«Մենք միայն ուժի լեզվով կարող ենք խոսել մեր լկտի հարևանների հետ». Արշակ Զաքարյան

«Մենք միայն ուժի լեզվով կարող ենք խոսել մեր լկտի հարևանների հետ». Արշակ Զաքարյան
«Մենք միայն ուժի լեզվով կարող ենք խոսել մեր լկտի հարևանների հետ». Արշակ Զաքարյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է ռեժիսոր Արշակ Զաքարյանը:

-Պարոն Զաքարյան, այս օրերին նախաձեռնությամբ եք հանդես եկել և հանրությանը կոչ եք անում դեկտեմբերի 1-ին անջատել հեռախոսները՝ ընդդեմ Հայաստանի և ԼՂՀ միջև գործող ռոումինգ ծառայության: Ի՞նչ նպատակ է այդ ակցիան հետապնդում:

-Նպատակն է Երևանի և Ստեփանակերտի միջև ռոումինգ ծառայությունը վերացնելը: Չենք ուզում, որ Արցախում ռոումինգ լինի: Բացի այդ, բոլոր օպերատորների ծառայություններից դժգոհ ենք, որոնք մատուցվում են Արցախում, սարսափելի սակագներ են գործում, ավելի թանկ է, քան Հայաստանից Ռուսաստան կամ Վրաստան զանգահարելու դեպքում գործող սակագներն են: Ակնհայտ է, որ այնտեղ բիզնես շահեր են հետապնդում: Արցախցիները շատ են տուժում դրանից, նաև շատ են տուծում զինծառայողների հարազատները: Այդ սակագներն անպայման պետք է վերանայվեն, պետք է իջեցվեն, եթե հնարավոր է, նաև ռոումինգը վերացվի:

-Անդրադառնալով վերջին իրադարձություններին, ինչպե՞ս կբնութագրեք հայկական զինված ուժերի հատուկ գործողությունն Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անկման վայրում: Սա ի՞նչ ապացուցեց:

-Դա ապացուցեց, որ մենք միշտ պետք է ուժի դիրքից խոսենք, հենց սկսում ենք քաղաքակիրթ պահել մեզ, շահագործվում ենք: Երբ որ մենք խոսում ենք ուժի դիրքերից, մեզ լսողները շատ են լինում:

-Շատ են հնչում քննադատություններ, որ Հայաստանի արտաքին դիվանագիտությունը թույլ է, և այդ պատճառով հարցը հերթական անգամ ռազմական ճանապարհով լուծվեց, ի՞նչ կարծիքի եք:

-Ռազմական հարցը պետք է ռազմական ճանապարհով լուծվի: Ես կարծում եմ՝ դա արտգործնախարարության լուծելու հարցը չէր, ես չէի էլ ուզի, որ այդպես լուծվեր: Ես ավելի հպարտ եմ, որ հարցն այսպես լուծվեց: Պատմության ընթացքում ե՞րբ եք տեսել, որ մեկ ուրիշը մեր փոխարեն ինչ-որ հարց լուծի: Արտգործնախարարությունը շատ ավելի այլ հարցեր ունի լուծելու դրսում, այս հարցը պետք է ռազմական ճանապարհով լուծվեր, մեր ռազմական ուղղաթիռն էր խփվել: Այս գործողությամբ հերթական անգամ ցույց տվեցինք, որ ունենք աշխարհի ամենամարտունակ բանակներից մեկը, որը կարող է փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծել: Մենք միշտ եղել ենք և մնում ենք փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծող բանակ և դա ապացուցում ենք ամեն անգամ: Ալիևը կարող է միլիարդների զինտեխնիկա գնել, կարող է ունենալ մեծաթիվ բանակ, բայց միևնույն է խնդիրներ  լուծելիս մենք մեր ամենահասարակ միջոցներով, փոքրաթիվ ջոկատներով կարողանում ենք շատ ավելի մեծ խնդիրներ լուծել, քան աշխարհի շատ թանկանոց բանակներ:

-Այս անգամ էլ, ինչպես նախկինում, միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններն անհասցե էին, Ադրբեջանն իր այդ գործողության համար առանձնապես չքննադատվեց: Ինչո՞վ եք բացատրում դա:

-Սարասափելի թույլ հայտարարություններին էին անում Մինսկի խմբի համանախագահներն ու աչքակապությամբ զբաղվող մյուս կառույցները: Իրենք վախենում էին Ադրբեջանին մեղադրել, այնտեղ նավթի հարց կա, գազի հարց կա, դա հաշվի են առնում: Վախենում էին ասել, որ՝ ամոթ է: Եթե մենք այդպիսի բան անեինք, հաստատ երկկողմանի չէին լինի հայտարարություները, կարող է վերջում երկու կողմերին կոչ անեին խաղաղ մնալ, բայց անպայման կդատապարտեին Հայաստանին: Ասում են՝ դատապարտում ենք նման դեպքերը, ի՞նչ նման դեպքեր, ուղղաթիռ չեն խփել նախկինում, հիմա ադրբեջանցին խփել է: Ասեք, որ դատապարտում եք Ադրբեջանի նման գործողությունը հայկական կողմի նկատմամբ: Դա կհասկանայինք, վերջում էլ եթե հայկական կողմին կոչ անեին զերծ մնալ նույնատիպ պատասխանից, դա ինչ-որ տեղ կհասկանայինք: Ես կուզեմ, որ իրենք միշտ էլ այսպես սխալ պահեն իրենց, որպեսզի մենք կարողանանք մեր հարցերը լուծել, չասեն, թե՝ տեսեք, մենք գնացինեք, ձեր տղաների դիակները բերեցինք, էլ չլինենք-չմանանք, որ դուք խփեք: Հիմա մենք իրավունք ունենք և տանկին խփել, և ուղղաթիռին և ընդհանրապես շարժվող ամեն ինչի՝ սկսած իրենց ոչխարներից, վերջացրած ամեն ինչով: Նրանք մեզ ցավ են պատճառել, այդ ցավը տասնապատիկ պետք է հետ բերվի: Իսկ եթե այդ միջազգային կազմակերպություններն ինչ-որ բան անեին, պետք է նաև պայման դնեին, որ՝ տեսեք, այ հայեր, մենք բերեցինք ձեր օդաչուների դիերը, բայց խնդրում ենք, իրենց ուղղաթիռներին չխփեք: Ոչ, հիմա մենք խփելու ենք, հաստատ խփելու ենք, հավատացեք: Իրենց ուղղաթիռ է, ինքնաթիռ է, թե այլ բան, ընկնելու է ներքև, մի թանկանոց զինտեխնիկա պետք է անպայման տապալվի:

-Ո՞րն է Հայաստանի մեղքը, որ Ադրբեջանը պարբերաբար նման լկտի կեցվածք է ընդունում:

-Հայաստանի մեղքը նրանում է, որ լսում ենք այդ միջազգային կազմակերպությունների հորդորները և մեկին հարյուր չենք պատասխանում թշնամուն: Մենք միայն ուժի լեզվով կարող ենք խոսել մեր այդ լկտի հարևանների հետ: Արդեն քանի հարյուր տարի է, ապացուցվել է, երբ որ մենք սկսում ենք դիվանագիտորեն գործել, պարտություն ենք կրում: Դիվանագիտորեն 1915 թվականին էինք փորձում լուծել հարցերը, ի՞նչ եղավ արդյունքը, կորցրեցինք ամեն ինչ: Հենց 92 թվականից դիվանագիտությունը դրեցինք մի կողմ, գնացինք հերներն անիծեցինք: Այդ ժամանակ բոլոր միջազգային կազմակերպությունները սկսեցին ասել՝ Ադրբեջան, խելոք մնա: Ոչ ոք չէր ասում՝ Հայաստան, խելոք մնա, մենք կոտորում էինք, բայց բոլորն Ադրբեջանին էին ասում: Ուժեղին են միշտ լսում, այդպես էլ լինելու: Մենք ուժով պետք է նման հարցերը լուծենք, դիվանագիտորեն չենք կարողանում: Այսօր աշխարհում դիվանագիտությունը փողից է կախված, իսկ մենք փող չունենք:

-Դիվանագիտական դաշտում Ադրբեջանի արձանագրած հաջողություննե՞րն էլ եք փողի հետ կապում:

-Անպայման, ուրիշ ոչինչով չենք կարող դա բացատրել: Դուք գիտե՞ք, թե ինչ ահռելի գումարներ է Ադրբեջանը ծախսում քարոզչության համար: Որպես օրինակ կարող եմ բերել armenia.az կայքը, այդ միջոցներով կարողանում են հայերի վրա ազդել: Այս օրերին հնչում է հարցը, թե Ադրբեջանը հերքում է հայկական կողմի հատուկ օպերացիան, պարզ է, որ պետք է հերքի: Հայ լրագրողներն էլ այդ մասին հարցեր են տալիս՝ ինչո՞վ կբացատրեք, որ ադրբեջանցիները հերքում են: Պարզ է, որ Ադրբեջանը պետք է հերքի, դա ի՞նչ հարց է, լրագրողն իրավունք չունի նման հարց  տա, եթե դու ուզում ես ադրբեջանական կողմին հավատաս, գնա հավատա: Մեզ համար կարևոր է, որ տղերքի աճյունները բերել ենք, հիմի նրանք կհավատան, թե չէ, ջհանդամը հավատան: Ես հաջորդ շաբաթվա ընթացքում գնալու եմ հատուկ գործողությունն իրականացրած տղաներին տեսակցության, նրանց նվերներ եմ տանելու:

-Եթե գաղտնիք չէ, ի՞նչ նվերներ:

-Ոչ, գաղտնիք չէ, ես իրենց ձնեռային քողարկման համաազգեստ եմ տանելու, որոնցով ձմռանը մեր հետախույզները քողարկվում են: Եթե մինչ այդ ժողովուրդն էլ ինձ ինչ-որ բաներ փոխանցի, կտանեմ նրանց կտամ: Մենք պետք է գնահատենք այն ինչ եղել է:

-Փաստացի այս դեպքը ևս մեկ անգամ փաստեց, որ պատերզմն ավարտված չէ՞, և պետք է զգո՞ն լինել:

-Այդ լարվածությունը միշտ թուլանում է մեր կողմից ուժի կիրառման դեպքում: Օգոստոսին մենք նորից ուժ կիրառեցինք իրենց ստեղծած լարվածության դեմ, և հարաբերական դադար եղավ մինչև այս ուղղաթիռի խոցման դեպքը: Ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմն այս ուղղաթիռին պատահաբար հարվածեց: Ինչքան նայում եմ տեսանյութը, այդ ջահել լակոտը, որ կրակեց, ինքն էլ չէր սպասում, որ կպնելու է: Այնքան անգրագետ են, որ չգիտեն, որ իրենց կրակելուց չէր կախված, այդ զենքն ինքն իրեն գնում ու գտնում է: Ես չեմ տեսնում, որ նպատակ կար կրակելու: Դե որ կրակել էին, ձեռքը կրակն էին ընկել, ստիպված հայտարարություններ արեցին:

-Այսինքն՝ Ադրբեջանը չէ՞ր համարձակվի ուղղաթիռ խփել:

-Չէ, սա ստացվեց ուղղակի: Խփողին երևի մի լավ նախատել են, ասել են՝ այ հայվան, էս ինչ արեցիր, գիտե՞ս հիմա հայերը մեզ ինչ կանեն: Բայց նաև տակից դուրս գալու համար պետք է նրան հերոսացնեն: Բայց այնպես չէ, որ դա պլանավորված էր: Ցավոք սրտի, մեզ համար դա ողբերագական եղավ, բայց ես հավատացած եմ, որ պատասխանն ուժեղ է լինելու: Ոչ թե տասնապատիկ, այլ հարյուրապատիկ ուժեղ է լինելու հայկական բանակի հարվածը: Այնտեղ այնքան տղերք ունենք, որ սպասում են թույլտվություն լինի, որ դրանց խժռեն: Իմ վերջին ֆիլմերից մեկում զինվորը բացատրում է, ասում է՝ այ այստեղով գալիս իջնում են իրենց բոլոր ուղղաթիռներն ու ինքնաթիռները: Պարզ է, որ այդ տեղով իրենք էլ արխային չեն իջնի, որովհետև գիտեն, որ մեր զինվորները հիմա հանգիստ կարող են խփել իրենց ուղղաթիռներին ու  ինքնաթիռներին: Եթե իրենք Ղարաբաղի երկինքը փակ են համարում, նույնն էլ մենք մեր դիտարկման տակ ենք պահում իրենց օդանավակայանը: Մենք  էլ շատ հանգիստ կարող ենք թույլ չտալ, որ իրենց որևէ ինքնաթիռ իջնի: Այնպես որ իրենց բոլոր հայտարարությունները  բոլորը ձև են, դա ուղղակի ստացվեց: Հիմա էլ խայտառակ են եղել, հանցագործ աշխարհում ասում են՝ ատկազով գնաց նստեց: Հիմա ադրբեջանցիները ատկազով ու հերքելով շարունակելու են ապրել:

Լուսանկարում` Արշակ Զաքարյանը (ձախից) Տաուշի դիրքերում: Լուսանկարը` Զաքարյանի ֆեյսբուքյան էջից:

Մարի Ներսեսյան

© Medialab.am