Լայնածավալ ռազմական գործողությունների վտանգ այսօր չեմ տեսնում, բայց տեղային մարտեր՝ բավականին ծանր ու մեծ ուժերի ներգրավմամբ, հնարավոր են. Կարեն Հովհաննիսյան

«Մեդիալաբի հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը «քաղաքական համակարգի պարզեցման» նպատակով իր համակարգման ոլորտում գտնվող նախարարներին ազատել է պաշտոններից ու պատրաստվում է նոր նշանակումներ անել։ Ինչպե՞ս եք գնահատում Վարդանյանի այս մոտեցումը։

– Քանի որ պետնախարարը նոր մարդ է երկրի քաղաքական ու տնտեսական կյանքում, դեռ վաղ է գնահատականներ հնչեցնել, անհրաժեշտ է մի որոշակի ժամանակահատված տեսնել նրա գործողությունները, համբերատար սպասել նոր թիմի ձևավորմանը, ու եթե պարզ դառնան տնտեսության ու առհասարակ քաղաքական իր կազմակերպչական հմտություններն ու ռազմավարությունը, այդ դեպքում կարելի է որոշակի գնահատականներ տալ։ 

Ինչ վերաբերում է «քաղաքական համակարգի պարզեցմանը». Վարդանյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ փակագծերը չի բացել, ու առայժմ պարզ չէ, թե ինչ ասել է «քաղաքական համակարգի պարզեցում»։ Քաղաքական համակարգն Արցախի Հանրապետությունում պարզ է․ իշխանությունները ձևավորվում են համաժողովրդական ընտրությունների միջոցով, օրենսդիր մարմինը ձևավորվում է համաժողովրդական ընտրության միջոցով, դատական համակարգը կատարում է իր գործառույթներն ու անկախ է։ Դրանից պարզ համակարգ ժողովրդավարական աշխարհը դեռ չի գտել, եթե Վարդանյանը նկատի ունի ուղղակիորեն կապը գործադիրի ու հասարակության հետ, այդ դեպքում ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է գործադիրն իր ամեն մի գործողություն դնել հանրաքվեի ու ստանալ դրական կամ բացասական կարծիք, հետո նոր կոռեկցիայի ենթարկել իր աշխատանքը։ Չեմ կարծում, թե դա կլինի պրոֆեսիոնալիզմի դրսևորում, ավելի շատ կլինի՝ հետդարձ դեպի միջնադար։

– Երբ Ռուբեն Վարդանյանը նշանակվեց այսքան լայն լիազորություններով պետնախարար, խոսակցություններ շրջանառվեցին, թե դա իրականում Արցախում սահուն իշխանափոխություն էր։ Հաշվի առնելով նախարարների ազատման որոշումները՝ կարո՞ղ ենք ասել, որ այդ խոսակցությունների մեջ կար ճշմարտություն։

– Հետպատերազմյան ժամանակաշրջանում քաղաքական կյանքն Արցախում տուրբուլենտային վիճակում էր, երկիրը խոր ճգնաժամի մեջ էր գտնվում, պարտության դառնությունը ոչ ոք չէր կարողանում մարսել, և օրհասական էր դարձել իշխանություններին անվստահություն հայտնելու հարցը։ Հիմա այդ ճգնաժամը կարծես թե քչից-շատից հաղթահարված է, ու, ըստ իս, անհրաժեշտ է առկա մարտահրավերներին դիմակայելու համար ձևավորել այնպիսի դաշտ, պետական այնպիսի ինստիտուտներ, որպեսզի կարողանանք դիմակայել այն մարտահրավերներին, որոնք այսօր առկա են Արցախի Հանրապետության ճակատագրի հետ կապված հարցերում։ Գործադիր իշխանության կառավարման օպերատիվությունն ավելի բարձրացնելու նպատակով երևի թե ճիշտ որոշում էր, որպեսզի կարողանան երկրի ներքին ու արտաքին կյանքը բալանսավորված կառավարել։ Կառավարման հին համակարգն իրեն չէր արդարացնում։ 

– Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ Սահմանադրական փոփոխությունների փաթեթը հետ կանչվեց՝ հիմնավորմամբ, որ դրա վերաբերյալ հնչած տարաբնույթ կարծիքները «կարող էին ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ»: Իսկապես սա՞ էր խնդիրը, թե՞ այլ պատճառներ կային այս որոշման համար։

– Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ քաղաքականությունն իր խաղի կանոններն ունի։ Երկրի նախագահը նույնպես քաղաքական մարդ է, իր քաղաքական թիմն ունի ու որպեսզի կարողանար իր դիրքերը պահել, պետք է ենթարկվեր խաղի կանոններին։ Ի սկզբանե ասել էի, որ Սահմանադրական այս փոփոխությունների քննարկումները ոչ մի տեղ չեն տանելու, սա ընդամենը ժամանակ շահելու միջոց էր՝ ուժերի վերադասավորման և հասարակական տրամադրությունների հանդարտեցման նպատակով։ Երկրի գործող իշխանությունները կարողացան խաղալ իրենց պարտիան ու այսօր հաղթողի դերում են, ինչը քաղաքական մյուս ուժերի համար, կարելի է ասել՝ պետք է դաս լինի, որպեսզի կարողանան իրենց հաշվարկներում ու կոմբինացիաներում շատ ավելի համակարգված ու գրագետ խաղ խաղալ։ Իսկ ընդհանուր առմամբ, այո՛, իհարկե, այսօր Արցախի ներքաղաքական կյանքում պետք են համերաշխություն, միասնականություն, որովհետև այս պահին դրանից առավել ոչ մի հնարավորություն չկա, որ կարողանանք այս ծանր վիճակից դուրս գալ։

– Իսկ այդ միասնականությունը հիմա նկատո՞ւմ եք։

– Վերջին մի քանի քայլերի արդյունքում հասկանալի է դառնում, որ իշխանություններն այսօր ամուր են, ու եթե ընդդիմությունը սթափ է գնահատում իրավիճակը, այլ տարբերակ չի մնում, եթե իսկապես մտահոգ են երկրի ճակատագրով, ապա կմիավորվեն, ու կշարժվենք մեկ ուղղությամբ, որպեսզի կարողանանք արդյունք արձանագրել։

– Պարո՛ն Հովհաննիսյան, դատելով ՀԱՊԿ գագաթնաժողովում տեղի ունեցած զարգացումներից, բրյուսելյան հանդիպման չկայանալու՝ ադրբեջանական պատճառաբանությունից, ի՞նչ նոր զարգացումներ եք կանխատեսում։

– Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է իր ստանձնած պայմանավորվածությունների կատարումը, և բնական է, որ ինքն ունի իր քաղաքական նպատակներն ու անում է հնարավորը, որ կարողանա հասնել դրանց։ Պարզ է, որ այս խաղադաշտում Ադրբեջանը մենակ չի խաղում, նրա դեմ խաղում ենք նաև մենք։ Դեռևս Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգը չի հասել իր տրամաբանական ավարտին, և խիստ հարցական է՝ կհասնի՞, թե՞ չէ, ինչի մասին վերջերս հաճախ խոսում է նաև երկրի վարչապետը, որ իրենց որդեգրած օրակարգը վտանգված է։ 

Ինձ համար որևէ անսպասելի բան չկա, որովհետև, կրկնում եմ՝ Ադրբեջանն ունի իր նպատակները, տեսանելի են նաև թյուրքական աշխարհում տեղի ունեցող ակտիվ աշխատանքները, ու այս տարի էր, որ Ղազախստանը, Ղրղզստանը, Ադրբեջանն ու Թուրքիան համաձայնեցրեցին մեկ ընդհանուր դասագրքային քաղաքականությունը՝ աշխարհագրության, պատմության ու ևս մեկ առարկայի վերաբերյալ, որ այդ երկրների բոլոր աշակերտները պետք է սովորեն միևնույն դասագրքով։ 

Սա անուղղակիորեն մեզ հուշում է, որ Ադրբեջանը թյուրքական աշխարհի միավորման գծի մեջ է։ Այս գործընթացների մեջ մենք բավական շատ անելիքներ ունենք, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր երկրների սուվերենությունն ու մեր ժողովուրդների գոյապահպանության հարցը լուծել։

– Արևմտյան հարթակները պահպանո՞ւմ են իրենց կենսունակությունը հակամարտության կարգավորման համատեքստում, թե՞ միայն ռուսական հարթակն է մնացել։

