Սևանա լճում արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլն իրականացվելու է խիստ վերահսկողությամբ

Սևանա լճում արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլի մեկնարկը տրված է, գործընթացն ուղեկցվում է խիստ վերահսկողությամբ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ որսն իրականացվում է մուտքի և ելքի առանձնացված 19 տեղամասից: Որսը թույլատրվում է իրականացնել Սևանա լճի ափից 500 մետր հեռավորության վրա մանրաձկան որսը բացառելու նպատակով: Սահմանվել է նաև ցանցավանդակի չափը՝ 40 մմ-ից ոչ պակաս: Սա ևս ուղղված է մանրաձկան որսը բացառելուն:

«Ծրագրի 2-րդ փուլում սիգի համար սահմանվել է 250 տոննա չափաքանակ: Առաջին փուլի համեմատ, այս անգամ ընդհանուր կանոնակարգում փոփոխությունն այն է, որ մուտքի և ելքի տեղամասերից բացի սահմանվել են նաև որսի համապատասխան գրաֆիկ՝ նպատակ ունենալով առավել կանոնակարգել որսի գործընթացը»,-ասաց Ոսկեհատ Գրիգորյանը: Ծրագրի գլխավոր նպատակն այն է, որ Սևանա լճում ձկնորսության գործընթացն օրինական դաշտ բերվի:

Ծրագրի առաջին փուլը պիլոտային էր, վերահսկողական գործընթացներ կատարվում էին, սակայն արձանագրվել են մի շարք ապօրինություններ, նույնիսկ եղել են ձկնկիթի վաճառքի դեպքեր: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վարչության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արմեն Արաբյանի խոսքով, ձկան վերարտադրության ժամանակ մի քանի պետական կառույցներ մեկտեղում են իրենց աշխատանքը: «Սևան ազգային պարկ»-ը, Շրջակա միջավայրի նախարարությունը, Ոստիկանությունը, Պետական եկամուտների կոմիտեն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ուշադրության կենտրոնում են պահում գործընթացը: Համատեղ աշխատանքի արդյունքում 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը, առգրավվել է 5 հազար հատ սիգ տեսակի ձուկ, 22 հատ ձկնորսական ցանց, ոստիկանության կողմից կազմվել է 35 արձանագրություն:

«Նախորդ տարվանից մեկ դեպք առանձնացնեմ: Ազգային անվտանգության հետ համատեղ աշխատանքի արդյունքում մեծ քանակությամբ ձուկ առգրավվեց: Սառնարանային տնտեսություններից հանվեց  մոտավոր 129 տոննա ձուկ: Ասեմ, որ ձկները պահեստավորված էին ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սառցարաններում: Չափումները ցույց տվեցին, որ մեկ ձկան քաշը չի գերազանցում 330-350 գրամը»,-ասաց Ամեն Արաբյանը:

Մասնագետները պնդում են, որ վերահսկողական գործառույթներից զատ հասարակության շրջանում պետք է շարունակել և ընդլայնել իրազեկման աշխատանքները, որպեսզի քաղաքացիները իրենք գիտակցեն, թե ապօրինի գործընթացներով որքան վնաս է հասցվում Սևանին: