«Սա ԱԺ թուլության հետևանք է, գործադիրի ղեկավարի ազդեցությունը խորհրդարանի վրա շատ մեծ է»․ Արտակ Քյուրումյանը՝ ՄԻՊ ֆինանսավորումը կրճատելու մասին

Լուսանկարը՝ «Ֆակտոր»

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնում է կառավարության՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարեկան բյուջեն կրճատելու նախաձեռնությանը։

Կառավարությունը համանման այլ նախագծեր էլ է ընդունել նախորդ նիստին, մասնավորապես, խոսքը «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Կրթության մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծերի մասին է։ 

«Այս խնդրի համատեքստում երկու հանգամանք կառանձնացնեմ, առաջինը՝ կապված է ծրագրային բյուջետավորման հետ։ Հայաստանի կառավարությունը անունով ծրագրային բյուջետավորում է ներդրել, բայց, ըստ էության, այն ծրագրային չէ, շարունակում է լինել նույն նախկին բյուջեն, ուղղակի արտաքին տեսքն ու ներկայացման ձևն են փոխել»,- ասում է Արտակ Քյուրումյանը։

Այդ օրենքներում, որոնք փոփոխվել են կառավարության կողմից, մասնագետի խոսքով, կա դրույթ, որ հաջորդ տարվա ֆինանսավորումը նախորդ տարվանից պետք է ավելի լինի։

«Հիմա, եթե դու ծրագրային բյուջե ես կազմում, դա նշանակում է, որ նախարարությունները, գերատեսչությունները պետք է իրենց ծրագրերը ներկայացնեն, և արդեն դրանցից կախված կարող է բյուջեն ավել լինել, կարող է և պակաս լինել։ 

Բայց քանի որ կառավարությունն ըստ էության չի ներդրել այդ ծրագրային բյուջետավորումը, ընդամենը ձևն են փոխել, բյուջեի կազմման, կատարման և հաշվետվությունների ներկայացման ամբողջ ընթացակարգը դեռևս կրում է հին համակարգի բեռը, սա, իհարկե, խնդրահարույց է դառնում։

Եթե ծրագրային բյուջետավորումն աշխատեցնեին, ապա այս փոփոխությունները տեղին են»,- ասում է Քյուրումյանը։

Երկրորդ՝ ըստ մասնագետի, այս իրավիճակն ուղղակի պայմանավորված է Ազգային ժողովի թուլությամբ։ 

«Մեր երկրի ԱԺ-ում ըստ էության բյուջետային քննարկում չի լինում։ Ազգային ժողովը գրեթե 100 տոկոսով ընդունում է այն բյուջեն, որը ներկայացնում է կառավարությունը։ 

Հիմա էլ գիտենք, որ գործադիրի ու գործադիրի ղեկավարի ազդեցությունն ԱԺ-ի վրա շատ մեծ է, մենք բազմաթիվ դեպքեր ենք տեսել, երբ իշխող ուժը գրեթե միաձայն քվեարկել է։ Եթե մենք իմանայինք, որ ԱԺ-ում կլինի բովանդակային քննարկում, և ՄԻՊ-ը, կրթության նախարարը կամ այլ պաշտոնյաներ կգան ու այնտեղ իրենց շահերը կպաշտպանեն, ապա այս հոդվածները, որոնք կառավարությունն առաջարկում է փոխել, իհարկե, պետք էր փոխել»,- հավելում է մասնագետը։

Երրորդ հանգամանքը, Արտակ Քյուրումյանի խոսքով, պլանավորմանն է վերաբերում։

«Օրինակ՝ մեր երկրում կրթությունը միշտ չի ֆինանսավորվում այնքան, ինչքան Ազգային ժողովը հատկացնում է օրենքով։ Միշտ պակաս է ֆինանսավորվում, այսինքն՝ փաստացի ֆինանսավորումը օրենքով չի կատարվում։ 

Այդ հատվածի ֆինանսավորումը կատարվում է փաստացի աշխատանքի հիման վրա։ Այսինքն՝ կարող է ԱԺ-ն ավել հատկացնել, բայց եթե տեղում նախարարություններն ու գերատեսչությունները չեն կատարում, ֆինանսավորումը պակաս է լինում։ 

Երբ Ազգային ժողովը և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունների օրոք դիտարկվում է որպես գործադիրի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները դակող, բոլորի մոտ անհանգստություն կա, որ բովանդակային քննարկում չլինելու դեպքում այդ մարմինների գործունեությունն ու ֆինանսավորումը կտուժեն»,- հավելում է նա։ 

Ըստ Քյուրումյանի՝ օրինակ, վերջին անգամ կրթության փաստացի ֆինանսավորումը մոտ է եղել ԱԺ կողմից նախատեսած հատկացմանը 2008 թվականին և կազմել է հատկացման 99.85 տոկոսը: 

Դրանից հետո փաստացի ֆինանսավորումը հատկացումից զգալիորեն քիչ է եղել: 2019 թ. փաստացի ֆինանսավորումը կազմել է ԱԺ կողմից կատարված հատկացման 91.17 տոկոսը: Սա 2008 թ. հետո երրորդ ամենացածր ցուցանիշն է 2009 թ. 84.73 տոկոսից և 2014 թ. 90.45 տոկոսից հետո:

Նշենք, որ Կառավարությունը նախորդ նիստում ընդունեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Կրթության մասին» և այլ օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծերը, որոնք վերաբերում են ֆինանսավորման սահմանափակմանը։ 

Մասնավորապես, ՄԻՊ մասին օրենսդրական փոփոխություններով կառույցի աշխատակազմի տարեկան բյուջեն կրճատելու հնարավորություն է ստեղծվում։ 

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում նշված է ՝ «Յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով»։

Կառավարության առաջարկած փոփոխությամբ սահմանադրաիրավական այդ երաշխիքը վերացվում է, այս դրույթը հանվում է օրենքից։ Հետևաբար, կառավարությունը կարող է հայեցողաբար որոշել, թե որքան գումար է հատկացնելու ՄԻՊ գրասենյակին։

Կան տեսակետներ, որ այս քայլով փորձ է արվում ճնշում գործադրել ՄԻՊ ինստիտուտի վրա։

«Դա դառնալու է հիանալի գործիք Մարդու իրավունքների պաշտպանին ճնշելու նպատակով։ Վերանալու է գրասենյակի անկախությունը, ինստիտուտը քանդվելու է»,- ասել է ընդդիմադիր պատգամավոր Անի Սամսոնյանը։

Արման Թաթոյանը լրագրողների հետ հանդիպմանը խտրական է որակել կառավարության այս մոտեցումը՝ նշելով, որ այն ուղղված է իր գործունեությունը սահմանափակելուն։ Նա նշել է, որ ավելի վաղ այս նախագծի վերաբերյալ կառավարությանը ներկայացրել էին իրենց սկզբունքային անհամաձայնությունները։ Թաթոյանը հայտարարել է, որ ԱԺ-ի կողմից այս նախագծի ընդունման դեպքում կդիմի Սահմանադրական դատարան։

Նշենք, որ ՄԻՊ-ի տարեկան բյուջեն, Թաթոյանի տեղեկացմամբ, այս տարի կազմել է 532 մլն 480 դրամ է, որից աշխատանքի վարձատրության համար ամբողջ մասը հանած, տարեկան աճը կազմել է 2 մլն 350 հազար դրամ։

Արտակ Քյուրումյանը, անդրադառնալով ՄԻՊ ինստիտուտի վրա հնարավոր ճնշումների մասին հարցին, ասում է. 

«Եթե, օրինակ՝ ՄԻՊ-ը գործունեություն պետք է ծավալի, և այդ գործունեության շրջանակներում պետք է ինչ-որ այցելություններ ունենան քրեակատարողական հիմնարկներ կամ ցույցերի վայրեր, եթե իրենց սարքավորումներ են պետք, որպեսզի նկարահանումներ կատարվեն, և եթե բավարար ֆինանսավորումը թույլ չտա այդ աշխատանքը կատարել, իրենց ստիպի կրճատել այդ այցելությունները, ապա, բնական է, իրենք քիչ ինֆորմացիա կունենան։ Եվ, հետևաբար, ավելի քիչ հարցերի կարող են անդրադառնալ։ Սա ճնշո՞ւմ է, թե՞ ոչ՝ դժվար է ասել»։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am