Հայաստանին ոչ ոք չի սպասում Մաքսային միությունում. Հայաստանը տնտեսական արժեք չունի

Հայաստանին ոչ ոք չի սպասում Մաքսային միությունում. Հայաստանը տնտեսական արժեք չունի
Հայաստանին ոչ ոք չի սպասում Մաքսային միությունում. Հայաստանը տնտեսական արժեք չունի

Հայաստանին ոչ ոք չի սպասում Մաքսային միությունում, քանի որ Հայաստանը տնտեսական արժեք չունի: Այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հոկտեմբերի 31-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացված բանավեճի ժամանակ:

«Ես համոզված եմ, որ Մաքսային միությունը չի կայանալու»,- ասաց Ասատրյանը: Նա հավելեց, որ ՄՄ-ն չձևավորված, տնտեսական բաղադրություն չունեցող կառույց է, որի անդամ երկրների միջև արտաքին կապերը չեն գերազանցում 10 տոկոսը:
 
Տնտեսագիտության թեկնածու Արտակ Մանուկյանի խոսքով՝ կառավարության անդամների հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը զարգացման ուղենիշ է վերցրել: Սակայն տնտեսական առումով երկիրը ոչինչ չի կարող շահել ՄՄ-ին անդամակցելուց:
 
Բանավեճի մյուս մասնակիցը՝ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, համամիտ չէ: Փոխնախարարն ընդգծեց, որ ՄՄ-ի բոլոր անդամները հավասար հնարավորություններ ունեն:
 
Մինասյանը կարծում է, որ ՄՄ-ին միանալը բխում է Հայաստանի շահերից, քանի որ դա ավելի բարձր մակարդակի ինտեգրում է, քան կլիներ որևէ այլ պայմանագրի շրջանակներում:
 
Նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանից Եվրոպա արտահանման 78 տոկոսն ընդամենը հումք է: Մինչդեռ ԱՊՀ ապրանքաշրջանառության մեծ մասը կազմում են ապրանքներ, որոնք ավելի մեծ արժեք ունեն: «Հիմա մենք ուզում ենք զարգացնել արտահանման այդ մասը, և նաև դրա համար մեր ընտրությունը Մաքսային միությունն է»,- ասաց Կարինե Մինասյանը:
 
Նրա խոսքով՝ գազի, նավթամթերքի, ադամանդի համար սահմանված 30% մաքսատուրքերը կվերանան:
 
Բագրատ Ասատրյանը հակադարձեց, որ Հայաստանից ընդամենը հարյուր կիլոմետր հեռավորությամբ կան գազի հանքեր (Իրան), սակայն Հայաստանը գազի համար վճարում է հնարավոր ամենաբարձր գինը:
 
Ասատրյանը նշեց, որ Հայաստանը Եվրոպայից ստանում էր որոշակի օժանդակություն` տնտեսությունը զարգացնելու համար, լրացուցիչ պայմաններ կային փոքր և միջին բիզնեսի զարգացման համար: Մինչդեռ ՄՄ-ն շատ հեռու է այն արժեքներից, որոնք գոյություն ունեն ԵՄ շրջանակներում, և որոնց Հայաստանը պետք է ձգտեր:
 
«Եվրոպան մեզ երբեք նվերներ չի տալու, բայց տարվել է որոշակի աշխատանք, և արդյունքները վաղ թե ուշ լինելու էին, մենք պետք է այդ ուղին պահեինք»,- ասաց Բագրատ Ասատրյանը:
 
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը համամիտ է, որ Հայաստանը շատ ավելի բան ունի սովորելու Եվրոպայի կառավարման, ինստիտուցիոնալ համակարգից, և միշտ էլ ձգտելու է դրան: Սակայն ՄՄ-ին անդամակցելը չի բացառում Եվրպայի հետ ինտեգրվելուն: Կարինե Մինասյանը նշեց, որ ՀՀ նախագահի, վարչապետի և եվրոպական կողմից հնչող հայտարարությունները վկայում են, որ Հայաստան-Եվրոպա համագործակցությունը շարունակվելու է:

Բանավեճի ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

«Մեդիա կենտրոն»

Ծաղրանկարը` society.lb.ua