե՞ դրանք ուղղակի ասվում են ասելու համար: Նախագահը խոսում է նաև պայքարի մասին, հասկանանք՝ դրանք լոկ խոսքե՞ր են, թե՞ իրականում տարվող պայքար է, ու եթե այդպես է՝ ապա ինչպե՞ս է հենց ինքը հակասում իր հայտարարություններին։ 

Այսօր տեղի կունենա «Ճակատի» նորընտիր խորհրդի առաջին հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահի հետ, մեզ համար ևս սա անսովոր ձևաչափ է, որովհետև խորհրդի կազմում կա չորս պատգամավոր, ու այսօր այս ձևաչափով ենք հանդիպելու ու հստակեցնելու ենք նախ՝ այդ բոլոր հարցերի պատասխանները, հստակ պատասխաններ պետք է հնչեն նախագահի կողմից։

Խորհրդի կազմում իշխանական պատգամավորներ և՞ս կան։

– Խորհրդում կա չորս քաղաքական ուժ, բացի հասարակական կազմակերպություններից, հանրային դեմքերից, մշակութային գործիչներից։ Այդ քաղաքական ուժերն են «Արդարություն» կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կառույցը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը և «Քաղաքացիական միացյալ դաշինքը», որը խորհրդարանում որպես դաշինք ներկայացնում է «Ազատ հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինքը»: Վերջինս, այո՛, իշխանական թևից է, խորհրդում կա ներկայացուցիչ, բայց պատգամավոր չէ։ Կոնկրետ «Ճակատում» չի դիտարկվում իշխանական կամ ընդդիմադիր թև, բոլորն ունեն մեկ նպատակ, բոլորը հավաքվել են մեկ գաղափարի շուրջ։

– Այսինքն՝ «Ճակատի» հետագա անելիքները կախված են նախագահի այսօրվա պատասխանների՞ց, տիկի՛ն Հակոբյան։

– Այո՛, որովհետև մենք, ինչպես ասացի, ծրագրել ենք մեր գործնական քայլերը, այսինքն՝ դրանք չեն լինելու զուտ հայտարարություններ, կոչեր։ Քանի որ «Ճակատը» ներկայացնում է նաև հանրությանը, հետևաբար հանրությունը պետք է իր իշխանություններին թույլ տա կամ չտա որոշումներ ընդունել ու կատարել դրանք։ Մենք հստակ ասում ենք, որ մեզ համար կարմիր գիծ է այդ ապօրինի ադրբեջանական անցակետից օգտվելը։ 

– «Ճակատի» նպատակը, գոնե այս պահին, իշխանափոխությո՞ւնն է՝ բնականաբար կախված նախագահի պատասխաններից, թե՞ նման խնդիր չեք էլ դրել ձեր առաջ, ուղղակի նպատակ ունեք ազդել կառավարության որոշումների վրա, որոնք, ըստ ձեզ, չեն բխի հանրության ու Արցախի շահերից։

– Այո՛, թույլ չտալ, որ կատարեն քայլեր, որոնք վտանգում են Արցախի առանց այն էլ փխրուն անվտանգությունը ու հակասում են նրա շահերին։ Առաջին քայլից չենք դիտարկում իշխանափոխությունը, նպատակն առաջին հերթին թույլ չտալն է հակառակ գործողություններ կատարելը, մնացածը հետո կորոշվի, միանշանակ, հիմա դա չի դիտարկվում։ 

– ՀՀ արտգործնախարարն օրերս հայտարարեց, որ արցախահայությունն ու նրանց կողմից ընտրված իշխանությունը իրենց չեն լիազորել բանակցել Արցախի ապագայի վերաբերյալ, ու իրենք դա չեն էլ անում։ Ձեր մեկնաբանությունը խնդրեմ Արարատ Միրզոյանի այս մտքի վերաբերյալ։

– Արցախահայությունը երբևէ որևէ անձի կամ քաղաքական ուժի որևէ բան չի լիազորել, կա ՀՀ Գերագույն խորհրդի որոշում, որում հստակ գրված է, որ որևէ քաղաքական ուժ, որևէ իշխանություն չի կարող դիտարկել Արցախն Ադրբեջանի կազմում: Այնտեղ նաև հստակ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը։

Եթե Միրզոյանի տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա կարող եմ ասել, որ արցախահայությունը նրանց չի լիազորել բանակցել Արցախը հանձնելու շուրջ, որով հիմա իրենք զբաղված են, այո՛, մենք դա չենք լիազորել, իսկ ինչո՞ւ եք դա անում։ Լավ կլինի, որ իրենք ուղիղ հայտարարեն, որ չեղարկում են Գերագույն խորհրդի որոշումը՝ տապալելով սահմանադրական կարգը։

– Դուք ասում եք՝ բանակցում են Արցախը հանձնելու շուրջ, բայց ՀՀ իշխանությունը, քաղաքական որոշ ուժեր ասում են, թե իրենք Արցախին բերում են բանակցային սեղանի շուրջ, որ ուղիղ շփվի Ադրբեջանի հետ, ինչը, ըստ իրենց, բնավ չի ենթադրում Արցախի հանձնում Ադրբեջանին, ինչպես դուք եք ասում։

– Դա ընդամենը մանիպուլյացիա է։ Իրենք, ըստ էության, առաջ են բերում հենց Ադրբեջանի թեզը, որ չկա Արցախի Հանրապետություն, այլ կան Արցախի ներկայացուցիչներ, որովհետև երբ այդ մասին են խոսում նաև ՀՀ իշխանությունները, նրանք որևէ անգամ չեն ասել, որ իրենք նկատի ունեն Արցախի իշխանություններին, այլ ոչ թե ներկայացուցիչներին։ Դա ծուղակ է Արցախի համար, մենք միշտ ենք ասել, որ պատրաստ ենք բանակցելու, բայց՝ իբրև հավասար կողմ, իսկ այն, ինչ հիմա առաջարկվում է մեզ, միանշանակ չի բխում Արցախի շահերից։ 

– Տիկի՛ն Հակոբյան, ի վերջո, գոնե ձեր քաղաքական ուժին հաջողվե՞ց պարզել՝ իսկապես ՀՀ իշխանությունները Արցախին վերաբերող ամեն դետալ, որը բանակցվում է, ներկայացնո՞ւմ են Արցախի Հանրապետության իշխանություններին, թե՞ որոշ մասն է ներկայացվում։ Այսինքն՝ կողմերից որի՞ պնդումն է իրականության հետ աղերսվում։

– Կոնկրետ պետնախարարի, արտգործնախարարության ներկայացուցչի ու խորհրդարանի ղեկավարի խոսքով հստակ է, որ իրենք որևէ տեղեկություն չունեն, իրենց հետ որևէ մեկը չի քննարկում ու կարծիք չի հարցնում։ 

Վերջերս Արցախի Հանրապետության նախագահի հետ ունեցած տարբեր հանդիպումներից հետո մարդիկ փաստում են, որ հենց իր խոսքից ակնհայտ է դառնում, որ երբեմն-երբեմն կա երկխոսություն, այսինքն՝ կարող ենք փաստել, որ կա երկու անձի միջև շփում ընդամենը, դա Արայիկ Հարությունյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև եղած շփումն է։ Մեզ՝ որպես քաղաքական ուժի, ոչ ոք չի ներկայացնում, թե ի՛նչ պետք է տեղի ունենա, կամ ի՛նչ է խոսվում, հետևաբար չեմ էլ կարող հստակ ասել՝ արդյոք Արցախի նախագահը տեղեկացվա՞ծ է, թե՞ իրեն որպես ի գիտություն հայտնում են կատարվողի մասին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am