ՄԻՊ-ի աջակցությամբ կարճվել է ուսման նպատակով տարկետում ստացած երիտասարդի նկատմամբ հարուցված քրեական գործը

Արտերկրում ուսում ստացող զինապարտի հայրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին որդուն ՀՀ զինված ուժերի պահեստազորում հաշվառելու և նրան ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու հարցերում:

 Զինապարտի հայրը տեղեկացրել է, որ որդին ընդունվել է արտերկրի համալսարաններից մեկը և այդ հիմքով նրան տրվել է տարկետում:

 Քաղաքացու պնդմամբ՝ թեև զորակոչից որդու տարկետման ժամկետը լրացած չի եղել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցում չի ստացել, սակայն զորակոչից որդու խուսափելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացու՝ որդին նոր անձնագիր ստանալու նպատակով վերադարձել է Հայաստան, սակայն հարուցված քրեական գործի պատճառով անձնագիր չի տրամադրվում, և ուսումը շարունակելու նպատակով չի կարողանում վերադառնալ արտերկրից:

 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, բարձրացված հարցի կապակցությամբ գրություն է հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազություն։ Պարզաբանման մեջ Դատախազությունը տեղակացրել է, որ զինապարտի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

 Զինապարտի հայրը լրացուցիչ տեղեկացրել է, որ որդին հաշվառվել է Զինված ուժերի պահեստազորում, ստացել զինվորական գրքույկ և անձնագիր:

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։