– Ճիշտն ասած, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդգրկված հիմնական խաղացողները կենսունակ են, որովհետև եթե կենսունակ չլինեին, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Երկիր մոլորակի քաղաքական քարտեզում բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել, ու այդ հիմնական խաղացողներն են, որ կարողանում են կառավարել այդ դեպքերը, չեմ կարծում, թե իրենց ուժերից վեր է։ 

Մենք ուղղակի պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի այս մեծ առճակատման մեջ կարողանանք մեր ինքնությունն ու պետականությունը պաշտպանել։ Բացարձակապես չեմ կասկածում, որ և՛ Ռուսաստանը՝ որպես գերտերություն, և՛ Արևմուտքը՝ որպես հզորագույն տնտեսական ու քաղաքական կենտրոն, կարող են ազդել զարգացումների վրա։

– Այսինքն՝ Իլհամ Ալիևի հայտարարությունները, թե իրեն ոչ ոք չի կարող կանգնեցնել, միայն հայտարարություննե՞ր են։

– Ներքին լսարանին են ուղղված, ինչպե՞ս կարող է նման հայտարարություն անել մի պետություն, որի նավթագազային տարանցման ու արդյունահանման տարանցման փաթեթների մեծ մասը գտնվում է այլ երկրների, կարելի է ասել, իշխանությունների հետ կապակցված անձանց ձեռքին։ Վերջիվերջո, ծիծաղելի է նաև համեմատել Ադրբեջանի հնարավորություններն ու Ֆրանսիայի հնարավորությունները։

– Դե, Ադրբեջան ասելով՝ նկատի է առնվում հիմնականում Թուրքիան, որովհետև, ըստ էության, համատեղ են գործում։

– Թուրքիան ևս ունի ինչպես բարեկամներ, այնպես էլ մրցակիցներ տարածաշրջանում, որոնք իրենց խաղն են խաղում։ Մենք ուղղակի Թուրքիան մեզ հետ ենք համեմատում, բայց Թուրքիայից ավելի հզոր պետություններ կան, որոնք, իհարկե, կարող են կանգնեցնել նրանց։ Մեկ անգամ կարծես Էրդողանը համոզվեց դրանում, որ կարող են նաև իրեն գահընկեց անել, բայց, կարծեմ, Ռուսաստանի միջնորդությամբ կարողացավ պահպանել աթոռը։ Փոքր խաղացողները կայսրությունների առճակատման ժամանակ, ինչքան էլ մեծ ամբիցիաներ ունենան, չեն կարող այս փուլում մրցակից հանդիսանալ, քանի դեռ իրենք չեն դարձել կայսրություններ։

– Պարո՛ն Հովհաննիսյան, ՀԱՊԿ-ում լրամշակվող փաստաթղթից, որով պետք է աջակցություն տրամադրվի Հայաստանին, ի՞նչ ակնկալիքներ ունեք։

– Խիստ վերապահումներ ունեմ, թե եղած բացը կլրացնեն, որովհետև քիչ առաջ ասացի, որ Ղազախստանն ու Ղրղզստանը գտնվում են թյուրքական աշխարհի կայացման գործընթացի մեջ, ու մենք տեսանք Բելառուսի ակնհայտ հակահայ արտահայտությունները։ Այս համատեքստում, չեմ կարծում, թե անհրաժեշտ փոփոխությունները կներառվեն այդ փաստաթղթում։ 

– Ռազմական նոր էսկալացիայի հնարավորությունը որքա՞ն եք գնահատում, եթե նկատի ունենանք, որ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարը և՛ Արցախում, և՛ հայ-ադրբեջանական սահմանին։

– Լայնածավալ՝ այնպիսին, ինչպիսին 44-օրյա պատերազմն էր, ռազմական գործողությունների վտանգ այս պահին չեմ տեսնում, բայց տեղային մարտեր՝ բավականին ծանր ու մեծ ուժերի ներգրավմամբ, հնարավոր են։ Թշնամին չի փոխվել, նույնն են մնացել նրա նպատակները, իրենք ունեն իրենց ռազմավարական մեծ նպատակն ու ձգտելու են դա իրականացնել։ Իսկ մեր հաղթանակի միակ գրավականը մեր միասնականության մեջ է լինելու, որքան էլ բարեկամներ ու աջակիցներ ունենանք։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am