Մարտի 1-ի գործը կազմված է մոտ 800 հատորից և գտնվում է մեկ քննիչի վարույթում․ Աննա Վարդապետյան

Մարտի 1-ի գործը, որը կազմված է մոտ 800 հատորից, այս պահի դրությամբ գտնվում է 1 քննիչի վարույթում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկմանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հարցին:

Տարեկան հաղորդման նախագծի վերջնական տարբերակում չեն ներառվել Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի գործերի վերաբերյալ տվյալներ, քանի որ, ըստ դատախազի, բովանդակային առումով ԱԺ-ին և հասարակությանը դեռ ասելիք չունեն:

«Երկու վարույթներով էլ որոշակի քննչական գործողություններ կատարվում են: Մարտի 1-ի գործը, որը կազմված է մոտ 800 հատորից և այս պահի դրությամբ գտնվում է 1 քննիչի վարույթում, յուրաքանչյուր շաբաթ առնվազն 1 անգամ զեկուցվում է ինձ մոտ, քննարկվում է: Վարույթներով կան ժամկետներ, և ըստ ժամկետների հրատապության այդ դրվագները քննարկվում են»,-ասաց Վարդապետյանը:

Գլխավոր դատախազը նաև գրություն է հասցեագրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ խնդրելով դիտարկել քննչական խումբ ձևավորելու հնարավորությունը, քանի որ այդ ծավալի վարույթը մեկ քննիչի կողմից քննելն անհնար է: Հսկողությունն իրականացվում  Գլխավոր դատախազին առընթեր դատախազների խմբի կողմից:

«Կարծում եմ՝ 2023 թ հաղորդման մեջ մենք 800 հատորի վերաբերյալ ոչ ամբողջությամբ, բայց առանձին դրվագների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրած կլինենք»,-ասաց Վարդապետյանը:

Իսկ ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ին, Գլխավոր դատախազն ասաց, որ այդ վարույթին ուղղակի ֆիզիկապես ինքը չի հասցրել անդրադառնալ, քանի որ դեռ պաշտոնավորում է մոտ 8 ամիս: «Այս երկու գործերից Մարտի 1-ը ամենաառաջնայինն էր ինձ համար՝ հաշվի առնելով ժամկետների առկայությունը: Նոր քրեական դատավարության օրենսգրքով սահմանված են քրեական հետապնդման ժամկետներ: Ուստի դրանով է պայմանավորված առաջնահերթության կարգով հենց Մարտի 1-ի դրվագների ուսումնասիրությունը և պարբերաբար զեկուցումն ու քննարկումները»-ասաց Վարդապետյանը՝ հավելելով, որ Հոկտեմբերի 27-ի գործին կանդրադառնան տարվա երկրորդ կեսին:

Նա վստահեցրեց, որ երկուսի մասով էլ աշխատանքները տարվում են: