Չնայած բազմաթիվ բողոքներին և դժգոհություններին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, այնուամենայնիվ, արժանացավ Վաշինգտոնի Վուդրո Վիլսոն հետազոտական կենտրոնի (think-tank) մրցանակին:
Եթե այս իրադարձությունը հայերիս համար կարելի է գնահատել որպես միջադեպ` ցավալի ու անցանկալի, սակայն այնուամենայնիվ միջադեպ, ապա այն լուրջ հարված է ամերիկյան վերլուծական կենտրոնների վարկին:
Ցանկացած վերլուծական կենտրոնի հիմնական արժանիքը նրա ինքնուրույնությունն է, այսինքն անկախ վերլուծություններ և անաչառ կանխատեսումներ անելու ունակությունը:
Ծախված լինելն ամենավատ բնութագրականն է որևէ վերլուծական կենտրոնի համար: Մրցանակ շնորհելով Դավութօղլուին Վուդրո Վիլսոն կենտրոնն ընդունեց, որ պարզապես աճուրդով վաճառել է մրցանակը, կամ ինչպես իրենք էին փաթեթավորել գեղեցիկ բառերով` ՚մրցանակի հանձնումը մաս է կազմում իրենց դրամահավաքի ջանքերինՙ: (“The Wilson Center said in an e-mailed statement that the award is part of its fund-raising effort.”)
Իհարկե Վուդրո Վիլսոն կենտրոնը իրավականորեն որևէ պարտավորություն չունի Միացյալ Նահանգների 28-րդ նախագահի հայացքներն ու քաղաքական մոտեցումներն արժեվորելու առումով: Այսուհանդերձ, այդ անունը որոշակի բարոյական պատասխանատվություն է դնում կենտրոնի վրա:
Վիլսոնն առաջինն էր պետության ղեկավարներից, ով համաշխարհային մակարդակով բարձրացրեց ժողովուրդների ինքնորոշման հարցը: Ինչպես կարելի մրցանակ տալ մի երկրի արտգործնախարարին, որն արդեն տասնամյակներ արյան մեջ խեղդում է քրդերի ինքնորոշման իրավունքը:
Թուրքիան տրորելով քրդերի ինքնորոշման իրավունքը` ոտնահարում է Վիլսոնի քաղաքական ժառանգությունը: Ցավոք, Վուդրո Վիլսոնի ժառանգության և ամերիկյան արժանապատվության ոտնահարման գործին մասնակից դարձավ նաև Միացյալ Նահանգների արդարամիտ նախագահ Վուդրո Վիլսոնի անունը կրող վերլուծական կենտրոնը:
Նրանք [թուրքերը] ի հայտ բերեցին բանականության կատարյալ բացակայություն և Արևմուտքի լիակատար թյուրըմբռնում: Նրանք երևակայում էին, որ [Փարիզի խաղաղության] վեհաժողովը պատմություն չգիտի և պատրաստ է կուլ տալու [իրենց] հրեշավոր կեղծիքները: ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոն, 26 հունիսի 1919թ., Փարիզ
Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար