«Արցախում միշտ էլ գերակշռող են եղել ռուսական կողմնորոշում ունեցողները, բայց այս ակցիան որևէ կապ չունի դրա հետ». Արամ Հարությունյան

«Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում այսօր Ստեփանակերտում անցկացված երթի ժամանակ սովետական դրոշի առկայությունը նախաձեռնել է Արցախում ապրող ռուսական համայնքը»,- «Մեդիալաբին» ասում է Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտի փողոցներում այսօր տոնական երթի ժամանակ բարձրացված սովետական դրոշի ու Z և V տառերով պաստառների առկայությանը:

Ինչ վերաբերում է «Անմահ գունդ» ակցիային, արցախցի պատգամավորն ասում է, որ այն միշտ էլ եղել է, նաև՝ մինչև պատերազմը. «Արցախում այդ ակցիան արվում էր ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի զոհերի, որում մեծ ներդրում ունի ամբողջ հայ ազգը՝ և՛ Արցախից, և՛ Հայաստանից, դա նորություն չէ, ու այդ ակցիան մի քանի տարի է՝ ինչ մայիսի 9-ին իրականացվում է»:

Սոցիալական ցանցերում օգտատերերից ոմանք այս քայլն անընդունելի ու խնդրահարույց են համարել: Արցախի իշխանական պատգամավորը, սակայն, չի շտապում հստակ գնահատական տալ՝ ասելով, որ դա կախված է նրանից, թե ինչ ենթատեքստով է այս քայլն արվել ռուսական համայնքի կողմից, բայց, մեծ հաշվով, Հարությունյանը կարծում է, որ դա արվել է ուղղակի հիշողությունը վառ պահելու համար և ոչ թե այլ նպատակով:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն էլ իր ֆեյսբուքյան հրապարակման մեջ նշել է, որ սա «իմիջային հարված է Արցախին, ու ապագայում Արցախի իշխանությունները պետք է կանխարգելեն նմանատիպ նախաձեռնությունները»:


Արցախի իշխանական պատգամավորն այս հարցում էլ միանշանակ գնահատական հնչեցնելն այնքան էլ ճիշտ չի համարում:

«Եթե սա պետական մակարդակով կազմակերպված միջոցառում չէ, ի՞նչ վնասի մասին է խոսքը: Ժողովրդավար երկիր ենք, ցանկացած մեկը կարող է իր դիրքորոշումն արտահայտել այնպես, ինչպես ուզում է: Նույն հաջողությամբ ռուս-ուկրաինական պատերազմի տարբեր փուլերում Հայաստանում ակցիաներ էին անցկացվում, որի ժամանակ մի խումբն իր աջակցությունն էր հայտնում Ռուսաստանին, մյուսը՝ Ուկրաինային»,- ասում է Արամ Հարությունյանը:

Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավորը չի թաքցնում, որ Արցախում միշտ էլ գերակշիռ է եղել մարդկանց թիվը, որոնք ավելի շատ ռուսական կողմնորոշման կրող են եղել: Նման տրամադրություններ Արցախում այսօր էլ կան, ու դա գաղտնիք չէ, բայց այս ակցիան, ինչպես վստահեցնում է Արամ Հարությունյանը, դրա հետ ընդհանրապես կապ չունի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am